Հարցազրույցներ

«Սադրանքը հուշում է, որ կուլիսների հետեւում որոշակի բանակցություն է գնում, եւ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին զգուշացումներ է ուղարկում»․ Տիգրան Աբրահամյան

20.08.2024

 «Առավոտի» հարցերին պատասխանել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ -Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին դարձյալ սադրանքի է դիմում եւ ապատեղեկատվություն տարածում։ Թշնամին պատրաստվում է նոր հարձակմա՞ն դիմել, ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։

-Այս պահին շատ դժվար է ասել, թե ինչ կա ադրբեջանցիների գլխում, բայց եղած տեղեկատվությունը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ սրանք ավելի շատ ադրբեջանական տակտիկական իրավիճակը Հայաստանի իշխանությանը հիշեցնելուն ուղղված գործողություններ են։ Նկատի ունեմ այն, որ Ադրբեջանի իշխանությունները որպես կանոն Հայաստանի իշխանություններին սթափություն հաղորդելու համար որոշակի պարբերականությամբ առաջնագծի ինչ-որ ուղղություններով սադրանք են հրահրում։ Բայց այստեղ, կարծում եմ, խնդիրն ավելի խորքային է։ Սա ավելի շատ հուշում է, որ կուլիսների հետեւում որոշակի բանակցություն այնուամենայնիվ գնում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգը ներառող, եւ միգուցե Ադրբեջանն առաջնագծում որոշակի ակտիվություն դրսեւորելով՝ Հայաստանի իշխանություններին զգուշացումներ է ուղարկում։

– Հայաստանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկով։ Այս օրերին ՀՀ ՊՆ-ն դարձյալ հիշեցնում է, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր ներդնել այդ մեխանիզմները։ Ի՞նչ ակնկալիք ունեն իշխանությունները՝ Բաքվին նման առաջարկ անելով, ի՞նչ կարող է փոխել դա։

-Հետաքննության մեխանիզմի ներդրման հայտարարությունները շատ են նմանվում ժամանակին հնչող «խաղաղության դարաշրջան», «խաղաղության խաչմերուկ» առաջին հայացքից գեղեցիկ թվացող ձեւակերպումներին։ Իրականում դրա տակ որեւէ բան գոյություն չունի, եւ նույնիսկ դա քննարկելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ Ադրբեջանի մոտեցումներն այս հարցի հետ կապված հայտնի են վաղուց։ Եվ այդ հայտարարություններն անընդհատ կրկնելուց Հայաստանի իշխանությունը որեւէ բան չի շահելու, առավել եւս, որ այսօր ապացուցելու կարիք չկա, թե այս կոնֆլիկտում ով է ապակառուցողական կողմը։ Ադրբեջանը տարբեր փուլերում իր դրսեւորած վարքով, ագրեսիայով, սադրանքներով, մասշտաբային գործողություններով արդեն իսկ հստակ է դարձրել, որ ինքն այս գործընթացի ագրեսորն է։ Եվ դա չի էլ թաքցնում։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ եւս մեկ անգամ ցույց տալու Հայաստանի կառուցողական լինելը, զրոյական արժեք ունեն։ -Ալիեւը պարբերաբար նոր պահանջներ է առաջ քաշում, ի՞նչ են ցույց տալիս զարգացումները, «խաղաղության համաձայնագիր», ինչի մասին իշխանությունները շատ են խոսում, չի՞ ստորագրվի։ -Բաքվին հաջողվել է 2018 թվականից հետո, իսկ ավելի առարկայական, 2020 թվականից հետո իր տարբեր նախաձեռնությունները կյանքի կոչել՝ որը Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների միջոցով, որը ագրեսիայի միջոցով։ Այնպես որ, Ադրբեջանն իր խաղը խաղում է, Հայաստանի իշխանություններն այդ խաղի մեջ ամբողջությամբ տեղավորվում են։ Այս ամենից շահում է Ադրբեջանի իշխանությունը, իսկ Հայաստանը շարունակ կորցնում է։ Եվ այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է ստանում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի իշխանության մտածմունքը բացառապես իրենց իշխանության պահպանության տրամաբանության ներքո է։ Եվ տրամաբանությունը միայն այստեղ պետք է փնտրել։ Հայաստանի այս իշխանությունների կողմից օրակարգում դրված առանցքային դրույթների պարագայում խաղաղության հարցում որեւէ արդյունքի հնարավոր չէ հասնել։ Այսինքն՝ մեր խնդիրն այստեղ ոչ թե ամեն գնով փաստաթուղթ ունենալն է, այլ ունենալ իրավիճակ, որի պայմաններում այդ խաղաղությունն ապահովված կլինի։ Հիմա երկրի ներսում գործող կառավարիչներն այդ իրավիճակը չեն ապահովում, բանակցային գործընթացի օրակարգը որեւէ ձեւով խաղաղության չի տանում, տանում է միակողմանի զիջումների, եւ մշտական զիջող կողմը Հայաստանն է։ Մյուս կողմից էլ, եթե ինչ-որ փուլում մի փաստաթուղթ լինի էլ, ապա այսօրվա գործընթացները ցույց են տալիս, որ որեւէ լուրջ բան չի արտացոլվելու այդ փաստաթղթում, հիմնական կնճռոտ հարցերը մնալու են օդում կախված։ Եվ այդ պայմաններում որեւէ ձեւով չենք կարող խաղաղություն ակնկալել։    

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

aravot.am



 

← Վերադառնալ ցուցակին