Հարցազրույցներ
Ամեն ինչ անում են Գրիգորի Խաչատուրովին ոչ միայն փակի տակ պահելու, այլև դրանով վախեցնելու այն պոտենցիալ զինվորականներին, որոնք որևէ փուլում դիրքորոշում կարտահայտեն. Տիգրան Աբրահամյան
09.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն օրերս հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Նա նշել է, որ այդ գործերի շրջանակում գրեթե բոլոր ուղղություններով ավարտական տեսք ունեն, և, որ ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթներն ըստ ուղղությունների բաժանվել են:
«Այն է՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 18-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 1-ին բանակային կորպուսի, Շուշիի պաշտպանության ուղղություն, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի խնդիրների հետ կապված առանձին ուղղություն և ևս մեկ ուղղություն: Սրանք են եղել հիմնական ուղղությունները, որոնցով մենք քննություն ենք կատարել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- մանրամասնել է Քյարամյանը:
Որքանո՞վ են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում նշած ուղղությունները տալու պարտության պատճառների պատասխանները և բացահայտելու հանգամանքները, եթե, իհարկե, արդարացի և համալիր քննություն էլ տարվի:
Արգիշտի Քյարամյանի հարցազրույցում 2020 թվականի պատերազմի վերաբերյալ այս ու այլ պնդումների և անվտանգային մի շարք հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Անկախ այն հանգամանքից, թե իշխանություններն այդ քննությունները տեխնիկական տեսանկյունից ինչ ուղղությամբ են տարել, դրանից դրանց էությունն ու բովանդակությունը չի փոխվում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն ամենաբարձր մակարդակով «նշանակել» է մեղավորներ, պատասխանատուներ՝ ըստ իր քաղաքական նպատակահարմարության, և ողջ իրավական գործընթացը տարել է այդ ուղղությամբ: Բնականաբար, այդ մոտեցումը նաև առաջ է մղվելու, երբ այդ գործերը մտնեն դատարան, որոնք դեռ չեն մտել: Ուստի, կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, թե տեխնիկական ինչ լուծումներ են տրվել, դրանից որակական և իրական հանգամանքների առումով էական փոփոխություններ պետք չի ակնկալել:
– Ի դեպ, Արգիշտի Քյարամյանն անդրադառնալով պատերազմում պարտության պատճառներին, շեշտել է, որ դա 1, 2, 3 և նույնիսկ 10 հանգամանքից կախված չէ, այլ «կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունը կամ անգործությունն է նպաստել պարտությանը վրա հասնելուն»: Արդյո՞ք նորից միայն բանակը, զինվորականությունը չէ մեղավոր հռչակվում, և սա՝ այն դեպքում, երբ ԳՇ նախկին ղեկավարությունը և զինվորականությունը քննչական մարմիններին ներկայացրել են իրական փաստեր, անգամ նրանք, ովքեր Քննիչ հանձնաժողով չեն գնացել:
– Բնականաբար, տարբեր իրավիճակներ և տարբեր անձինք պատասխանատվության տարբեր չափաբաժիններ ունեն, և այստեղ հենց խնդիրը դրանում է, որ իշխանությունը փորձում է ըստ նպատակահարմարության մեծացնել բոլորի պատասխանատվությունը և դրա հաշվին իջեցնել քաղաքական իշխանության ու պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության չափաբաժինը: Այս գործերով կարող են անցնել հարյուրավոր, հազարավոր մարդիկ, բայց դրանց սկզբունքներում պետք է լինի հետևյալը՝ ի սկզբանե պատերազմի կանխատեսելիության պայմաններում ինչո՞ւ պետությունը ժամանակին ռազմական ռելսերի վրա չի դրվել, քանի որ հենց միայն այդ հանգամանքով պայմանավորված՝ առաջին օրերին ունեցել ենք և՛ հսկայական մարդկային, և՛ դիրքային կորուստներ: Ավելին, հետագայում պարզ է դարձել, որ պատերազմի առաջին օրն իրավիճակին անպատրաստ ներկայանալն է, որ բերել է բավականին ծանր հետևանքների: Կան դրվագներ, դեպքեր, իրադարձություններ, որոնք այսօր քննարկվում են, տեղի է ունեցել կոնկրետ հանցագործություն, բայց դրանք հետևանքն են իշխանության վերին օղակների հանցավոր անգործության:
– Հնարավո՞ր է՝ նոր մեղադրանքներ, նոր ձերբակալություններ լինեն զինվորականության շրջանում՝ և՛ 44-օրյա պատերազմի համատեքստում, և՛ դրանից դուրս:
– Հաշվի առնելով քաղաքական տեսանկյունից իշխանության մոտեցումները՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, ոչ կարելի է բացառել, ոչ էլ հաստատել իրադարձությունների նոր ընթացքը, առավելևս՝ դրանում նոր գործոնների ներգրավումը, քանի որ դա քաղաքական որոշակի իրավիճակից է կախված: Բայց եթե խոսում ենք հանրության համար կարևոր կամ իրական պատճառների, հանգամանքների բացահայտումից, ապա այս իշխանության օրոք, բնականաբար, բոլոր հարցերի պատասխանները չենք ստանալու: Այսինքն, դրանց մի մասը քողարկվելու է, մի մասն էլ պատասխանատվության մասով լղոզվելու է: Ի սկզբանե խնդիր է դրված՝ պետական կառավարման համակարգի առանցքային դեմքերի, քաղաքական իշխանություն ունեցող անձանց պատասխանատվությունը կամ զրոյացնել, կամ էականորեն նվազեցնել:
– Վերջերս կառավարությունը որոշեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Բայց սրան զուգահեռ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ Գրիգորի Խաչատուրովին և վճռաբեկ բողոք է ներկայացրել:
– Կարծում եմ, հասկանալի է, որ Գրիգորի Խաչատուրովի հետ կապված հարցում չկա իրավական պրոցես: Ի սկզբանե կար ընդգծված քաղաքական գործընթաց, նաև որոշակի վրեժխնդրություն հաղթող հրամանատարի և, առհասարակ, այնպիսի զինվորականների նկատմամբ, որոնք մշտապես բոլոր իրավիճակներում ունեցել են հաղթողի կարգավիճակ, ունեն մեծ հեղինակություն: Եվ այսպիսի մարդկանց ներկայությունը մեր իրականությունում այս իշխանության համար արդեն իսկ ավտոմատ վտանգավոր է դարձնում նրանց: Եվ սա է պատճառը, որ ամեն ինչ անում են Գրիգորի Խաչատուրովին ոչ միայն փակի տակ պահելու համար, այլև դրանով վախեցնելու մնացած բոլոր այն պոտենցիալ զինվորականներին, որոնք որևէ փուլում դիրքորոշում կարտահայտեն կամ իրենց սկզբունքայնությունը հրապարակային կդրսևորեն: Սա է խնդիրը:
– Խաղաղության պայմանագրից սահմանազատման գործընթացի դուրսբերումն ի՞նչ ռիսկեր է պարունակում: Ի դեպ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ շահերին դեմ փաստաթուղթ չեն ստորագրի, միաժամանակ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել զորքի հայելային հետքաշումը, ինչն Ադրբեջանը մերժել է:
– Չեմ կարծում, որ ԱԽ քարտուղարի հայտարարությունները որևէ ձևով երաշխիք են, որ այդ գործընթացները հայ ժողովրդի շահերն արտահայտող կլինեն, որովհետև նույն Արմեն Գրիգորյանը, նրա քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և մնացածներն ամեն տարի խոսում են հայկական շահերի պաշտպանության մասին, բայց ժամանակները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր տարի ՀՀ-ն քաղաքական, ռեգիոնալ, տարածքային և մարդկային կորուստներով է անընդհատ դուրս գալիս՝ որպես պարտվող կողմ: Այնպես որ, այդ խոսքերը, որոնք օդում հնչեցվում են, մեր քաղաքացիների համար որևէ ձևով վստահելի չեն: Այն պրոցեսները, որոնք այս ընթացքում ենք մենք տեսել՝ 5-5.5 տարվա ընթացքում, արդեն իսկ ցույց են տալիս, որ քաղաքական այս իշխանությունը երկիրը տանում է պարտությունների, անկումների և կորուստների ճանապարհով:
– Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9 կամ 10-ի փաստաթուղթը հիմա գոյություն ունի՞, թե՞ չկա այն գործնականում, սպառվել է: Հայկական կողմը, ըստ էության, ակնարկում է, որ այն չկա, բայց Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հղում է անում դրան:
– Ըստ էության, այդ փաստաթուղթը գոյություն չունի, չնայած որ դրան որոշակի պարբերականությամբ հղում անում են: Այդ փաստաթուղթը նախ ամբողջությամբ օգտագործվեց սպասարկելու ադրբեջանական շահերը, և որոշակի դանդաղեցում եղավ այն հարցերում, որոնք կարող էին բարենպաստ իրավիճակ ստեղծել հայկական կողմի համար, Ադրբեջանը մերժեց և գնաց ռազմական գործողությունների ճանապարհով: Հիմա էլ կոնկրետ, այսպես կոչված, միջանցքի թեմայի հետ կապված է փորձ արվում դա առաջին պլան բերել: Բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իր նպատակին չի ծառայել, կրկնում եմ, այն ծառայել է բացառապես ադրբեջանական շահերին և ապա ուղարկվել «աղբանոց»:
– «Ազատությանը» տված հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալն ասել է, որ «Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը», այլապես Ադրբեջանը կընկալվի նույնկերպ, ինչպես ՌԴ-ն՝ Ուկրաինայում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ կարող է ռիսկային լինել կամ ձեռնտու չլինել ուժի կիրառումն Ադրբեջանի համար:
– Իհարկե, կան որոշակի ռիսկեր, որոնք տարբեր փուլերում հաշվի են առնվում: Բայց 2020 թվականից հետո արդեն իսկ ականատես ենք եղել ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ ադրբեջանական ներխուժումներին, և որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Որևէ մեկը չի կարող բացառել, որ թուրք-ադրբեջանական ջանքերով, ինչո՞ւ չէ՝ աշխարհաքաղաքական, ռեգիոնալ որոշակի զարգացումների պայմաններում կարող են իրադարձություններն այնպիսի ընթացք վերցնել, որի պարագայում Ադրբեջանը նոր ագրեսիայի դիմելու հնարավորություն ստանա:
Այնպես որ, չեմ կարծում, որ իրադարձությունների նման զարգացումը լիովին բացառելի է, իհարկե, ռիսկեր կան, բայց, որպես կանոն, Ադրբեջանը կամ այդ ռիսկերին չի նայում, կամ մտնում է դրա մեջ՝ օգտվելով ՀՀ իշխանությունների վարքից և ձախողումներից:
Մարիամ Պետրոսյան
168.am