Հարցազրույցներ
Սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ադրբեջանը խնդիր էր դրել ՀՀ-ի նկատմամբ մարտավարական, ռազմավարական առավելություն և վերահսկողական հնարավորություններ ունենալ, ինչը ստացավ
14.09.2024
Երկու տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող»:
Ինչ վերաբերում է տարածքային կորուստներին, ապա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:
Ասրյանը շարունակել էր, որ` «հակառակորդն ապահովել է 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն Շորժաների ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն»:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ վերջին գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է 50 դիրք:
Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կետում մտել է, 50 հայկական դիրք է զավթել, որոնցից 17-19, ինչքանով տեղյակ եմ՝ 19, հավանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատեն հատվածում, մյուսները՝ Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատվածներում»,- մանրամասնել էր նա՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանն առնվազն 100 կետում ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։
2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրավոր հարցմանն ի պատասխան՝ մասնավորապես, հայտնել էր, որ «2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն իրականացված ագրեսիայի ընթացքում թշնամու կողմից օկուպացվել է 90.93 քկմ տարածք»:
168.am-ն ուսումնասիրել էր 2022-ի սեպտեմբերյան մարտերին նախորդած և հաջորդած իրադարձություններն ու պաշտոնական հայտարարությունները և առանձնացրել այն դրվագները՝ ում և ինչ զանգեր են եղել մարտերի օրերին, և, թե ինչ խնդիր լուծեցին Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով:
Իսկ 168.am-ը ՀՀ տարածքում սեպտեմբերյան մարտական գործողություններից երկու տարի անց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում ևս մեկ անգամ փորձել է գնահատել՝ ինչ մասշտաբի և բնույթի ռազմական գործողության հետ գործ ունեինք, քանի որ կան կարծիքներ, որ դիրքային մարտեր էին, և 200-ից ավելի զոհ չպետք է ունենայինք:
– 2022 թվականի Ադրբեջանի գործողությունները եկան լրացնելու 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի տարբեր ուղղություններով իրականացված ներխուժումները: Եվ հիմնական խնդիրը, որը դրել էր Ադրբեջանն իր առաջ, դա Հայաստանի նկատմամբ մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալն էր, շոշափելի դիրքային և վերահսկողական հնարավորություններ ունենալը, ինչը ստացավ ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ջրային պաշարների հանգույցների նկատմամբ:
Ըստ էության, սա Ադրբեջանի համար նաև հնարավորություն էր հետագայում իր համար՝ ինչպես պաշտպանական խնդիրներ լուծելու, այնպես էլ՝ ռազմական գործողությունների ժամանակ մեկնարկային շատ մեծ առավելություններ ստանալու համար:
Այսօր արդեն վստահ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ հաջողությունը ռազմի դաշտում նաև ազդեցություն ունեցավ հետագայում բանակցային գործընթացում դիրքերն առավել ամրապնդելու և Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու տեսանկյունից:
– Այս դեպքերից անցել է երկու տարի, ի՞նչ հետևություններ են արվել, Դուք հաճախ եք լինում առաջնագծում։ Կամ՝ ի՞նչ պիտի արվի առաջնագծում, ի՞նչ է հուշում այսօրվա անվտանգային իրավիճակը, ամրացված շրջանների մասին իշխանության ներկայացուցիչները շատ են խոսում, ավտոմատացված կառավարման համակարգ չպե՞տք է ունենանք։
– Հայաստանի գործող ռազմաքաղաքական ղեկավարության դեպքում անվտանգության և պաշտպանության հարցում որևէ խորքային կամ արմատական փոփոխություններ հնարավոր չէ՝ քաղաքական կամքը, պոտենցիալը, պատկերացումները և գաղափարական առաջնահերթությունները հաշվի առնելով:
Հայաստանին անվտանգության առումով լրիվ այլ ճարտարապետություն է պետք՝ բոլորովին այլ առաջնահերթություններով: Այն, ինչ այսօր իրականացվում է, միգուցե տեղային առումով դրանք խնդիրը լուծում են, բայց նպատակը ոչ թե պիտի լինի առանձին հատվածներում որևէ փոփոխություն ստանալը, այլ իր ամբողջ համակարգի մեջ լուրջ արդյունքներ ունենալը, ինչն այս պարագայում որևէ կերպ չի ապահովվում: Այն, ինչի մասին շատ հաճախ խոսում են իշխանությունները և փորձում են ներկայացնել՝ որպես առավելագույն, վստահեցնում եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը չգիտի՝ ինչի մասին է խոսում: Կամ՝ առավելագույնը պատկերացնում են իրենց ներկայացրած շինությունները զուտ ֆիզիկական, այլ ոչ թե դրանց նշանակության և տարբեր իրադրություններում դրանք գործածելու և խնդիր լուծելու տեսանկյունից:
– Այս համատեքստում անդրադառնանք հայ զինվորի, սպայի բարոյահոգեբանական պատկերին, 44-օրյա պատերազմից հետո բանակի նկատմամբ հանրության վստահությունը կորել է, և այս վիճակը գնալով խորանում է, բայց վստահ եմ՝ կան լավ սպաներ դեռ զինված ուժերում, որոնք այլ կառավարության դեպքում, թերևս, այլ կերպ էին ծառայելու: Այսինքն, կախված է՝ սպայի առաջ ինչ խնդիր է դրվում:
– Մեր գլխավոր խնդիրն ու անհաջողություններն այն չեն, որ այսօր ծառայություն կրող տարբեր օղակների զինծառայողներ, հրամանատարական կազմն իրենց խնդիրը լուծում կամ չեն լուծում, որովհետև եթե խոսում ենք անվտանգության մասին իր ամբողջության մեջ, ապա դա պետք է պատկերացնել պետության մասշտաբով և բոլոր հնարավոր ուղղություններով, որովհետև ամբողջ համակարգը պետք է առաջին հերթին ծառայեցվի մեր պաշտպանության ապահովմանը: Այն պարագայում, երբ գործող կենտրոնական իշխանությունն անընդհատ հարկի-անհարկի թիրախավորում է զինծառայողին, սպայակազմին, նրա կերպարը, բնականաբար, բարոյահոգեբանական տեսանկյունից չենք կարող ունենալ այնպիսի արդյունք, որ հետագայում մեզ համար դառնա մարտունակություն, պատրաստվածություն և խնդիրների կատարում, որովհետև սպայի դերը հասարակության մեջ առաջին հերթին իջեցվել է պետական առաջին դեմքերի հայտարարություններով, թիրախավորումով, որոնք անհարկի և վտանգավոր խոցելիություն են ապահովել զինծառայողների համար: Այդպիսի բարոյահոգեբանական իրավիճակում մարտական խնդիրների կատարման մասին խոսելը լուրջ չէ:
– Ի՞նչ ռիսկեր է պարունակում ԱԱԾ-ում «Պաշտպան հայրենյացի» ներդրումը, նախագծում նշվում է, որ սահմանազատման գործընթացի արդյունքում ԱԱԾ սահմանապահ ուժերը հավելյալ ուժի կարիք են ունենալու, ուստի ճիշտ է, որ Սահմանապահ զորքերում առնվազն 6 ամիս ծառայած զինծառայողները, որոնք տեղափոխվում են ԶՈՒ, իրենց մոտ դառնան ծրագրի շահառու։
– Քանի որ իշխանության համար առաջնահերթություն է դարձել բանակային կորպուսների կողմից իրականացվող մարտական հերթապահությունը փոխել ԱԱԾ սահմանապահ ուժերի տեղակայման կամ այս դեպքում վերատեղակայման հարցը, ըստ այդմ էլ փորձում են սահմանապահների թիվը մեծացնել, որը, բնականաբար, ՀՀ-ում առկա բարոյահոգեբանական իրավիճակի և այս իշխանության վարած քաղաքականության պարագայում բավականին ծանր գործ է, և հիմա որպես միջոց՝ որոշել են դիտարկել այս ծրագիրը, որ գոնե համալրման հարցերն այս ձևով լուծեն:
– Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարել է, որ մեր անվտանգության երաշխավորը մենք ենք և մենք պիտի լինենք։ Իհարկե, նա, թերևս, նկատի ունի Ալիևի հետ երկկողմ հարցեր լուծելը, այլապես պատերազմից հետո բանակի ուժերը կվերականգներ, բանակին այլ խնդիրներ կառաջադրվեին, այլ քաղաքականություն կլիներ: Ի վերջո, մեկ այլ առիթով հենց ինքն է ասել, որ բանակին չպետք է դիտարկել անվտանգության ապահովման և երաշխավորման առաջնային գործոն: Մյուս կողմից՝ այդ հայտարարությունն արտաքին քաղաքականության ձախողման մասին է հուշում:
– Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ Հայաստանն իր առջև եղած բոլոր սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում մնա մենակ: Եվ այն, որ ՀՀ իշխանության ղեկավարը հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, դա ոչ թե խոսում է այն մասին, որ Հայաստանը հասել է մի կետի, որ կարող է առանց դաշնակիցների և բարեկամների ապահովել իր անվտանգությունը, այլ, որ ՀՀ իշխանությունը երկիրը դրել է մի իրավիճակում, որի պարագայում Հայաստանն ունի ինքնամեկուսացվածի կարգավիճակ: Մեզ կամ դիտարկում են այլոց դեմ կիրառվելու գործիք, կամ ՝ սուբյեկտայնությունը կորցրած երկիր, որի հետ ինչպես ասես կարելի է վարվել:
– Եվ վերջում, ի՞նչ զարգացումներ սպասել Ադրբեջանից և Թուրքիայից ՀՀ սահմաններին էսկալացիոն իրավիճակ ստեղծելու առումով՝ խաղաղության պայմանագրի, ՀՀ զինված ուժերին առաջադրվող պահանջների համատեքստում, որ Հայաստանի բանակի զինվելը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն զինվում է, զորավարժություններ է անում տարբեր երկրների հետ, Թուրքիայի հետ համատեղ, նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորավարժությունների քանակն ավելացնելու մասին օրերս պաշտպանության նախարարների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել:
– Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ՀՀ-ին առնչվող կամ Հայաստանից կախված բոլոր հարցերում ստանալ առավելագույն զիջումներ՝ և՛ ազդեցության, և՛ տարածքային, և՛ այնպիսի մոտեցումների, որոնք տասնամյակներ իրենց արտացոլումն են ունենալու ՀՀ կենսունակության և անվտանգության վրա: Իհարկե, բոլոր այն փուլերում, եթե տեսնեն, որ ժամանակային կամ մեկ այլ առումով դա իրենց չի բավարարում, չի բացառվում՝ արդեն գնան մարտական գործողությունների, ինչպես դրանք եղել են տարբեր փուլերում՝ 2021, 2022, 2023 թվականներին, ինչո՞ւ չէ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում: Թե այդ էսկալացիան ինչ մասշտաբներ կընդգրկի, ինչքան կտևի, և ինչ հետևանքներ կունենա, դա կախված է տարբեր իրողություններից, շատ բան կախված է քաղաքական և դիվանագիտական գործընթացներից և հիմնական դերակատարների առումով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակից:
Մարիամ Պետրոսյան
168.am