Հարցազրույցներ

Դիմավորե՛ք Զելենսկուն, Ալիևին էլ դիմավորեք… Արևմուտքն էլ ա հասկանում, որ քո օրերը հաշված են… Լուկաշենկոն էլ իրեն պահում է Նիկոլի հոպարի նման. Շարմազանով

27.02.2024

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ոչ բոլոր քաղաքական դերակատարներն են գիտակցում, որ Հայաստանը գտնվում է շատ կարևոր պատմական շրջափուլում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիկունքը բացել է, պայթեցնում է ներսից։ Բացել է Հայաստանի տանիքը, պատերը, դռները թուրքական նվաճման առաջ։
  • Ակնհայտ է, որ Արևմուտքն ունի հստակ նպատակ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերումը, նրա ազդեցության չեզոքացումը, Հայաստանից ռուսական ռազմաբազայի հանումը։ Նիկոլ Փաշինյանին թուրք-արևմտյան շրջանակներից պատվեր է իջել Հայաստանը դարձնել Ուկրմենիա, 2-րդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, որի դիմաց ինքը կստանա անվտանգության երաշխիքներ՝ դրսում իր կյանքը վայելելու համար։ Ինչքան պետք է հայրենիքդ չսիրես, որ այն դարձնես պոլիգոն Արևմուտքի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև։
  • Ռուսաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ կարող էին լինել, եթե մենք ունենայինք խելամիտ իշխանություն, բայց Փաշինյանը հակառակ Իրանի՝ տարածաշրջան է բերում եվրոպացի դիտորդներ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում է, դու կնոջդ ուղարկում ես Բուչա։ Դու ի՞նչ մեսիջ ես փոխանցում, ի՞նչ ես ուզում ասես։ Ես չեմ ասում՝ դրոշակդ վերցնես՝ Ռուսաստան պաշտպանես, բայց կարո՞ղ ես գոնե ձայնդ կտրել, վեր ընկնել։ 
  • Ընդունում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ իշխանության մնաց Ռուսաստանի աջակցության արդյունքում։ Ձեզ հայտնի՞ է պատմության մեջ մի գործիչ, որ Ռուսաստանի պես գերտերության դեմ դեմարշ անի, այդ գերպետությանը գցի, ու այդ գործիչն ու ժողովուրդը դա մարսեն։
  • Պուտինի ղեկավարած երկիրն է քեզ 165 դոլարով գազ տալիս, Պուտինի ղեկավարած երկրում է ապրում 3 միլիոն հայ, էդ երկիրն է 30 տարի պաշտպանել քո արտաքին անվտանգությունը, այդ երկիրն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը… Զելենսկին պրոադրբեջանական գործիչ է։ Ուկրաինան մշտապես 30 տարի միջազգային հարթակներում քվեարկել է Հայաստանի, Արցախի դեմ, Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, Զելենսկին Ալիևին շնորհավորել էր Շուշիի գրավման առիթով, հիմա դու այդ մարդուն բերում ես Հայաստան, որ ի՞նչ անես, որ չափալախ ուտե՞ս։
  • Դու ո՞վ ես, որ մտել ես Ուկրաինա-Ռուսաստան առճակատման մեջ։ Դու սկի էնքան չկաս, որ քեզ հետ քո երկրի հարցերը լուծեն։ Քիթդ ինչո՞ւ ես խոթում։
  • 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով հանդիպեցինք Փաշինյանին, հարցրեցի՝ ԱՄՆ-ը կարո՞ղ է կանգնեցնել պատերազմը, պատասխանեց՝ ո՛չ, ԱՄՆ-ը ընտրությունների է պատրաստվում, մեր հավեսը չունեն՝ «Не до нас»: Հարցրեցի՝ իսկ Ֆրանսիա՞ն՝ ասաց՝ ո՛չ, Մակրոնը էդքան ազդեցություն չունի Ալիևի վրա։ Ասացի՝ բա ո՞վ կկարողանա կանգնեցնել պատերազմը, ասաց՝ Պուտինը։ Այ տղա, բա որ էդքանը գիտես, հիմա դու դուրս ես եկել էդ երկրի դեմ, որ ի՞նչ անես։ Կրկնում եմ՝ Հայաստանի շահերից է բխում, որ որպես պետություն՝ որևէ գերտերության հետ վատ հարաբերություններ չունենանք։
  • 2018թ․Հայաստանում չարիքի հեղափոխությամբ արտաքին ուժերն ունեցել են երկու նպատակ՝ հակաարցախյան և տարածաշրջանից Ռուսաստանին հանելու՝ որպես դրա հետևանք։
  • Հայաստանի որևէ ղեկավար երբևէ այսքան բացասական վարկանիշ չի ունեցել, որքան Նիկոլը։ Նա ընկել է ինքն իր հետևից։ Արևմուտքն էլ ա հասկանում, որ սրա ժամանակն անցել է, օրերը հաշված են։ Կբերեն Նիկոլին փոխարինող մեկին, ով կլինի Արևմուտքի սրտով։ Ասել եմ՝ 2024թ.-ին Նիկոլ չի լինելու, բայց մեր խնդիրն այն է՝ այնպես անենք, որ այդ ժամանակ պետություն ունենանք։
  • Չի կարող քիչ թե շատ անալիտիկ մտածողություն ունեցող, քաղաքականությամբ ապրող, հայկական արյուն ունեցող մարդը չհասկանալ, որ Փաշինյանը մեզ տանում է կործանման։ Փաշինյանի ՔՊ-ում նրա թիմակիցներից շատերն էլ են դա արդեն հասկանում:
  • Նիկոլը ոչ ոքից լավ տղա չի։ Պալատական հեղաշրջումից ապահովագրված չէ։

 

  • Ռուսաստանը մի անգամ երաշխիք տվել է Նիկոլին, էլ չի տա, Արևմուտքը նույնպես ձեռքերը կլվանա։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Փաշինյանն ամենաձեռնտու քաղաքական գործիչն է։
  • 1954թ․ ԽՍՀՄ-ը պաշտոնապես նամակով դիմել է, որ դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և երբ պաշտոնապես մերժվել է, 1955թ.-ին նոր ստեղծել է Վարշավյան պայմանագիրը։
    • Այսօր էքզիստենցիալ խնդիր է՝ ազատվել այս տգետ, ոչ պրոֆեսիոնալ, ազգադավ իշխանություններից ու փոխարենն ունենալ փորձ ունեցող, պրոֆեսիոնալ իշխանություն։
    • «Թազա ջահելը» ո՞րն է, փորձ ունեցող ղեկավար է պետք մեր երկրին։
    • Խելքի՛ եկեք, հակառուսականությունը կարող է կործանել մեր պետությունը։ 
    • Դաշնակցային հարաբերությունները երկկողմանի պիտի լինեն։ Չի լինում այնպես, որ մեկը քեզ 165 դոլարով գազ տա, պահի քո արտաքին սահմանը, արտաքին աշխարհի հետ միայն իր երկրի տարածքով՝ Լարսով կապ ունենաս, ու դրա դիմաց ստանա թշնամանք։
    • Եթե պատերազմի անոնս ես անում, լավ թե վատ, անվտանգային հովանոցը՝ թեկուզ մի քիչ մաշված, ոչ մոդեռն հովանոցը գլխիցդ հանում ես, որ կարկուտը գլխիդ խփի՞։
    • 2021թ․ Նիկոլն ընտրության է գնացել երկու կարևոր թեզով՝ խաղաղություն և Արցախի հարցով՝ «անջատում՝ հանուն փրկության»։ Ինքը խոստովանել է, որ պատերազմ է լինելու, Արցախն էլ ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ ընտրությունների ընթացքում ժողովրդին տված երկու խոստումներն էլ խախտել է: Հետևաբար, Նիկոլը լեգիտիմ չէ։ Էդ հեքիաթները թող պահի իրեն։ 
    • Ծիծաղելի է Արմեն Գրիգորյանի անվան կողքին կարդալ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար։ Արմեն Գրիգորյանը ամենաշատը, ինչի կարող է հավակնել՝ Հայաստանի պանթուրքիստական դաշինքի անվտանգության քարտուղար լինելն է։ Արմեն Գրիգորյանն անգամ իրենց ՔՊ-ի թիմի ներսում հակասություններ ունի։ Ներիշխանական ճգնաժամն ակնհայտ է, իշխանությունը ճաքեր է տվել։ ՔՊ-ի ներսում գնալով հակասական հայտարարություններն ավելանալու են։
    • Արևմտյան հարթակն ինձ մոտ տխուր հիշողություններ է արթնացնում, որովհետև արևմտյան հարթակում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, այդ հարթակում այն հանձնվեց Ադրբեջանին։
    • Բա ձեզ ի՞նչն է հետաքրքրում… Դուք էնքան կաք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի կարծիքը ձեզ չհետաքրքրի՞։ Դիմավորեք Զելենսկուն, Ալիևին էլ դիմավորեք։
    • Արևմտյան դեսպանները որևէ ձայն հանեցի՞ն, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զոհվեց դատարանի դահլիճում։ Էդ Նավալնին սրբազան կո՞վ էր։ Արևմտյան դեսպաններն ո՞ւր են, երբ Արմեն Աշոտյանն 8 ամիս նստած է։ 
    • Ինձ համար դատապարտելի ու անընդունելի դիրքորոշում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական հանցագործություն կատարած էակին Ադրբեջանին վերադարձնելու՝ Ռուսաստանի որոշումը։ Երբ Հայաստանը դեմարշ է անում Ռուսաստանի դեմ, սպասե՛ք ավելի վատ քայլերի, որոնցից օգտվելու են Ադրբեջանն ու Թուրքիան:
    • 44-օրյա պատերազմից հետո արցախահայությունը Արցախ էր վերադարձել ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի, այլ ռուս խաղաղապահների հույսով։ Այնպես որ, այստեղ խնդիրներ կան, ու դրանց մասին պետք է անկաշկանդ խոսել, քննարկել, բայց դեմարշ անել գերտերության դեմ, որի հետևանքը նոր տարածքներ կորցնելը կլինի, անընդունելի է։
      • Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանին Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում, հաջողվեց հասնել նրան, որ բացարձակ կոնսենսուսով ընդունվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դա Սերժ Սարգսյանի մեծագույն դիվանագիտական նվաճումներից էր։
      • Լուկաշենկոն իրեն պահում է Նիկոլի հոպարի նման։ Նա Նիկոլի եվրասիական հոպարն է, ով իրեն վերապահել է Նիկոլին թևի տակ պահելու, ձեռքի հետ էլ՝ նախկիններին կծելու գործառույթ։ Բոլորդ լսել եք Լուկաշենկո-Սարգսյան հայտնի զրույցը 5 միլիարդի մասին։ Սերժ Սարգսյանի պատասխանը պետական գործչի մոտեցում էր։ Եթե փողով հող տալը նորմալ է Լուկաշենկոյի համար, միգուցե լեհերն էլ Գրոդնոյի ու Բրեստի համար 10 միլիա՞րդ են առաջարկում, դե թող Լուկաշենկոն հանձնի… Մենք երբեք չենք բանակցել հանձնելու համար, այլ բանակցել ենք ինչ-որ բան ձեռք բերելու համար։
      • Հայաստանում իրական ազգային իշխանության գալու դեպքում շատ հարցերում հնարավոր է լինելու անիվը հետ շրջել։
    • Մանրամասները՝ տեսանյութում։

      Սաթիկ Սեյրանյան

      168.am

       

← Վերադառնալ ցուցակին