Հարցազրույցներ
Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը նրա անունից որոշումներ կայացնելու իրավունք չունեն․ Արմեն Աշոտյան
07.09.2024
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
1․ Ի՞նչ եք կարծում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին զարգացումների մասին։
Արմեն Աշոտյան – Ակնհայտ է, որ այդ հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի, թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում։ Իշխող ռեժիմը փորձեց «դիվանագիտական հաղթանակ» ներկայացնել սեփական նախաձեռնությամբ և Ադրբեջանի համաձայնությամբ այդ խնդրի դուրս մնալը հայ-ադրբեջանական «խաղաղության» փաստաթղթից, և նման պահվածքը սեփական ժողովրդին հիմարացնելու հերթական փորձն է։ Հիշեցնում եմ, Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, ոչ թե դուրս է մնացել օրակարգից, ոչ թե մոռացվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության» պայմանագրում։ Եվ այս փուչիկը շատ արագ պայթեց նախ՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումների մասին նոր տեղեկատվության, իսկ հետո՝ Նիկոլի հրապարակային առաջարկից բոլոր դժվար և չհամաձայնեցված հարցերը հայ-ադրբեջանական թղթի կտորից հանելու մասին։
Հիշեցնեմ նաև, որ նման քարոզչական փոշի նիկոլական թիմը փչում էր մեր աչքին Իրանով ամիսներ առաջ բացված ճանապարհի առիթով՝ Ադրբեջանից Նախիջևան։ Ինչ վերաբերում է Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը։
2․ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ինչպիսի՞ նոր զարգացումներ և փաստաթղթեր եք կանխատեսում, որոնց մասին խոսում է իշխանությունը։
Արմեն Աշոտյան –Նորից նշեմ, որ այսօրվա Հայաստանը շատ և ավելի հեռու է Եվրոպական ստանդարտներից (նույն կոպենհագենյան), քան 2018-ի սկզբին Սերժ Սարգսյանի օրոք։ Եվրոպական մայրաքաղաքներում լավ գիտեն, որ մեր միջև գործող CEPA-ն (նորից՝ Սերժ Սարգսյանի թողած), կյանքի չի կոչվում, դրանով նախատեսված բարեփոխումների մեծ մասը կամ չի իրականացվում կամ մնում է թղթի վրա։ Այս ձախողման հիմնական պատճառը Փաշինյանի իշխանության մասնագիտական, վարչարարական, ինտելեկտուալ սնանկությունն է, և սա նույնպես քաջ հայտնի է Բրյուսելում, ով ելնելով քաղաքական կոնյուկտուրայից, լռում է նաև այդ մասին, ինչպես հայտնի ժողովրդավարական հետընթացի, ավտորիտարացման, քաղաքական բանտարկյալների և այլնի մասին։ Վիզաների ազատականացման երկխոսությունը գուցե և մեկնարկի, սակայն կրկին կանխատեսեմ, որ Նիկոլի կառավարությունը ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները։ Ուստի այս հարցը ևս կարող ենք «գրել սառույցին»։ Իմ տեղեկություններով այժմ ԵՄ -ի հետ բանակցվում է ընդամենը մի աշխատանքային փաստաթուղթ, որը կոչվում է «Գործընկերության գերակայություններ» (Partnership priorities) և ոչ թե որևէ նոր բովանդակություն կամ գաղափար է պարունակում, այլ ընդամենը CEPA-ից բխող ուղղություններով եռամյա (որպես կանոն) առաջնահերթություններ է ուղենշում։ Ի դեպ, այդ սոսկ աշխատանքային թուղթն էլ է ձգձգվում Փաշինյանական կառավարության ապիկարության պատճառով։ Երևի հենց այս տեխնիկական փաստաթուղթն է Նիկոլը փորձելու ծախել ժողովրդի վրա որպես «խաղաղություն»։
3․ Ծանոթացա Արցախի Անկախության օրվա առիթով Ձեր տպագիր ելույթին, որը գուցե դառն էր, բայց, իմ կարծիքով ազնիվ։ Իսկ ի՞նչ ավելի կոնկրետ առաջարկներ կարող եք անել Արցախի բարոյահոգեբանական հայաթափումը կանխելու համար։
Արմեն Աշոտյան – Շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը։ Ցավոք, հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, այս կամ այն առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու այս իրականում համակարգային և խորը խնդիրը։ Նախկինում բարձրաձայնված իմ առաջարկություններից կարող եմ կրկին բարձրաձայնել Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս սրբադասելու Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին (Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով)։ Կարծում եմ նաև, որ դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։
4․ Ալիևը շարունակ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն ասաց, որ կհամաձայնի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
Արմեն Աշոտյան – Ալիևի ցանկությունը բացատրելի է․ Արցախը օկուպացնելուց և հայաթափելուց հետո նա ցանկանում է վերացնել նաև Արցախի հարցով զբաղվող մանդատ ունեցող միակ միջազգայնորեն ճանաչված կառույցը։ Ի հակասում սեփական ամպագոռգոռ հայտարարությունների, նա լավ գիտակցում է, որ Արցախի խնդիրը փակված չէ, և ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունը դրա միջազգային արձանագրումն է։ Նիկոլի մանր առևտրային շուստրիությունը նույնպես ընթեռնելի է։ Արցախը Ալիևին դե ֆակտո հանձնելուց հետո, նա ամբողջությամբ պատրաստ է օգնել նրան ջնջելու Արցախի հարցը միջազգային օրակարգից, սակայն փորձում է առուծախ անել «утром-деньги, днем-стулья» սկզբունքով։ Որքան էլ տեսանելի է «Արցախը՝ Հայաստանի դիմաց» նրա որդեգրած քաղաքականության ողջ կործանարար և ավերիչ բնույթը, Նիկոլը համառորեն պատրաստ է էլ ավելի խորը փոսի մեջ գցել Հայաստանը և ողջ հայությանը։ Իրականում չի կարելի թույլ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ ՄԽ-ն թեկուզ սառեցված և ինակտիվ վիճակում, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է։ Որքան էլ համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) այս պահին, մեղմ ասած, հաշտ չեն, պարզ է, որ մի օր վերսկսելու են թե՛ շփումները, թե՛ միջազգային գերակա ուղղություններով համատեղ աշխատանքը։ Պատահական չէ, որ անկախ ուկրաինական պատերազմից, ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը, ոչ Փարիզը այս պահին հանդես չեն եկել ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ։ Եվ վերջում մեկ այլ շատ կարևոր հանգամանքի մասին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն մտնում ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատի մեջ։ Այդ մանդատը հաստատվել է 1994 թ․ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում և վերաբերելի է բացառապես Արցախի հարցին։ Նիկոլը չունի ոչ մի իրավունք համաձայնելու ՄԽ-ի լուծարմանը և շաղկապելու «խաղաղության» պայմանագրի հետ։ Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը նրա անունից որոշումներ կայացնելու իրավունք չունեն։
5․ Պարոն Աշոտյան մի անձնական հարց տամ, եթե դեմ չեք։ Ո՞նց եք անցկացրել ամառային ամիսները բանտախցում։ Ինչո՞վ եք զբաղվել։
Արմեն Աշոտյան – Ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած մյուս 12 ամիսները «Նուբարաշեն» ՔՀԿ-ում։ Տարվա եղանակները այստեղ ինձ համար կիրառելի չեն, բերդում շուրջտարի միևնույն եղանակն է՝ մշտական պայքարի եղանակ է․ գոյության պայքարի, ազատության համար պայքարի, մեղքերի դեմ պայքարի, առողջությունը պահպանելու պայքարի, տարաբնույթ միջատների դեմ պայքարի, ծուլության ու հուսահատության դեմ պայքարի, ազգուրացների դեմ պայքարի․․․ Ասում են, որ կյանքը պայքար է։ Եթե այդպես է, ապա ազատազրկումը այդ պայքարի դեմ առ դեմն է, մենամարտը։ Եվ ինչպես սովորական կյանքում, այնպես էլ այստեղ․ եթե հաղթես ինքդ քեզ, մնացած ամեն ինչը հաղթահարելի է։ Ամառային ընթերցանությունից կարող եմ խորհուրդ տալ Նիկոլայ Սերբացու «Պատերազմը և Աստվածաշունչը» , Նասիմ Թալեբի «Шкура на кону», Դեն Գոնսի «Պլանտագենետները» գրքերը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ 06.09.2024
aravot.am