Հարցազրույցներ

2 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԵՐԿՈՒ ՁԵՌՔՍ ԿԿՏՐԵՄ, ԲԱՅՑ ԷԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՉԵՄ ՏԱ

23.03.2024

 2018-ին արցախյան հիմնախնդիրը լուծելու ինչպիսի՞ հնարավորություններ կային, եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չօգտվեց այդ հնարավորություններից։ Զրուցել ենք ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ 

-2018-ին Փաշինյանը կարո՞ղ էր լուծել արցախյան հիմնախնդիրը՝ հաշվի առնելով, որ ուներ լայն ժողովրդական աջակցություն։ 

 

- Միամտություն է կարծել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման պարագայում կարելի է ինչ-որ հարցում հասնել հայանպաստ լուծումների։ Ես ունեմ իմ խորին համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության հակահայկական ուժերի կողմից՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու, որի մասին նաեւ խոսել է Իլհամ Ալիեւը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցում Ադրբեջանն իր դերակատարումն է ունեցել։ Եթե Նիկոլի փոխարեն լիներ մեկ այլ՝ պետականակենտրոն ղեկավար, ես այդ ժամանակ կարող էի ասել, թե ինչ պետք է աներ։ 2018-ի իշխանափոխության օրերից է պարզ եղել, որ Փաշինյանն իշխանության էր բերվեր, որ հանձներ Արցախը եւ փոխեր Հայաստանի արտաքին վեկտորը։ Մոռացեք, որ Նիկոլը կարող էր գնալ հայանպաստ լուծումների, բայց չի կարողացել։ Հիմա ես թվարկեմ, թե ինչ կարող էր անել․ առաջինը՝ պետք է շարունակեր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունից օգտվելը: Բայց 2018-ին՝ մայիսի 9-ին, գնաց Արցախ եւ Ստեփանակերտում ուլտիմատում ներկայացրեց Մինսկի խմբի նախագահներին, ասելով՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ես Արցախի անունից չեմ բանակցի։ Ով որ չգիտի` ասեմ․ արցախյան կողմը շատ նորմալ բանակցային պրոցեսի մեջ էր, եւ համանախագահները պարբերաբար այցելում էին Ստեփանակերտ, հանդիպում էին Արցախի նախագահի հետ։ Այս հանդիպումները չեն եղել 1 կամ 2 անգամ, այլ բազմաթիվ են եղել, եւ ասել, որ Արցախը դուրս է եղել բանակցային պրոցեսից, հիմարություն է։ Երկրորդ քայլը, որ արեց համանախագահների դեմ, այն էր, որ ասաց՝ Մինսկի  խմբի համանախագահներն ինձ պետք է բացատրեն, թե Մադրիդյան սկզբունքներն ինչ են, որից հետո կասեմ՝ համաձա՞յն եմ բանակցել, թե՞ ոչ։ Թող ոչ մեկին չթվա, որ այս քայլերն արվում էին Ադրբեջանի դեմ։ Այդ բոլոր ուլտիմատումները եղել են համանախագահներին ուղղված։ Այս ամենից հետո փչացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ՀԱՊԿ-ից հետ կանչելով Յուրի Խաչատուրովին, քրեական գործ հարուցելով, առանց ռուս գործընկերներին տեղեկացնելու։ Հետո եկավ Պուտինին չդիմավորելու գործընթացը։ Հետո՝ 2018-ի Դուշանբեի տարօրինակ վերելակային հանդիպումն Ալիեւի հետ։ Հետո Մյունխենում սկսեցին ինքն ու Ալիեւն առանձին շփվել, ինչը վտանգավոր էր։ 2020-ին գնաց Ստեփանակերտ եւ հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, եւ ամբողջությամբ «քարտ բլանշ» տվեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար։ Երբ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», նշանակում էր, որ սա ոչ թե ինքնորոշման խնդիր է, այլ՝ տարածքային վեճ։ 2020-ի պատերազմից առաջ հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից։ Եվ երբ սկսվեց պատերազմը, չփորձեց կանգնեցնել այն, որը միայն իմ կարծիքը չէ, այլ համանախագահներինն է։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շատ հստակ նշել է, որ մինչեւ 2018-ը կար բանակցային փաթեթ, ըստ որի՝ առաջին փուլով 5 շրջանները տրվում էին Ադրբեջանին, եւ Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, Արցախի իշխանություններն իրենց վերահսկողության տակ էին պահում ոչ միայն նախկին ԼՂ մարզը, այլ նաեւ Քելբաջարը եւ Լաչինը։ Եվ վերջնական փուլում հանրաքվեով որոշվում էր Արցախի վերջնական կարգավիճակը։ 2019-ին Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթով 5 շրջանները տալիս ենք՝ ստանում ենք կարգավիճակ, հետո նոր՝ 2  շրջանները, ու գլուխ էր գովում՝ ասելով․ երբ ուզեմ, կվերադառնամ Սերժ Սարգսյանի բանակցային կետին։ Բա հիմա վերադարձիր․․․ Արցախը հայաթափել ես, թուրքն էլ եկել է Հայաստանի գլխին՝ մի քանի քառակուսի կիլոմետր է գրավել։ Նա, գալով իշխանության, արցախյան խնդրի լուծումը տարավ պրոթուրքական ճանապարհով, հետագայում մեղավորներ հռչակեց նախկիններին, ռուսներին։ Օրերս էլ Տավուշում հայտարարել է՝ ես պատասխանատու եմ ձեզ համար, դրա համար եմ հանձնում այդ տարածքները։ Այդ պատասխանատվությա՞մբ տարավ 5 հազար տղու գլուխը կերավ․․․ որ պատասխանատու էիր, ինչի՞ գնացիր հայտարարեցիր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Բայց միեւնույն ժամանակ հայտարարում էր, որ ես լեգիտիմ իրավունք չունեմ Արցախի անունից բանակցություններ վարեմ։ Բա որ լեգիտիմ իրավունք չունեիր, ո՞նց գնացիր կապիտուլյացիա ստորագրեցիր։ Նիկոլ Փաշինյանը տրոյական ձի է՝ ռումբ է մեր պետականության համար։ 

 

- Այսօր ասում է, որ էլի տարածքներ է հանձնելու, եւ սա ասում է նախօրոք, որ հետո չասենք, թե չի ասել։

 

- Ի՞նչ է նշանակում, որ այն ժամանակ չեմ ասել, հիմա եմ ասում։ Լավ է անում, որ մեզ հետ տենց է խոսում։ Եթե այսքանից հետո վարչապետ է մնացել, բա տենց պետք է ասի։ Բարոյական ի՞նչ իրավունք ունի գերագույն գլխավոր հրամանատարը նման բան ասելու։ Մոռացե՞լ է, որ 2 տարի առաջ ասում էր՝ երկու ձեռքս կկտրեմ, բայց էդ տարածքները չեմ տա։ Նայեք իր 21 թ․ հարցազրույցը։ Ինքն էր ասում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։ Ինքը պետք է նստեր, խելացի մարդկանցից խորհուրդ հարցներ, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանին հանդիպեր ու ասեր՝ ոչ մի նոր բան չիմացա, ամեն ինչ գիտեի, կամ` Էդուարդ Նալբանդյանին մի քանի րոպեով հանդիպի։ Ինքն «ամենագետն» է, դրա համար էլ ամեն ինչ այսպես եղավ։ Ինքն ինձ համար դավաճան չէ, քանի որ չի դավաճանել ինչ-որ թիմի, ազգային գաղափարի, ե՞րբ է եղել այդ գաղափարների կրողը, որ մի հատ էլ դավաճանի։ Իր սկզբունքն է՝ շարունակել  վարել պրոթուրքական քաղաքականություն։ Իրեն շրջապատել է անտեսակետ, քաղաքական սկզբունք չունեցողներով։ Նիկոլն ասի՝ Շարմազանովը, Աշոտյանն ազգի հերոս են, կկրկնեն՝ ազգի հերոս են, կասի` ազգի թշնամի են, կկրկնեն` թշնամի են։ Ասի, որ այսօրվանից հրաժարվում ենք քրիստոնեությունից՝ ընդունում ենք մահմեդականություն, թիմի 99%-ը կասի՝ այո։ Ի՞նչ ենք մեկնաբանում։ Նիկոլը խոսելու տեղ չունի, բայց խոսելու է այնքան ժամանակ, քանի մենք հանդուրժում ենք։ Այսօր էլ մակետը ձեռքը ֆռֆռացնում է, չի մտածում, որ կարող է բռնեն, թարս ուրիշ բան անեն, ասեն` դու չե՞ս ասել, արա, որ Հայաստանը կադաստրի թուղթ չունի։ Ալիեւն էլ կասի՝ եթե էդ կադաստրի վկայականը ես եւ Էրդողանը պետք է տանք, ուրեմն նենց կգծենք, ոնց մեզ է ձեռք տալիս։ Փաշինյանի քայլերը պետք չէ վերլուծել՝ պետք է էդ աթոռից հեռացնել։ Կարա՞նք` հալալ լինի մեզ, չե՞նք կարա` ուրեմն պետք է չմոյի պես ապրենք, եթե դա ապրել կարելի է համարել: Ու սա բոլորին է վերաբերում՝ սահմանամերձ գյուղում ապրողից մինչեւ Երեւանի կենտրոնում ապրող։

Կարեն Քերիմյան

hraparak.am

 

← Վերադառնալ ցուցակին