Հարցազրույցներ

Հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի․ Արմեն Աշոտյան

11.05.2024

 Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Գագիկ Պետրոսյան․ «Արմեն ջան, ի՞նչ ակնկալիք ունես Սրբազանի քայլերթից, կունենա՞նք մենք բոլորս հաջողություններ, թե՞ նորից չի ստացվի»։ Արմեն Աշոտյան․ Իմ ակնկալիքը հայ ժողովրդից է, ով այլևս նահանջելու տեղ չունի` այնքան է փոքրացել իր Հայրենիքը, իր ապագայի պատուհանը։ Հուսով եմ՝ կգործի զսպանակի կանոնը, և 6 տարիների ընթացքում ճնշված, բայց չկոտրված ժողովրդական արժանապատվության զսպանակը կուղղվի իրեն կոտրել փորձողների երեսին։

Սրբազանն այս պատմական առաքելության մոբիլիզացման, բյուրեղացման, սիրո և հույսի էներգետիկայի կրողն է, ով հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները`բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը։ Ֆիզիկայի տերմինաբանությամբ ասած` հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի, որի նշանակետն է գործող վարչախմբի պարագլխի հրաժարականը։ Նիկոլն այնքան է համը հանել, որ իր դեմ բողոքի արդար ձայն են բարձրացնում շատ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ և ուժեր, որոնք պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները այլևս խիստ երկրորդական դարձած հարցերում և համախմբվենք այն կարևորագույն արժեքների շուրջ, որոնք մեզ միավորում են։

Նարինե Կիրակոսյան․ «Պարոն Աշոտյան, չե՞ք կարծում, որ Նիկոլն այնքան սրբապիղծ է, որ եկեղեցու և ժողովրդի դեմ նորից ուժ կկիրառի և նոր կալանքների շարք կսկսվի»։

Արմեն Աշոտյան․ Այն, որ Փաշինյանը չունի և ոչ մի կարմիր գիծ, ոչ մի բարոյական իմպերատիվ, ոչ մի արգելակ, վաղուց է հայտնի։ Սակայն արդյո՞ք հայ ժողովուրդը ունի իրավունք վախենալու մի անհայրենիք և անբարո մարդուց։ Վստահ եմ, պատասխանը ակնհայտ է։ Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլը Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Նույն տկարությամբ տառապում են նաև ՔՊ-ականները, որոնք Նիկոլից ավելի են վախենում, քան ժողովրդից։ Որպես արդեն 11 ամիս ազատությունից զրկված մարդ, ասեմ, որ կալանքից մի վախեցեք, վախեցեք սեփական խղճի հետ ստոր գործարքներից։ Մանավանդ որ համաժողովրդական ուժեղ դիմադրության դեպքում հալածիչներն ու սատանայի սպասավորները բոլորին նստացրել և երկար պահել չեն կարող։ Հայ եկեղեցին վերապրել է և հաղթահարել իր բոլոր հալածիչներին, Նիկոլն ո՞վ է, որ բացառություն դառնա։ Այս տարի լրանում է  Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալման 25-րդ տարեդարձը, կարծում եմ՝ հենց իր ղեկավարությամբ Հայ առաքելական եկեղեցու նման ծառայությունն ու առաջնորդությունը կարող է դառնալ Նորին Սուրբ Օծության պատմական առաքելությունը։

Վազգեն Հարությունյան․ «Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալիևը չեն մեկնելու երդմնակալության և «Պառադի» արարողություններին, բայց Մայիսի 8-ին հանդիպելու են Պուտինի հետ, սա ի՞նչ խաղ է, ի՞նչ հետևանքներ կունենա էս ամենը»։ Արմեն Աշոտյան․ Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման արդյունքների և հետևանքների մասին տեղեկատվությունը չափից խիստ դոզավորված է, բայց որոշ կարևոր արձանագրումներ  անել կարող ենք։ Անվտանգության տեսակետից ամենավտանգավորը այն է, որ Նիկոլը Ադրբեջանի հետ սահմանակից մարզերից ոչ միայն հեռացնում է հայկական զորքերը, այլև այնտեղ Նիկոլի խնդրանքով ժամանակին տեղակայված ռուսական ռազմական միավորները։ Ակնհայտ է, որ հայ- ադրբեջանական սահմանը դառնում է թշնամու զորքի համար խիստ խոցելի, գրեթե «էստի համեցեք» վիճակ է ստեղծվում, ինչը, չի բացառվում, Փաշինյանի կողմից հերթական  ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին։ Ի դեպ, չեմ բացառում, որ սահմաններից ռուսական զորքի դուրսբերումը համաձայնեցված է նաև ԵՄ դիտորդական առավելության հետ։ Ակնհայտ է, որ փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ, և նրանք երկուսով առաջ են տանում Հայաստանի համար կործանարար «կարգավորում առանց միջնորդների» բանաձևը, որը իրականում մեր դեպքում նշանակում է «կարգավորում»` առանց երաշխիքների, առանց միջազգային իրավունքի, առանց  արդարության, առանց հայկական շահերի։ Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին բոլոր նրանց, ովքեր մատնանշում են Նիկոլի նման «պռավալները», իշխանական փտած քարոզչամեքենան փորձում է ներկայացնել որպես «ռուսի չեմպիոն»: Զավեշտալի է, իհարկե խալխի, տվյալ դեպքում՝ թուրքի շահը բացահայտ կերպով սպասարկողների կողմից ազգային մտածելակերպով մարդկանց պիտակավորումը, որպես «ռուսի մարդ»։ Կրկնակի զավեշտալի է այդպիսի կոյուղային գարշահոտություն տարածումը այն իշխանությունների կողմից, որոնք իրենք իրենց հրապարակավ կոչում էին «ամենառուսամետ իշխանություններ», որոնք Սիրիա ապօրինի զորք էին ուղարկում,(երբ անգամ Բելառուսը չէր ուղարկում), որոնց ղեկավարության մի մասը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո սեփական ժողովրդից թաքնվում էր հենց Մոսկվայում (օրինակ՝ Ալեն Սիմոնյանը)։

Սարգիս Կարապետյան․ «Աշոտյան ջան, Ձեր կարծիքով, ՔՊ-ի վերնախավը կմիանա՞ ժողովրդին, թե՞ չէ։ Եվ դուք կներե՞ք իրենց»:

Արմեն Աշոտյան․ ՔՊ-ն բազում տառապանքներ և ցավեր է պատճառել հայ ժողովրդին։ Ես մնում եմ այն կարծիքին, որ հետագայում այդ քաղաքական խմբավորման գործունեությունը Հայաստանում պետք է արգելվի՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը պետականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող միավորի։ Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին ՔՊ-ի առանձին գործիչների հանդեպ, հետևյալն ասեմ։ Չհաշված ՔՊ-ի պատճառով իրենց ընտանիքի անդամներին կորցրած մարդկանց, իմ ընտանիքն ու ես, երևի ՔՈ-ից ամենաշատը տուժած քաղաքացիներից ենք, որ դարձել ենք Փաշինյանի և իր թիմակիցների անբարոյականության, ստորության, վախերի և ոխերի թիրախը։ Այդքանով հանդերձ եթե նրանք հիմա ապաշխարեն, մաքրվեն և օգնեն ժողովրդին մաքրել երկիրը նիկոլիզմից, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ։ Իսկ կներե՞ն նրանց Աստված և ՀՀ օրենսդրությունը, ասել չեմ կարող, քանի որ երկու դեպքում էլ լիազորված չեմ։

Սերոբ Սարգսյան․ «Աշոտյան ջան, նախ քո կարիքը շատ ունենք և երկրորդ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ըստ Ձեզ, կքննադատեն Նիկոլին, երբ հասարակ ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառվի, ինչպես տեսել ենք, մինչև այժմ, դա չեն արել»։ Արմեն Աշոտյան․ Հարգելի Սերոբ, շատ շնորհակալ եմ վստահության համար։ Ինչ վերաբերվում է «դրսի» արձագանքին, ապա որպես այդ դրսի հետ մոտ 20 տարվա աշխատանքի փորձ ունեցող մարդ ասեմ շատ ուղիղ․ դադարեք որոնել այդ  դրսի կարեկցանք, դաբրո, կարծիք։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մեզ դրսում ոչ մի երկիր չի հարգում, լավագույն դեպքում՝ խղճում են։ Այս վերաբերմունքի պատճառը ոչ թե պարտությունն է, այլ Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումը։ Կայացած ժողովուրդները անգամ հաղթած վարչապետի են փոխում(օրինակ՝ Չերչիլին), ուր մնաց հարգեն այն ժողովրդին, ով իր անարգանքի և պատվազրկության մեղավորին դեռ հանդուրժում է։ Որպեսզի մեզ հարգեն ուրիշները, նախ ինքներս մեզ պետք է հարգենք, ինչին և ուղղված է սրբազանի մեկնարկած շարժումը։ Վերադառնալով հնարավոր բռնությունների դեպքում միջազգային արձագանքին, ապա հիշեք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիքակազմում ժողովրդավարությունը առաջնահերթ չէ, իսկ Արևմուտքի վերջին շրջանի պահվածքը վկայում է, մեղմ ասած, կրկնակի ստանդարտների և ընտրովի մոտեցման մասին։ Ելնելով սեփական շահերից` նրանք կարող են, չոփը գերան սարքել, ինչպես Հայաստանում` մինչև 2018֊ը, և գերանը`չոփ, ինչպես Հայաստանում 2018֊ից հետո։ Դեմոկրատիան նման արտաքին դերակատարների համար դարձել է լաթի կտոր, որ հարկ եղած դեպքում կամ «հպարտ ծածանվող դրոշակ» է ծառայում, կամ էլ իրենց ձեռնտու ռեժիմի արտաթորանքը մաքրելու համար պոլի շոր։ Հայաստանը պետք է լինի ժողովրդավար երկիր, ոչ թե այլոց դուրը գալու համար,  այլև սեփական ժողովրդի իշխանության և իրավունքների երաշխավորությունը։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպես քրիստոնյաների հալածիչ Սավլը Դամասկոսի ճանապարհին դարձի եկավ, դառնալով Պողոս առաքյալ։ Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.05.2024

aravot.am


 

← Վերադառնալ ցուցակին