Հարցազրույցներ
Բլեֆ է և փուչիկ բանակի մարտունակության բարձրացման մասին այս իշխանության ասածը. Տիգրան Աբրահամյան
22.09.2024

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հերթական անգամ հիշեցնում է՝ երկրի պաշտպանունակության և մարտունակության մասին խոսելիս՝ առաջին հերթին պետք է շեշտը դնել երկրի ղեկավարի կողմից դա անելու քաղաքական կամքի, ապա նոր՝ սպառազինությունների գնման վրա։
«Երկրի պաշտպանություն ասվածը մի համակարգ է. նախ պետք է լինի երկիրը պաշտպանելու քաղաքական կամք, ապա սպառազինություն, որը կաշխատի մեր երկրի աշխարհագրության պարագայում, ապա՝ անձնակազմ, փոխարինող անձնակազմ, քաղաքական ճիշտ որոշումների կայացման ունակություն»,- ասաց Աբրահամյանը։
Վերջինս որպես օրինակ՝ մատնանշեց արցախյան 44-օրյա պատերազմում Փաշինյանի իշխանության կրած պարտությունն ու դրա պատճառերը՝ շեշտելով՝ դրանք կապված էին ոչ թե հնդկական հրետանու կամ ֆրանսիական բաստիոնի բացակայության, այլ առաջին հերթին և գլխավորապես՝ քաղաքական որոշումների բացակայության և կառավարման քաոսի հետ։
«44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք, որովհետև չկայի՞ն ֆրանսիական բաստիոններ, թե՞ պարտվեցինք, որովհետև չկային հնդկական հրետանիներ կամ ռադարներ։ Ո՛չ, այդ պատերազմում մենք պարտվել ենք առաջին հերթին քաղաքական որոշումների բացակայության պատճառով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ ՀՀ այս իշխանությունն իր՝ որոշում կայացնելու անընդունակությունը դրել է մի կողմ և ամեն գնով փորձում է պարտությունների պատճառներն այլ տեղերում գտնել՝ որպես մխիթարություն ներկայացնելով զենքի գնումը։
«Հետևապես, ի՞նչ ունենք հիմա՝ այդ իշխանությո՞ւնն է փոխվել, դրա որա՞կն է փոխվել, ներուժն է փոխվել, իհարկե, ոչ, որևէ բան չի փոխվել։ Ուստի, այն, ինչ ներկայացնում են որպես բանակի մարտունակության բարձրացում, դա մեծամասամբ փուչիկ է, բլեֆ։ Առանձին ծրագրերի իրականացումն ամենևին էլ չի խոսում բանակի մարտունակության մասին»,- ասաց Աբրահամյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան
168.am