Հարցազրույցներ
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
01.03.2024
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը
– Պարո՛ն Շարմազանով, Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, նշելով, որ «մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»: Ըստ ձեզ՝ ի՞նչ հարցերում է դրսևորվում Մարուքյանի ու Փաշինյանի տեսլականների տարբերությունը։
– Հստակ չեմ կարող ասել, կարող է և հակասություն լինի, չեմ բացառում կեղծ հակասությունը, համենայնդեպս, ինչ էլ լինի, սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն անարդյունավետ է նույնիսկ Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակիցների համար, ու սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք՝ որպես հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը, ճիշտ էինք, իրենք՝ ոչ, որ պատերազմից հետո գնացին, կանգնեցին Նիկոլի կողքը։ Այսինքն՝ այն բոլոր հավաստիացումները, որ ձեր նշած գործիչը նույնիսկ ջանք ու եռանդ չէր խնայում ու փորձում էր ջանասիրաբար պաշտպանել Փաշինյանի այս արտաքին քաղաքական կուրսը, իր երեկվա գրառումով հերքվում են։
Որքան հիշում եմ, Մարուքյանի տեսլականը ուժեղ Հայաստանն էր, հիմա եթե տեսլականի տարբերության կա, նշանակում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք։ Ես չեմ էլ բացառում, որ գուցե որոշել են գնալ ընտրության, ու սա ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու համար է արվում։
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ սահմանապահների տեղակայված լինելու հարցը, քննարկումներ են ընթանում այդ հարցի վերաբերյալ…
– Բազմիցս եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը թուրքական շահեր սպասարկող ռեժիմ է, ու երբ Նիկոլ Փաշինյանը տարիուկես առաջ ասուլիսին հայտարարեց, որ ռուսական ռազմական ներկայությունը վտանգ է ադրբեջանցիների, թուրքերի համար, ակնհայտ էր, որ այդ ուղղությամբ իրենք քայլ են անելու, իրենց երազանքը, միգուցե, «Զվարթնոցում» ռուս սահմանապահներին փոխելն է ադրբեջանցի կամ թուրք սահմանապահներով, սա ամենայն լրջությամբ եմ ասում։
Շատերն ասում են, որ Նիկոլը գնում է դեպի Արևմուտք, բայց ասեմ ձեզ, որ այդ Արևմուտքը Թուրքիան է: Եթե ձեզ թվում է, թե Թուրքիան թույլ է տալու Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արևմտյան բազա լինի, չարաչար սխալվում եք: Սա Թուրքիայի կենսական շահերի գործոնն է, ու Թուրքիան Արևմուտքի հետ դաշնակից է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ռուսական ռազմական ներկայությունը գնալով նոսրացնի։
Առնվազն պետք է քաղաքականապես կույր լինել, որ չտեսնես իրական սպառնալիքները, քաղաքական գործընթացները, որ մեր գլխավոր սպառնալիքները՝ Թուրքիան ու Ադրբեջանը թողած, սպառնալիք դիտարկես Ռուսաստանին։
Շատ բացասաբար եմ վերաբերվում հայ-ռուսական հարաբերությունների տորպեդահարմանը Նիկոլի ռեժիմի կողմից: Իհարկե կան խնդիրներ, բայց ես ասում եմ՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այլընտրանքը Թուրքիան է։ 2020 թվականի պատերազմին նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Թուրքիան եկել է տարածաշրջան, որպեսզի ավարտին հասցնի Հայոց ցեղասպանությունը, հիմա ո՞րն է նրա կարծիքը փոխելու շարժառիթը, այն պարագայում, երբ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել ոչ մի հարցում։
Էլի եմ ասում՝ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրա համար կան արտգործնախարարություն, Անվտանգության խորհուրդ, այլ կառույցներ, որ դիվանագիտական ճանապարհով եղած խնդիրները փորձեն հարթել, այլ ոչ թե դաշնակցին սարքեն թշնամի ու Հայաստանի անվտանգային դարպասները բացել իրական սպառնալիք Թուրքիայի առաջ։ Սա կատարյալ հիմարություն է պետության անվտանգության տեսանկյունից, բայց իրենց տեսանկյունից միգուցե տրամաբանական է, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնելու օպերացիան։
– Այդ ճանապարհին Նիկոլ Փաշինյանին խոչընդոտող որևէ հանգամանք չի՞ լինելու, պարո՛ն Շարմազանով։
– Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց ու դեռ մարսում է, պաշտոնավարման մասով եմ ասում: Ռուսաստանից լրագրող էր զանգել, ասում էր՝ ռազմաբազան հանում են, ՀԱՊԿ-ից են ուզում դուրս գալ, ասում եմ՝ քեզ ի՞նչ է թվում ՀԱՊԿ-ում լինելը մեզ համար ավելի՞ կարևոր է, քան Արցախ հանձնե՞լը: Արցախը հանձնեց՝ մնաց, Արցախը հայաթափում էին, մտա՞վ ուղիղ եթեր, ասաց՝ ես չեմ խառնվելու, դիտորդ եմ, ու դրանից հետո այդ մարդն էլի մնում է, ինչի՞ց ենք զարմանում։
Ես մի բան գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական վարկանիշ, նրա քաղաքական հակավարկանիշը ամենաբարձրն է՝ պատմական մաքսիմումի է հասել, ու պատմական մինիմումի՝ նրա վստահությունը։ Ինձ մոտ տպավորություն է, որ ինքն ընկել է իր հետևից, ինչ չի կարելի անել, ինքն անում է։ Կարծում եմ՝ ինքն աշխարհաքաղաքական պատի մեջ է հայտնվել, ու դրանից դուրս գալու միակ տարբերակն այն է, որ անի այնպես, հետո ասի՝ դե, ժողովուրդը հեռացրեց, ինչ անեմ, իսկ ժողովուրդն էլ քաղաքական ուժերի հետ քնած է, բայց հուսամ՝ կարթնանա։
Հայկ Մամիջանյանն այնքան ճիշտ է ներկայացրել՝ կա՛մ կլինի Նիկոլը, կա՛մ Հայաստանը, առանց այն էլ Հայաստանից մնացել են փշրանքներ: Հստակ ուզում եմ ասել, որ սրանք Հայաստանի անկախության, սուվերենության անվան տակ Հայաստանը տանում են դեպի թրքացում, տոտալ թրքացում, սրանք կապ չունեն ինքնիշխանության հետ։ Հայաստանը պատերազմից հինգ պակաս է, ռուսներին այստեղից հանում են՝ ի՞նչ անեն, ռուսների հետ թշնամանում են, որ ի՞նչ անեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am