Հարցազրույցներ
ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՍ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ
01.08.2024
Hraparak.am-ը փաստաբանի միջոցով հարցեր է ուղարկել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով արդեն մեկ տարի` առանց դատավճռի, գտնվում է նախնական կալանքի տակ: Օրերս նա մեզ է փոխանցել մեր հարցերի պատասխանները: Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև․
-Ի՞նչ հնարավորություն եք տեսնում Հայաստանի դիվանագիտության համար, եթե երկրում իշխանափոխություն տեղի ունենա։ Հայաաստանը ինչպե՞ս պիտի դիրքավորվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, երբ արդեն իսկ կռիվն իր տուն է բերել։
-Այս հարցում ձևակերպում կա՝ իշխանափոխություն, որից եւ պետք է սկսել բուն հարցադրման շուրջ զրույցը։Առաջինը՝ ո՞վ է գալու իշխանության, եւ երկրորդը՝ ե՞րբ է լինելու իշխանափոխությունը: Այս երկու հանգամանքներից է կախված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ճանապարհային քարտեզը։Մեզ բաժին հասած ծանր զարգացումներով ապացուցվել է, որ Փաշինյանի իշխանության շարունակումը հետևողականորեն նոր կորուստների է հանգեցնում։Ուստի , Հայաստանի դիվանագիտության հնարավորությունները կախված են «ե՞րբ» հարցից։
Ինչ վերաբերում է «ո՞վ» հարցին, ապա Փաշինյանին տեսականորեն կարող են փոխարինել պայմանական երեք քաղաքական խմբերից մեկը․
ա․ հավաքական «նախկինները », ովքեր ունեն ամենամեծ, ժամանակով փորձած եւ թրծված դիվանագիտական ներուժը՝ կադրեր, կապեր, գիտելիք, փորձ, հմտություններ։
բ․ ոչ նախկին, ոչ ներկայականներ, ովքեր ակնհայտորեն չունեն նման ռեսուրս եւ հանդիսանում են հերթական «չկտրած ձմերուկը »՝ կառավարչական իմաստով / իսկ թե ինչի է բերում նման ընտրությունը, Փաշինյանի հանցախումբը ապացուցել է/:
գ․ Գործող ռեժիմի ներսում ծվարած, իշխանության մաս հանդիսացող « ատլանտիստներ», որոնց արտաքին քաղաքական գերակայությունները հայտնի են։
Բոլոր դեպքերում, արտաքին քաղաքականության հիմքում պիտի վերադարձվի սեփական, ազգային շահը, պիտի դադարել խաբել, պիտի վերջ տալ «խաղեր տալուն», պիտի հեռացնել գեոպոլիտիկ բախումները Հայաստանից։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հորիզոնում պահել եղածը, միջնաժամկետում՝ որոշ կորուստներ վերականգնել, իսկ երկարաժամկետում՝ մնալ ինքնուրույն եւ ազդեցիկ քաղաքական գործոն տարածաշրջանում։
-Ի վերջո՝ ինչո՞ւ կորցրինք Արցախը։ Գո՞ւցե, իսկապես հայ հասարկակության՝ ներառյալ քաղաքական շրջանակների համար Արցախը «բեռ» էր, եւ հանրային լռությունը նաև այդ հանձնմանը մասնակցություն էր նշանակում։
-Արցախը յուրահատուկ «սևահող» է: Պատահական չէր, որ նիկոլական հարձակումները մեր ինքնության վրա հենց սկզբից թիրախավորեց դրա ամենաբերի, բայց ամենախոցելի շերտը` Արցախը։ Հիշում եք, «Հեղափոխությունը արցախյան ազատամարտից կարևոր է», ԼՂՆ նախագահին որպես մարզպետ էին ներկայացնում, հեռացրել էին Արցախի մասին գլուխը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, եւ այս ամենը կատարվում էր մինչև 2020թ․-ի պատերազմը:
Փաշինյանական փորձերը ապամոնտաժելու հայկական ինքնությունը տարածվում են նաև ավելի խորը շերտերի վրա՝ Հայոց ցեղասպանություն, Հայոց պատմություն, Առաքելական եկեղեցի, ավանդական ընտանիք եւ այլն ։ Սակայն հենց Արցախն էր մի կողմից ՝ ամենաթեժ գեոպոլիտիկ առևտրի օբյեկտը, մյուս կողմից՝ ամենաթարմ, միջինացված հայի մաշկի տակ դեռևս վերջնականորեն չմտած ժամանակակից հայի «ես»-ի բաղադրիչը։
Ցավոք, առկա է նաև մեկ այլ էթնո-հոգեբանական գործոն․ մեր հայրենակիցների մի մասը իր տնից, օջախից, բնակարանից այն կողմ եղած Հայաստանը իրենը չի hամարում: Եթե անգլիացիներն ասում են՝ «Իմ տունը իմ ամրոցն է», ապա մեր մասին այսօր կարելի է ցավով ասել, որ «իմ տունը իմ խխունջն է»․․․: Այս վերաբերմունքը չփոխելու դեպքում՝ վտանգ է կախված ոչ միայն Սյունիքի, այլ նաև, օրինակ, Չարբախի վրա։
-Հետևելով քաղաքական իրադարձություններին եւ Բագրատ սրբազանի ծավալած շարժման ընթացքին՝ ի՞նչ խորհուրդ կտայիք ընդդիմությանը, ի՞նչ սխալներ են թույլ տվել նրանք եւ առհասարակ՝ ի՞նչ մարտավարություն պետք է որդեգրեն՝ հաջողության հասնելու համար։
-Զերծ կմնամ էժան գայթակղությունից, դեմքի գիտունիկ արտահայությամբ հրապարակավ խոսել ընդդիմադիր հերթական շարժման այս փուլում չգրանցված վերջնարդյունքի պատճառների եւ սխալների մասին։
Իմ սրտացավ մտահոգությունները եւ համեստ կարծիքները փորձել եմ փոխանցել ինչպես իմ հոդվածներով, քաղաքացիների հարցերին պատասխանելով, այնպես էլ ինձ այցելության եկող ընդդիմադիր պատգամավորների միջոցով։
Ոչ բռնի պայքարն ունի իր մեթոդները, իր տրամաբանությունը, իր գործիքակազմը, որոնց ավելի պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետում են այլ գործիչներ եւ փորձագետներ, քան ես։ Բայց տեխնոլոգիան՝ տեխնոլոգիայով, հայ ժողովրդի ներկայիս բարոյահոգեբանական անմխիթար վիճակը , քաղաքակրթական ճգնաժամի հետևանք է։
Չեմ ուզում մտածել, որ մենք 5000 տարվա պատմության ներկայիս փուլում հին ազգից վերածվել ենք հոգնած ազգի, ով իր ձեռքով իսկ միացրել է սեփական ոչնչացման մեխանիզմը։ Այդ մեխանիզմի չեզոքացումը ոչ թե Բագրատ սրբազանի, ընդդիմադիր ուժերի, հայրենասեր ակտիվիստների, այլ իր ծնողներին հարգող եւ իր երեխաներին սիրող յուրաքանչյուր հայի գերխնդիրն է՝ անկախ քաղաքական, սոցիալական կամ այլ տարբերություններից:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչու են Ձեզ, ոտնահարելով բոլոր օրենքներն ու խափանման միջոց կիրառելու նորմատիվները, այնուամենայնիվ, պահում բանտում արդեն շուրջ մեկ տարի, երբ քրեական գործն այնքան անհիմն է, որ այն երկար ժամանակ հարուցված էր, բայց կալանք չէին կիրառում: Խոսակցություններ կան, որ իշխանությունը Ձեզ պահում է սեպտեմբերին նոր սրացումների ժամանակ չեզոքացնելու նպատակով։
-Իմ ապօրինի կալանավորման գործում երկու գործոն է՝ վախը եւ ոխը: Ինձ լկտի եւ հանդուգն կերպով ազատազրկելով՝ Նիկոլը վախ է ստեղծում եւ տարածում, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ հասարակական միջավայրում, ինչը, ցավոք, երբեմն արդյունավետ է դառնում: Նման զավեշտալի գործով եւ էլ ավելի զավեշտալի պատճառաբանությամբ միջազգային ամենամեծ կապերից մեկը ունեցողին /անհամեստ չհնչի/ բանտարկելը մեսիջ է մնացածին, որ Նիկոլը թքած ունի գրված եւ չգրված բազմաթիվ օրենքների եւ նորմերի վրա ։
«Ժողովրդավարության ոստիկանություն» ներկայացող արևմտյան կառույցները այս պահին լռում են Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի մասին՝ խրախուսելով Փաշինյանին՝ «քանի կարամ՝ անեմ» սկզբունքով: Ինչ վերաբերում է ոխին, ապա Նիկոլը նախանձում է եւ ատում իր քաղաքական սերնդակիցներին , հատկապես նրանց, ովքեր ինչ-որ բանով իրենից առավել են, ավելին՝ իրեն չեն հնազանդվում: Պլյուս՝ ես մի քանի «քաղցր» բան ավել եմ ասել իր հասցեին ՝ 5000 տղա զոհաբերելուց եւ Արցախը դավաճանաբար հանձնելուց հետո:
Չզարմանաք, նկարագրածս իրականության մեջ ոչ թե վարչապետն է նախանձում քաղբանտարկյալին կամ մուռ հանում, այլ մարդը՝ մարդուց։ Կասկած չունեմ, որ եթե Նիկոլը դառնար նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, վսեմ Հռոմի պապ, մեկ է, շարունակելու էր նախանձել որևէ մեկին:
Եթե չլինեին ընտանիքիս եւ հարազատներիս ապրումները, կարելի էր նույնիսկ շնորհակալություն հայտնել Նիկոլին՝ նման փնթի եւ անտաղանդ հետապնդմամբ նվաստիս վարկանիշը շոշափելիորեն բարձրացնելու համար։
-Տեղյակ ենք, որ դուք մենախցում եք նստած, ինչը բավականին ծանր է, սովորաբար՝ մենախցում պահելը որպես հատուկ պատժի միջոց են կիրառում ՔԿՀ-ներում ՝ կալանավորվածի թույլ տված ռեժիմային խախտումների համար: Դուք կամովին ընտրել եք մենակ նստելը, ի՞նչով է դա պայմանավորված ։
-«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում եմ արդեն 14 ամիս եւ ոչ մի ռեժիմային խախտում թույլ չեմ տվել։ Այլ հարց է, որ եթե իմանայի՝ այստեղ եմ հայտնվելու, համապատասխան նախարարներին մեր իշխանության օրոք կխնդրեի՝ ավելի մեծ միջոցներ հատկացնել՝ քրեակատարողական հիմնարկների վիճակը բարելավելու համար /կեսկատակ/։
Կալանքս մենախցում անցկացնելու նախաձեռնությունը իմն է, հիմնարկի ղեկավարությունը ընդառաջել է իմ դիմումին։ Իմ ընտրության հիմքում շատ պարզ իրողություն է՝ ինձ հետապնդելու սպեցիֆիկան։
«Ուժեղ տղա» չեմ խաղա․ դժվար է։ Հատկապես առաջին 3 ամիսները, երբ արգելված էին բոլոր տեսակցություններն ու հեռախոսազանգերը, նույնիսկ՝ ընտանիքիս անդամների հետ, ինչը չուներ եւ ոչ մի հիմնավորում, քան վերը նկարագրված ոխի նոպան: Իսկ իրականում, մենակությունս միայն ֆիզիկական է, որովհետև հոգով, մտքով, սրտով ինձ գրեթե մենակ չեմ զգում, ընտանիքիս հետ եմ, ժողովրդիս հետ եմ, Աստծո հետ եմ։
-Երբ ազատ արձակվեք, առաջին բանն ի՞նչն է լինելու, որ անելու եք։ Ո՞ւր եք գնալու, ո՞ւմ եք տեսնելու, ի՞նչով եք զբաղվելու: Ձեր կարծիքով՝ կալանքը մարդուն վնասո՞ւմ է, թե՞ ոչ: Կալանքն ի՞նչ փոփոխությունների է կարող հանգեցնել մարդու մոտ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրա կյանքում։
-Կախված է նրանից, թե երբ եմ ազատ արձակվելու եւ ինչ ռեժիմով։Վաղ է խոսել դետալների մասին , միայն կարող եմ ասել, որ առաջին բանը, որ կցանկանայի անել, այցելել մորս գերեզման: Ի՞նչով եմ զբաղվելու: Մինչև 2020-ի պատերազմը, կասեի՝ քաղաքականությամբ։
Հիմա պարզապես կուզեմ ապրել Հայրենիքով եւ չմոռանալ ընտանիքի մասին։
Այո, կալանքը վնասում, բայց նաև տրանսֆորմացնում է մարդուն, եւ մարդուց է կախված, թե դա ռեֆորմացիա, թե դեֆորմացիա կլինի։ Այսպիսի մի փուլ ես անցել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում․ զորակոչվել եմ մի մարդ, զորացրվել՝ մեկ այլ , թե ինչ կլինի այս անգամ, դեռ վաղ է փաստել:
Սովորական կյանքում՝ առօրյա վազքի եւ փոփոխվող դեկորացիաների մեջ հաճախ մոռանում եւ կորցնում ենք մեզ՝ մեր եսը, մեր դեմքը, մեր հոտը։ Գուցե, ոմանք ասածս աուտոթրենինգ ընկալեն, բայց կալանքը ապրածդ վերագնահատելու, ֆոկուսը ուղղելու, ինքնաճանաչողության եւ դեպի Տերը շրջվելու հնարավորություն է։
hraparak.am