Հարցազրույցներ

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆՈՒՄ Է ՆԱԵՒ ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԵՐՍՈՒՄ, ՀՀԿ-Ի ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՒ ԽՈՐՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ

27.03.2024

 Հաճախ ականատես ենք լինում ընդդիմադիր խմբերի կողմերից միմյանց «ռմբակոծության» տեսարանների: Այս դաշտը աչալրջորեն մոնիտորինգ անող փորձագետներն ասում են, որ ամենից շատ իրար քննադատում եւ դատափետում են այն ուժերը, որոնք ենթադրաբար պետք է միասին գործեին` ՀՀԿ-ականները և «Հայաստան» դաշինքը, ավելի շուտ սրանց համակրող շրջանակները` լրատվամիջոցներ, բլոգերներ, ֆեյսբուքյան եւ տելեգրամյան օգտատերեր եւ այլն: 

 
Ինչ խնդիրներ կան այս երկու թվերի երիտասարդների միջև, ինչու չեն փորձում ընդհանուր հայտարարի գալ, որ «թշնամու ջրաղացին ջուր չլցնեն», հարցրեցինք ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանին։ 
 
- Հանրությունը հաճախ ականատես է լինում ձեր և «Հայաստան» դաշինքին աջակիցների միջև փոխհրաձգություններ, մեղադրանքներ։ Ի՞նչ խնդիրներ կան ընդդիմադիր այս երկու թվերի երիտասարդների, աջակիցների միջև։ 
 
- Մենք բոլորս այսօր ունենք մեկ նպատակ, այն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Այս գաղափարի շուրջ պետք է միավորվել՝ աշխատանքներ տանել, և այստեղ մենք ոչ մի լուրջ հակասություններ չունենք մեր մյուս ընդդիմադիր ընկերների հետ։ Քաղաքական ուժերը համագործակցում են միմյանց հետ, և եթե այս հարաբերություններում ինչ-որ բան փոխվեր, կլիներ պաշտոնական հայտարարություն։ Ընթացիկ հարցերում ընդդիմախոսությունը իմ կարծիքով նորմալ է։ Ընդդիմախոսություն լինում է նաև նույն քաղաքական ուժի անդամների մեջ, և պետք չէ այս ամենից ենթադրություններ կատարել, որ կան խորքային խնդիրներ, որը կարող է խոչնդոտել միասնական գործելուն։ 
 
- Շատ հաճախ տեսնում ենք, որ ՀՀԿ-ին աջակցող երիտասարդները, հանրապետականները մեղադրում են «Հայաստան» դաշինքին ԱԺ-ի նիստերին մասնակցելու համար, որին չի մասնակցում «Պատիվ ունեմ» դաշինքը, նշում են, որ կարող էին իրենք էլ չմասնակցել՝ բոյկոտել նիստերը։ Ի՞նչ նպատակով են արվում այս հայտարարությունները։ 
 
- Մենք որևիցե կերպ կաշկանդված չենք, և եթե որևէ հարցի շուրջ ունենք կոնկրետ կարծիք, մենք այն հայտնում ենք, ինչը նորմալ երևույթ է, և ասեկոսեներ տարածել, որ այդ ամենը միտումնավոր է արվում՝ վնասելու համար մեր մյուս ընդդիմադիր ուժին, ճիշտ չէ։ Մեր քայլերում չկա և չի կարող լինել մի գործելաոճ, որը կօգնի օրվա իշխանություններին։ 
 
- Նման քննադատությունները հրապարակային դաշտում հասարակության կողմից ընկալվում է որպես պառակտվածություն ընդդիմության շրջանում, որը խանգարում է համախմբվելուն։ Չեք կարծո՞ւմ, որ կարելի է որոշ ժամանակով դադարեցնել նման քննադատությունները միմյանց նկատմամբ, որ պառակտվածություն չընկալվի հասարակության կողմից։ 
 
- Ես կարող եմ մեր անունից ասել, որ մենք ունենք շատ լավ գործընկերային հարաբերություններ, ինչը արտահայտվում է շատ հաճախ, երբ մենք մեկ հարթակով բազմաթիվ անգամներ դուրս ենք եկել փողոց, և մեր քաղաքական սկզբունքների տարբերությունը չի խանգարել միասնական դուրս գալ փողոց՝ պայքարելու օրվա չարիքի իշխանությունների դեմ։ Մենք մինչ օրս չենք գնացել այնպիսի ճանապարհով, որը կվնասի մեր ընդհանուր գործին, և կնպաստի իշխանության շահերին։ Նշեմ, որ մեր գործընկերային հարաբերությունները չի սահմանափակվում միայն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժի հետ, և մենք պատրաստենք ենք օրվա չարիքի, ազգակործան, կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մեր այս կարծիքը։ 
 
Կարեն Քերիմյան
hraparak.am
 
 

← Վերադառնալ ցուցակին