Հարցազրույցներ
ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է Նիկոլի մտավախությունը՝ ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու
06.07.2024
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Կարեն Եղիազարյան․ «Նիկոլը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»։
Արմեն Աշոտյան․ Կրկնեմ, այդ հարցը բովանդակությամբ դատարկ է, հեռանկար չունի, սակայն անգամ Նիկոլի հայտարարությունից հետո կշարունակվի օգտագործվել ռեժիմի կողմից համ քարոզչական մեդիափուչիկ փչելու համար, համ էլ հարկ եղած դեպքում տվյալ պատրվակով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։ ԵՄ-ին անդամակցության հարցը դասական լոգիկայով նույնիսկ ակնհայտ ֆեյք հարց է։ Տեսեք ԵՄ- Հայաստան դիրքորոշումների տարբերակները ընդամենը 4-ն են՝ 1․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ է, 2․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ չէ, 3․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանը պատրաստ է, և 4․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանն էլ պատրաստ չէ։ Հիմա ինքնուրույն ընտրեք այս 4 տարբերակներից այն, որը համապատասխանում է մեր իրավիճակին․․․ Անշուշտ, դա չորրորդ տարբերակն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
Օրերս, ի դեպ, հրապարակվեցին համաեվրոպական սոցհարցման տվյալները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցերով։ Որոշ երկրներ հանած՝ եվրոպացիների զգալի մեծամասնությունը դեմ է նույնիսկ Ուկրաինայի անդամակցությանը, դե, պատկերացրեք, Հայաստանի հարցով ինչպիսին կլիներ եվրոպացիների իրական կարծիքը։ Այս ռեժիմին ԵՄ իշխանությունները, ի հակառակ հրապարակային գովասանքի, նույնիսկ վիզաների ազատականացման հարցում ընդառաջ չեն գնում, ինչ անդամության մասին է խոսքը։ Վիզաների հարցով իրավիճակը փաստացի նույնն է, ինչ 2017-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանի թողած կետում։
Նարինե Խաչատրյան․ «ՌԴ պաշտոնյաները ուղիղ հարձակման են անցել Նիկոլի նկատմամբ իրենց հայտարարություններով, ի՞նչ հետևանքներ կունենան սրանք»։
Արմեն Աշոտյան․ ՌԴ-ի հետ քայքայվող հարաբերություններում Նիկոլը իրականում ունի կարմիր գիծ։ Այդ գիծը Հայաստանի ներսում սոցիալական ցնցումները կանխելն է՝ ռուսական հնարավոր տնտեսական պատժամիջոցների հետևանքով։ Այսինքն նա փորձելու է չհասցնել իրավիճակը այն հանգրվանին, որ Ռուսաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի, որոնց հետևանքով մի երկրի ներսում սոցիալ-տնտեսական կտրուկ լարումներ ստեղծվեն, որոնք հարված կհասցնեն Փաշինյանի ռեժիմին։ Չէ՞ որ ի հակառակ ինքնիշխանության մասին ճամարտակություններին, վերջին տարիներին Հայաստանի կախվածությունը Մոսկվայից տնտեսական ոլորտում շոշափելի աճել է։ Ի դեպ, ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է Նիկոլի մտավախությունը՝ ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու։ Արևմուտքից խոստացված մի քանի հարյուր միլիոնով «տուն չես պահի», և, ինչպես Մուրացանը կգրեր մեր օրերի մասին, «դատարկ սիրտը կների, բայց դատարկ ստամոքսը չի ների»։ Ֆիքսենք նաև, որ նույն Արևմուտքում վերջին շրջանում տեսանելի թուլացել են Նիկոլի հիմնական լոբբիստների՝ Մակրոնի և ԱՄՆ Դեմկուսի դիրքերը։
Գարեգին Մարտիրոսյան․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդավարության հայկական ֆորումում Արևմտյան դեսպանների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները Հայաստանում փայլուն ժողովրդավարության մասին»։
Արմեն Աշոտյան․ Անգլիացիներն ասում են․ «Դեսպանը դա իր երկրի շահերի համար ստելու համար այլ երկիր գործուղված ազնվագույն մարդն է»։ Հենց այս ասացվածքն եմ հիշում ամեն անգամ, երբ լսում եմ արևմտյան որոշ դեսպանների բացահայտ ստերը Հայաստանում Ժողովրդավարության մասին։ Ցավոք, արևմտյան գործող էլիտաները կորցրել են իրենց բարոյական հեղինակությունը արդարության և արժեքների մասին գնահատականներ տալու վերաբերյալ։ Ի դեպ, հանրային կյանքի այդ ցինիզմն է հիմնական պատճառներից մեկը հենց իրենց երկրներում այլընտրանքային ուժերի հեղինակության աճի (Թրամպ, Ֆրանսիա, Գերմանիա)։ Այդ երկրների հասարակությունները իրենց էլեկտորալ վարքով արդեն պատժում են գործող էլիտաներին կրկնակի ստանդարտների, իրականության աղավաղման և ստերի համար։ Արևմուտքի իրական, պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի գործող ռեժիմի վերաբերյալ մանրամասն ներկայացված է մասնագիտական զեկույցներում՝ Freedom House, The Economist, Amnesty international, Transparency international, Heritage foundation և այլն։ Այս ֆոնի վրա նույն ԱՄՆ դեսպանի հայտարարությունից ես երկու, գուցե առաջին հայացքից պարադոքսալ հետևություն եմ անում․ 1․ Սուտն էլ երանգներ ունի, և երբ տիկին դեսպանը ընտրում է բացարձակ սուտ ասելու տարբերակը, նա միայն ընդգծում է իրականության և հեքիաթի միջև անդունդը, ավելի ցայտուն դարձնելով ճշմարտությունը։ 2․ Իրենք փայլուն գիտեն իրականությունը ( ԱՄՆ Պետդեպի զեկույցը վկա) , և եթե այդքանով հանդերձ ստիպված են բացահայտ կեղծ պնդում անել ի պաշտպանություն Նիկոլի, նշանակում է , որ Նիկոլը թույլ է և խարխլված, իսկ իր վարած կործանարար քաղաքականությունը՝ դարձելի։ Առիթից օգտվելով ՝ շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրը և բարեկամ ամերիկյան ժողովրդին մաղթում, որ երբեք Փաշինյանի նման իշխանություն չունենան։
Սերինե Չիլինգարյան․ «Աստանայում կայացած Շանիայի համագործակցության կազմակերպության սամիթին ակտիվ մասնակցեցին Ալիևն ու Էրդողանը, բայց Փաշինյանը և Հայաստանը բացակայում էին։ Ո՞րն է Ձեր կարծիքը»։
Արմեն Աշոտյան․ Համաշխարհային զարգացումները այնպիսին են, որ Հայաստանի նման երկրները, իրենց շահերից ելնելով, պարտավոր են օգտագործել ցանկացած հեղինակավոր հարթակ։ Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ՇՀԿ-ում (ШОС) ստացել էր դիտորդի կարգավիճակ, և ցավալի է , որ այստեղ նույնպես Ադրբեջանը մեզ շրջանցում է վերջին տարիներին։ Լավ, դիցուք ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնում եք և ՀԱՊԿ-ում «սառեցնում» եք Հայաստանի մասնակցությունը։ Բայց ՇՀԿ-ն միայն Ռուսաստանինը չէ, այնտեղ մյուս խոշոր դերակատարը Չինաստանն է, նրան ինչո՞ւ եք «մերժում»։ Պատասխանը պարզ է․ Նիկոլենք ոչ թե պարզապես հակառուս են, այլ ատլանտիստ, փորձում եք ճխտվել մի ալյանս, որին ոչ մի բանով չեք պատկանում։ Ի տարբերություն նիկոլական խունտայի, Թուրքիան և Ադրբեջանը առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և շատ սերտ կապեր ունենալով նույն Արևմուտքի հետ , իրենց շահերը առաջ են մղում ցանկացած ազդեցիկ հարթակում։ Նույնը, ի դեպ, անում են նաև Կենտրոնական Ասիայի պետությունները։ Եվս մեկ կեղծիքի մասին։ Նիկոլը շարունակում է զազրախոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին, որը իբր ոչ թե թյուրքերի, այլ գլոբալ տնտեսության համար է։ Բա եթե դա այդպես է, ինչո՞ւ առիթից չեն օգտվել և չեն մեկնել Աստանա, չէ՞ որ Հարավային Կովկասի լոգիստիկ հիմնական շահառուներից պետք է լինեն Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները։ Պատասխանը կրկին պարզ է․ Նիկոլը իրականում առաջ է մղում հենց Թուրքիայի շահերը և կարիք չի տեսնում այլ պետությունների հետ իրական աշխատանք տանելը։
Ստյոպա Թորոսյան․ «Նիկոլը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնում է, բայց Հայաստանը մասնակցելու է NATO- Ի գագաթնաժողովին Վաշինգտոնում։ Ի՞նչ հետևանքներ սա կունենա»։
Արմեն Աշոտյան․ Հայաստանը մշտապես համագործակցային հարաբերություններ է ունեցել NATO-ի հետ։ Հայաստան- NATO Անհատական գործընկերության գործողությունների առաջին ծրագիրը (iPAP) ստորագրվել է դեռևս 2007-ին։ Դրանից հետո ևս մեր երկիրը սեփական շահերից ելնելով տարբեր ծրագրերով մասնակցել է NATO-ի գործունեությանը։ Մի կարևոր տարբերությամբ․ մենք դա անում էինք, ոչ թե ի հաշիվ հայ- ռուսական ռազմավարական դաշնակցությանը, այլ ի լրումն այդ հարաբերությունների։ Հայաստանը ոչ թե «խաղեր էր տալիս», այլ հաջողությամբ սեփական խաղն էր խաղում։ Վաշինգտոնյան գալիք գագաթնաժողովին այս իշխանությունները ոչ թե Հայաստանի շահերն են առաջ մղելու, այլ շարունակելու են դրանք մսխել՝ ինչպես գեոպոլիտիկ, այնպես էլ հնարավոր երկկողմի (Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ) առումով։ Նկատեցի, որ գագաթնաժողովի առիթով մի շարք փորձագետների բարձրացնում են Հայկական բանակում հայտնված NATO-ի ստանդարտներով զենքերի համար զինամթերք ձեռք բերելու խնդիրը։ Այս կապակցությամբ չեմ բացառում, որ Նիկոլը կառաջարկի փոխանակել Ուկրաինայի համար նախատեսված NATO-ական զինամթերքի մի մասը սովետական/ ռուսական զինատեսակների համար ժամանակին ՌԴ-ից ստացած զինամթերքով, ինչի կարիքը Ուկրաինան այս պահին ունի։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ
aravot.am