Հարցազրույցներ

Չեմ կարծում, թե Սուրեն Պապիկյանը չի գիտակցում՝ Փաշինյանն ինչ կարող է բերել իր գլխին, բայց դա Փաշինյանի կողքերը ֆռֆռացողների խնդիրն է. Տիգրան Աբրահամյան

15.02.2024

 Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ «Հատուցում» անվանված ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ:

 

Նշենք, որ մեկ օր առաջ ադրբեջանական կողմը սադրանքի համար քարոզչական ֆոն էր ստեղծել, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր փետրվարի 12-ին, ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»: Իսկ զոհերը ԵԿՄ-ից էին, ինչն ակտիվացրեցին խոսակցությունները, ընդ որում՝ նաև իշխանամերձ շրջանակներից, որ նրանց չպետք է դիրք վստահել, քանի որ կարգապահության մասին նրանց պատկերացումներն այլ են: Եվ սա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո 3 տարի իշխանություններն անտեսել են մասնագետների դիտարկումներն այս առումով, թեպետ խոսում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին։

 

168.amը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը, երբ մի կողմից՝ ունենք երկարացած սահմանագիծ, մարդկային ռեսուրսի խնդիր, մյուս կողմից՝ ՄՈԲ-ի ու ԵԿՄ-ի դիրքապահները կարգապահության խնդիր ունեն և համարժեք չեն նաև դիմացը կանգնած թշնամուն:

 

– Անկախ նրանից, թե մարտական հերթապահություն ԵԿՄ-ն է իրականացնում, վարժական հավաքի մասնակիցները, պայմանագրայինները, թե ժամկետայինները, նրանք առաջնորդվում են միևնույն օրենքներով և կանոնադրություններով:

Եթե այս դեպքում խոսքը նրանց կարգապահության մասին է, ապա դա ՊՆ Ռազմական ոստիկանության գործառույթն է: Ի՞նչ է նշանակում, թե նրանց չպետք է դիրք վստահեն, որովհետև կարգապահական կամ մեկ այլ խնդիր կա: Եթե նրանց ծառայությունն առողջական, տարիքային կամ մեկ այլ հիմքով չի համապատասխանում օրենսդրությանը, ապա նրանք առհասարակ չպետք է ծառայություն իրականացնեն: Իսկ եթե ՊՆ-ն կամ կառավարությունը որոշում ունեն, որ այդ մարդիկ պետք է ծառայություն կրեն, ապա մնացած բոլոր հարցերը՝ սոցիալականից մինչև կարգապահական, ՊՆ-ի կարգավորման տիրույթում են, և խնդիրները նրանք իրենց մեջ պետք է փնտրեն:

Ի դեպ, քանի որ խոսք եղավ ԵԿՄ-ի մասին, ապա չեմ կարող նաև չասել, որ ինքս մարտական դիրքերում հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր ԵԿՄ-ի դրոշի ներքո մարտական հերթապահություն են իրականացնում և դա անում են պատշաճ մակարդակով: Պետք չէ տարբեր անձանց կամ խմբերի խնդիրները բոլորի վրա տարածել: Այստեղ խնդիրն այն է, որ ԵԿՄ-ն՝ որպես կառույց, իր վրա դրված մարտական խնդիրների լուծման համար պետք է հավաքներն անհրաժեշտ սկզբունքների ապահովման վրա անի և դիրքեր բարձրացնի անձանց, ովքեր գիտակցում են իրենց՝ դիրքում լինելու պատասխանատվությունը և ի վիճակի են իրենց վրա դրված խնդիրները կատարելու:

Պետք չէ գնալ թվի ու դրա մեծության վրա կենտրոնանալ, որպեսզի մեծ-մեծ խոսեն ու տարբեր իրավիճակներում որպես ռեսուրս քաղաքական կապիտալ ունենան կամ սարքեն: Ճիշտ է՝ մի փոքր շատ կենտրոնացա կոնկրետ ԵԿՄ-ի վրա, բայց թեմայի հետ առնչվող անձանց համար ակնհայտ է, որ մարտական հերթապահություն պետք է իրականացնեն կանոնավոր զորքերը, որոնց մարտունակության աստիճանը, միմյանց հետ գործելու ներդաշնակությունն ու կարգապահությունն այլ աստիճանի է: Իշխանությունն իր խնդիրը Զինված ուժերի մասով չի կատարում և ստիպված է լինում մեծ բացը լրացնել ԵԿՄ-ի կամ վարժական հավաքի մասնակիցների միջոցով:

 Ի դեպ, Դուք ինչպե՞ս եք բացատրում այն, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական առաջխաղացումների և մխրճումների հատվածներում հենց իրենք են կանգնած՝ ՄՈԲ, ԵԿՄ:

– Կարծում եմ, որ սահմանի վտանգավոր հատվածներում և ուղղություններում պետք է տեղակայված լինեն կանոնավոր ստորաբաժանումները: Մյուս կողմից, Ադրբեջանը ինչպես Ներքին Հանդի, այնպես էլ մեծ թվով այլ ուղղություններում իր առաջխաղացումն ապահովել է 2021-22 թվականներին և դա թույլ տալու քաղաքական պատասխանատուները ոչ միայն ճաղերի հետևում չեն, այլ երկիր են կառավարում:

Ադրբեջանը մեծ թվով տեղամասերում, այդ թվում՝ Ներքին Հանդում, իր ապօրինի ներխուժումների հետևանքով դիրքային հսկայական առավելություն է ստացել, ինչը նման իրադրության պայմաններում օգտագործում է և առավելագույն կորուստներ պատճառում հայկական զինուժին:

– Դուք ունե՞ք մտավախություն, որ Ներքին Հանդի դեպքը կհանգեցնի այլ վտանգավոր փաստի, երբ ռեսուրսի սղության պայմաններում կամավորականներին կիջեցնեն դիրքերից։

– Հայաստանյան այս իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել, որովհետև մարդիկ իրենց աչքով տեսել ու իրենց մաշկի վրա զգացել են սրանց քաղաքականության ծանր հետևանքները՝ մարդկային և տարածքային կորուստների ձևով: Իսկ ռեսուրսների սղության կամ համալրման հետ կապված հարցերի լուծումն այլ տեղ է՝ կենտրոնացում պայմանագրային անձնակազմի թվի կտրուկ մեծացման վրա, որի հիմքում մեծ թվով գործոններ կան, այդ թվում՝ աշխատավարձային, ինչն իշխանությունը փորձում է լուծել երկար ու անորոշ ձևակերպումներով: Եվ այս դեպքում, եթե ԵԿՄ-ի մասով կտրուկ փոփոխությունների պետք է գնալ, ապա ոչ թե պատժելու կամ առանց քննարկելու ու վերլուծելու նրանց ծառայությունից զրկելու, այլ ճիշտ սելեկցիա իրականացնելու ճանապարհով:

Եթե չեմ սխալվում, ԵԿՄ վարչության նախագահը վերջերս 10.000 թիվ էր հնչեցնում անձանց, ովքեր ներգրավված են մարտական հերթապահությունում: Պետք է խիստ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնի վրա՝ առողջական և տարիքային:

Վերադառնալով հիմնական ասելիքիս՝ իրավիճակը կարող է մեծ փոփոխություններ ունենալ այն ժամանակ, երբ խնդիրն ամբողջությամբ կդրվի կանոնավոր ստորաբաժանումների վրա, սակայն իշխանության քայլերն ու կամքի բացակայությունը դեռ երկար ժամանակ մեզ համար նման հնարավորություն չի բացի:

 Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների: Սա վտանգավոր հայտարարություն չէ՞։

– Փաշինյանն իր բնույթով և կենսագրությամբ քայլող սադրիչ է, և բացառություն չէ առաջնագծի ու բանակին առնչվող հայտարարությունների բնույթը: Իշխանությունը սեփական կամքով փակում կամ սահմանափակում է Ադրբեջանի հետ բանակցելու իր հնարավորություններն ու ճկունությունը, իսկ հետո, ինչպես վերջին 6 տարիներն են արձանագրում, իր մոտ որևէ բան չի ստացվում, հատկապես այն ամենը, ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը: Քանի Նիկոլ Փաշինյանը կա, մեղմ ասած, մեր գործերը միշտ վատ են գնալու, իսկ Հայաստանում ապրող մարդը ոչ թե մտածելու է ապրելու, ստեղծագործելու կամ պաշտպանելու մասին, այլ լուռ հեռանալու:

– Հնարավոր համարո՞ւմ եք որևէ ուղղությամբ էսկալացիան։

– Դժվար է երկրում լուրջ մարդ գտնել, ով կարող է բացառել ռազմական գործողությունների վերսկսկման հանգամանքը: Նախ ժամանակներն են, այսպես ասած, բարենպաստ՝ հիմքում ունենալով գործող իշխանությունների արկածախնդիր պատկերացումները, երկրորդ՝ իշխանության հռչակած խաղաղության ճարտարապետությունը վաղուց տապալվել է, ուղղակի այն չեն թաղել՝ դրանից բխող հետևանքներով:

– Ի՞նչ խնդիր է լուծում Ալիևը տեղեկատվական և գործնական սադրիչ գործողություններով, և ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով և հայտարարություններով: Չմոռանանք Հակարիի կամրջի դեպքը, երբ հայկական կողմի կրակոցն իշխանությունները չէին դատապարտել կամ ասել՝ չտրվել սադրանքի, իսկ ընդամենը մի քանի քայլ առաջացել և փորձել էին դրոշ տեղադրել ադրբեջանցիները:

– Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր տարածքային և դիվանագիտական ձեռքբերումները, իսկ Փաշինյանն իր հայտարարություններով անթաքույց սատարում է ադրբեջանական փառասիրությանը:

– Վերևում տրված հարցերից մեկի համատեքստում վերջին հարցը՝ Ձեր կարծիքով՝ չերևացող տարաձայնություն Պապիկյանի և Փաշինյանի միջև կարո՞ղ է լինել, ի վերջո, զինվորականները նախ նախարարի հետ գործ ունեն, թիրախում էլ նախ ՊՆ-ն է հայտնվում։

– Նիկոլ Փաշինյանն ատում է բոլորին՝ նույնիսկ իր թիմակիցներին, և ժամանակը ցույց է տվել, որ նա պատրաստ է բոլորին զոհաբերել՝ հանուն փողի, փառքի և իշխանության՝ թեկուզ մեկ օրով երկարաձգման, այնպես որ՝ չեմ կարծում, թե Պապիկյանը բացառություն է, առավել ևս՝ չեմ կարծում, թե նա չի գիտակցում, թե Փաշինյանն իր էությունից ելնելով՝ ինչ կարող է բերել իր գլխին: Բայց մեծ առումով, դա ՔՊ-ի ու Փաշինյանի կողքերը ֆռֆռացողների խնդիրն է, և յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես ու ինչ չափով կիսի փաշինյանական հանցագործությունների պատասխանատվությունը:

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին