Հարցազրույցներ
Նորից պետք է վերադառնա հին տաշտակին՝ թալան վերադարձնելուն, որ մարդիկ ասեն՝ օօօ՜, հեսա վարչապետը հատիկ-հատիկ բերելու է մեզ տա. Շարմազանով
11.12.2024
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը
– Պարո՛ն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ. #հատիկառհատիկ1. Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս իշխանության վեց տարվա աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում։
– Ես չէ, որ պետք է գնահատեմ, գնահատականը պետք է տան համապատասխան կառույցները, այսինքն՝ մասնագիտական, հանրությունը և, բնականաբար, դուք՝ որպես ԶԼՄ ներկայացուցիչներ։ Բացեք կոռուպցիա հետաքննող լրատվամիջոցների կայքէջերը ու տեսեք, թե վեցուկես տարվա մեջ կոռուպցիոն խնդիրների վերաբերյալ ինչքան հրապարակումներ կան։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ խոսում էր խնամի- ծանոթ-բարեկամից, հիմա նույն ընտանիքից մի քանի մարդ պաշտոնյա կա, մեկ անձից առանց մրցույթի գնումները միլիարդների են հասնում, ինչի մասին է խոսքը, այդ հրապարակումները բացեք, նայեք։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի օրենքի հետ, էդ որ ասում է՝ կասեմ, հարյուր փաստի նմա՞ն է ասելու, թե՞ Հրայր Թովմասյանի ճտիկով գրիչի նման։
Երկիրը գտնվում է կոլապսի շեմին, ինքը զբաղված է տեսարաններով, Նիկոլ Փաշինյանի ասածներն ինձ համար գրոշ չարժեն, որովհետև ինքն ինչ ասել է, հակառակն է արել։
Բայց հիմա սա չէ մեր խնդիրը, Հայաստանի թիվ մեկ խնդիրը այսօր անվտանգայինն է։ Թուրք պաշտոնյաները բացեիբաց խոսում են «Զանգեզուրի միջանցքը» գրավելու մասին, թող սրա մասին խոսի։ Նիկոլ Փաշինյանի օրոք պետությունը համարյա զրոյացվել է, ո՞ւր է պետություն այստեղ, շանտաժը դարձել է սրանց համար սովորական բան, ով իրենց պահանջը չի կատարում՝ շանտաժի են ենթարկում, կապ չունի՝ իշխանություն է, թե ընդդիմություն։ Մեկ ամիս առաջ Հովիկ Աղազարյանը ամենաազնիվ ՔՊ-ականն էր, հիմա դարձավ դավաճան։
– Ինչո՞ւ է այս իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական ու անվտանգային տեսանելի խնդիրներ կան, Փաշինյանը որոշել խոսել ապօրինի գույքի բռնագանձման մասին։
– Չեմ կարող ասել, երևի ադեկվատության պակաս է, լուրջ եմ ասում։ Կոռուպցիայի՞ց է խոսում, բա ի՞նչ է այն, երբ գործադիրի ղեկավարը «խնդրում» է դատական իշխանության ղեկավարին հրաժարական տալ, նման բան տեսե՞լ եք, էդ ո՞ր իրավական երկրում է նման բան կատարվում։ Սա է ամենամեծ կոռուպցիան ու խայտառակությունը, դատական իշխանությունն անկախ է, ոչ մեկն իրավունք չունի միջամտել։ Օրենքն ու իրավունքը ի՞նքն է։ Դատական իշխանությունը սարքել է սեփական գույք ու օգտագործում է, հարցազրույցում էլ ասում է՝ այո՛, ես խնդրել էի իրան, այդ մի հարցազրույցում Սահմանադրության 5-6 հոդվածի խախտում է խոստովանել։ Հայաստանում եթե արդարադատություն լիներ, ապա այդ մարդուն հենց այդ հայտարարության համար կդատեին։ Կոռուպցիա՞, իրեն տեսարաններ են պետք, ուրիշ ոչ մի բան։
– Պարո՛ն Շարմազանով, որ ասում եք՝տեսարաններ են, այս պահին ի՞նչ խնդիր է լուծում այդ տեսարաններով։
– Իր իշխանությունն է ուզում ամրապնդել, ուրիշ ոչ մի բան, դիմադրության օջախներն է փորձում լռեցնել։ Պետության անվտանգային խնդիրները թողած՝ գույքից է խոսում: Վեց տարի խոսում եք, հասկացանք, բայց արդյունք չտեսանք, էդ գույք ունեցողների մեծ մասն էլ ձեզ վճարներ տվողներն են, մեծ մասը, ո՞վ է հիմա դրանցից ընդդիմադիր։
Անմեղության կանխավարկած էլ կա, չէ՞, գործադիրի ղեկավարի ի՛նչ գործն է բոլորին միանգամից մեղավոր կարգելը։ Առաջին օրվանից եմ ասել՝ ով օրենք է խախտել, խնդրեմ, թող ապացուցեն, պատժեն, պատժվող տեսա՞նք։ Գլխավոր օրենք խախտողն ինքն է, արդեն ասացի, ԲԴԽ նախագահը հրահանգով հրաժարական է տալիս, սա խայտառակություն է, պետության վերջն է։ Մեր ժամանակ «իրավապաշտպաններ» կային է, որ իրենց պատռում էին, բա հիմա ո՞ւր են, ինչո՞ւ չեն խոսում։
Բայց էլի եմ ասում, սա չէ մեր խնդիրը հիմա, Էրդողանից ու Ալիևից ավելի կոռումպացված չկան, կոռուպցիա չի հանդուրժում, պակա՞ս էր Էրդողանի գիրքը դոշին դրել։ Ինքն ուզում է ցույց տալ, թե անվտանգային խնդիրներ չկան, ինչպես Դիոգենեսն էր իր տակառի մեջ ապրում, նույնն էլ սա. իր տակառն է ստեղծել ու հատիկ առ հատիկ ինչ-որ բաներ է ներկայացնում, ում հետևից որ պետք է գնաս, քո աջ ու ձախ գրպաններում են եղել ընտրությունների ժամանակ, կարո՞ղ է չգիտենք։
Քանի որ իրեն շատ հարցերում քննադատում են, ինքն ուզում է տեսարաններ ցույց տալ։ Իրենցից մեծ թալանչի՞, Արցախում հինգ միլիարդի զենք են թողել Ալիևին, ու հիմա ի՞նքն է արդարությունից խոսում, ի՞նքն է դատավորը։ Յոթ տարի է՝ ինքն է ու ոչ մի խոստում չի կատարել, դրա համար էլ նորից պետք է վերադառնա հին տաշտակին՝ թալան վերադարձնելուն, որ մարդիկ ասեն՝ օօօ՜, հեսա վարչապետը հատիկ-հատիկ բերելու է մեզ տա։ Քաղաքական էժան հնարք է, ու լացելու է, երբ պետությունը անվտանգային մեծ վտանգի առաջ է, իսկ սրանք դրանով չեն զբաղվում։
Հայաստանը հիմա կանգնած է պետականությունը կորցնելու կոնկրետ վտանգի առաջ, ու եթե Սիրիան գրավեցին 11 օրում, ապա ո՞վ է կանգնեցնելու Էրդողանին ու Ալիևին «Զանգեզուրի միջանցքը» վերցնելուն, Նիկո՞լը։ Եթե Նիկոլին թվում է, թե ինքն Էրդողանի հետ շատ մոտ է, ապա թող հիշի, որ հաստատ Գրիգոր Զոհրապից ավելի մոտ չէ Թալեաթին, ինչը չխանգարեց Թալեաթին սպանել Զոհրապին։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am