Հարցազրույցներ
ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանը որոշակի քարոզչական վնասներ հասցնում է ՀՀ-ին, բայց դա իր վրայից չի մաքրում Իրանի համար սպառնալիք հարուցող խնդիրները
17.08.2024
Մի կողմից՝ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ, այսպես ասած, խաղաղության պայմանագրից փոխադարձ համաձայնությամբ հանվել է ապաշրջափակման մասին կետը, ինչը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մյուս կողմից՝ ադրբեջանական քարոզչական կայքերը, Ադրբեջանի նախկին պաշտոնյաները պնդում են՝ «Զանգեզուրի միջանցքը» բանակցային սխեմայի առանցքային կետերից է:
Այսինքն, ոչ մի հետնահանջ չի կարող լինել այս հարցում, և Հայաստանն իզուր է դիվանագիտական հաղթանակ տոնում, երբ Ադրբեջանի առաջին դեմքերից պաշտոնապես ոչինչ չի հնչել «տակտիկական նահանջի մասին»:
168.am-ն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ սա ի՞նչ է հուշում, ի՞նչ խաղ է խաղում Ալիևը։
– Երբ ադրբեջանական կողմից հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրից կամ բանակցություններից այդ կետը դուրս է եկել, միաժամանակ նշեցին, որ դա առանձին բանակցությունների առարկա է լինելու: Սա նշանակում է՝ թեման ոչ թե երկկողմ օրակարգից է դուրս եկել, այլ ընդամենը խաղաղության պայմանագրից:
Ընդ որում, այստեղ պետք է նշեմ, որ շատ տարօրինակ է՝ խաղաղության պայմանագիրը, որն ի սկզբանե պարունակում էր երկկողմ օրակարգի բոլոր կնճռոտ հարցերը, մեկը մյուսի հետևից այդ դրույթները դուրս են գալիս, ինչով խաղաղության փաստաթուղթը, ըստ էության, վերածվում է ձևական պայմանագրի, որն իր մեջ որևէ լուծում կամ հանգուցալուծում հայ-ադրբեջանական երկկողմ օրակարգում չի ենթադրում:
– Ադրբեջանը վերջին օրերին տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, որով փորձում է Իրանի ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա, թե ԱՄՆ ռազմական բեռ և անձնակազմ է օգոստոսի սկզբին Հայաստան հասել, ընդ որում, ԱՄՆ դեսպանատան արձագանքը նրանց չի բավարարել, և նրանք պարզաբանում են պահանջում Հայաստանից: Սրանով Ադրբեջանը փորձում է իր վրայից իրանական ուշադրությունը շեղե՞լ՝ իր տարածքում իսրայելական ռազմական օբյեկտներ լինել-չլինելու թեմայի հետ կապված, թե՞ հետագա սադրանքի հիմքեր է ստեղծում։
– Ադրբեջանի ուշադրությունը և կենտրոնացումը Հայաստանի վրա սկսվեց այն բանից հետո, երբ միջազգային մամուլից, իրանական շրջանակներից տեղեկություններ շրջանառվեցին Ադրբեջանում իսրայելական ռազմական օբյեկտների գոյության և նրանց ակտիվության մասին, հատկապես՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:
Այն, որ Արցախի օկուպացված հարավային հատվածներում Իսրայելը ռազմական ներկայություն է ապահովել, նվազագույնը՝ հետախուզական տարբեր հանգույցների միջոցով, դա կարծես թե վաղուց քննարկման առարկա էր: Իսկ վերջին տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ադրբեջանը փորձում է իր վրայից շեղել հիմնական միջազգային և Իրանի կենտրոնացումը և փորձում է այն շրջել Հայաստանի ուղղությամբ: ՀՀ պատկան մարմինների և իշխանությունների անհրաժեշտ արձագանքի բացակայության պայմաններում, իհարկե, Ադրբեջանը որոշակի քարոզչական վնասներ հասցնում է ՀՀ-ին, սակայն դա իր վրայից չի մաքրում հիմնական խնդիրները և սպառնալիքները, որոնք Իրանի համար հարուցում են:
– Ի դեպ, տարածաշրջանի այսօրվա անվտանգային մարտահրավերների և Իրան-Իսրայել հակամարտության, ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի կողմից էսկալացիայի գնալը, գերտերությունները սա թույլ կտա՞ն, թե՞ Ադրբեջանը կօգտվի նրանց «գլուխն» այլ պատերազմներով խառը լինելու հանգամանքից։
– Ստեղծված իրավիճակի գլխավոր խնդիրն այն է, որ իրադրությունը բավականին անկանխատեսելի է: Որևէ մեկը չի կարող ասել, թե դա մասշտաբային առումով որտեղ կկանգնի, կամ ինչ ծավալի կհասնի: Ըստ այդմ՝ շատ դժվար է գնահատել դրա հնարավոր ազդեցությունը ՀՀ անվտանգային միջավայրի վրա: Այնուամենայնիվ, եթե դա ուղիղ ազդեցություն չունենա, անուղղակի վատ ազդեցություն ՀՀ-ի վրա ունենալու է, հատկապես այն համատեքստում, որ հայաստանյան կառավարիչները որևէ լուրջ քայլ այս ընթացքում չեն ձեռնարկել ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ:
– Դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, թե ուկրաինական պատերազմի ցանկացած ելք ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի և ՀՀ-ի վրա, ի՞նչ սցենարներ պիտի հաշվի առնի Հայաստանը։
– Եվրասիական տարածքում ցանկացած կոնֆլիկտ, կրկնում եմ, վատ ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ կտրվածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը որպես պետություն՝ ինքը որևէ ձևով պատրաստ չէ տարբեր իրադրային փոփոխությունների՝ դա կլինի անվտանգային, թե տնտեսական, և թե մեկ այլ ուղղությամբ: Առհասարակ, ՀՀ օրվա արտաքին քաղաքականությունը չափազանց անկանխատեսելի է և ՀՀ ոչ ընկալելի լինելու պարագայում, բնականաբար, բոլոր իրադարձությունները վատ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:
– Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ Զինված ուժերում տարածաշրջանում առկա բարդ իրավիճակի լրջությունը զգո՞ւմ են, բանակն ինչ-որ չափով պատրաստո՞ւմ են տարաբնույթ սցենարների:
– ԶՈւ հնարավոր պատրաստության վերաբերյալ պետք է նկատել, որ ՀՀ ընդհանուր կառավարման համակարգի գլխին կանգնած անձինք, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց վերաբերմունքն արտաքին քաղաքական միջավայրին և մեր անվտանգության խնդիրներին, ըստ էության, այս տարիներին ցույց են տվել իրենց անլրջությունը, իրավիճակին ոչ համարժեք գործելը և իրադրությանը ժամանակին չարձագանքելը: Չեմ ուզում առավել մանրամասն վերլուծել այն հնարավոր խոցելի խնդիրների մասին, որ այսօր էլ առկա են մեր անվտանգային միջավայրում: Այնուամենայնիվ, օրվա ռազմաքաղաքական իշխանությունը կամ վերնախավը որևէ լուրջ դիմադրողականություն կամ կենսունակություն ապահովելու հնարավորություն կամ կամք չունի:
Մարիամ Պետրոսյան
168.am