Հարցազրույցներ

Վերջերս Լուկաշենկոյի հետ շատ է շփվել, երևի, մարդու սիրտը բացարձակ իշխանություն է ուզում. Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

07.01.2024

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 

– Պարո՛ն Շարմազանով, նոր տարվա մեկնարկին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը մարզային այցեր է սկսել, ստուգում է մարզասրահների կախիչների, ցնցուղների որակները, Լոռու մարզպետին աշխատանքից հեռացրեց։ Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է փորձում սրանով ցույց տալ Փաշինյանը։

– Նողկանք առաջացնող էժանագին բեմադրություն է սա, երբ քո պետության մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրը օկուպացված է ադրբեջանցիների կողմից, դու գերիներ ունես այնտեղ, ունես պատերազմի սպառնալիք, չլուծված հարցեր, Արցախից եկած 120 հազարից ավելի անտուն գաղթականներ, ու քո օրվա խնդիրը կախիչի պինդ լինե՞լն է։ Սա էժանագին տեսարանների ցուցադրություն է, փորձում է ժողովրդին ցույց տալ, որ ինքը շատ լուրջ ղեկավար է։ 

 

Հարց եմ տալիս իրեն․ էդ որ կախիչի համար մարդ ես ազատում, բա որ Արցախը տվեցիք, 5000 հոգի զոհեցիք, բա ինչի՞ չհեռացար պաշտոնից, 15 զինվոր Ազատ գյուղի զորամասում վառվեց, բա մի հոգի ինչո՞ւ դուրս չեկավ աշխատանքից, ինչու՞ պաշտպանության նախարարը, շտաբի պետը չհանվեցին, բա որ Ազգային ժողովի նախագահը թքեց քաղաքացու վրա, բա ինչի՞ չհեռացրեցիր՝ որն ասեմ։ Սա ծիծաղելի է, մարդկանց ձեռ առնել է։ Վերջերս Լուկաշենկոյի հետ շատ է շփվել, երևի, փոշին նստել է վրան, մարդու սիրտը բացարձակ իշխանություն է ուզում։ 

Ո՞նց կարող է ժողովրդավարական երկրում, ուղիղ եթերում պետության վարչապետը մեկ այլ պաշտոնյայի նսեմացնի, մի կողմ դնենք այն, որ Ղուլյան Արմենը չպետք է կռանար դա վերցներ, բայց հորդ տարիքի մարդ է, դու ո՞նց ես նման բան թույլ տալիս։ Էլեմենտար դաստիարակության հարց է, դրանով ի՞նչ եք ուզում ցույց տալ։ 

Ես մի բան գիտեմ՝ ով նսեմացնում է, նա էլ նսեմացվում է, իրեն Ալիևն է նսեմացրել, սա էլ Ալիևի մուռն այս խեղճ ժողովրդից է հանում։ Ընդդիմությունից ում կարողացավ բռնեց, նստեցրեց, հիմա էլ ընկել է պաշտոնյաների ջանին։ Այստեղ և՛ հոգեբանական, և՛ աշխարհայացքային, և՛ բարոյական, և՛ պետական խնդիր կա։ 

Հոգեբանականը, ասում եմ՝ բարդույթ է, կոչվում է Ալիևի բարդույթ։ Ալիևն իրեն ինչ ասես չասաց, չեմ էլ ուզում կրկնել, փոխարենը Ալիևին պատասխանի, հիմա այդ կոմպլեքսավորված վիճակով ուզում է ցույց տալ, թե ինքը Հայաստանի միակ տղամարդն է, ուզում է բոլորին նսեմացնել, դա կարելի է առանց տեսախցիկների էլ անել, կամ դա քո գո՞րծն է։ Հայաստանի սահմանների փոքրանալն այս մարդուն ավելի քիչ է հետաքրքրում, քան բասկետբոլի շթի կամ կախիչի որակը, էդ է, ի՛նչ ասեմ։

– Բայց իր թիմակիցներն են, չէ՞, նրանց հետ ինչո՞ւ է այդ կերպ վարվում։

– Ես ասել եմ, այդ մարդը միայնակ գայլ է, նա, բացի մի հոգուց, որն իգական սեռի ներկայացուցիչ է, դա էլ դուք հասկացեք՝ ո՛վ է, բոլորին փուռն է տալու: Քաղաքական թիմում չկա այդպիսի մարդ, որ եթե պետք լինի նրա վրայով անցնել, Փաշինյան Նիկոլը վրայով չանցնի։ Եթե մի մարդ Լևոն Տեր-Պետրոսյանին, որին ինքը լիքը բանով պարտական է, ՀԱԿ-ի համար ամենավճռորոշ պահին թռավ ՀԱԿ-ից, էլ նրանից ի՞նչ եք ուզում։ Եթե սա Լևոնին է դավաճանել, հայրենիք է դավաճանել, էլ պաշտոնյան ո՞վ է իր համար, օգտագործում ու դեն է նետոււմ։ 

Նսեմացնում են նրան, ով ուզում է, որ իրեն նսեմացնեն. սա մի կողմ թողնենք, բայց պետության ղեկավարի գործելաո՞ճ է դա, էլեմենտար դաստիարակության հարց է սա, ո՞նց կարող է նորմալ մարդը դիմացինին նսեմացնելուց հաճույք ստանալ, ու դա եթեր տան, բա եթեր տվողնե՞րը։ Լուրջ եմ ասում՝ սա հոգեբանական լուրջ խնդիր է, բարդույթ է, կոչվում է Ալիևի բարդույթ։ Թող գնա 29000 քառակուսի կիլոմետրը վերականգնի, ոչ թե կախիչները, շթերը։

– Նպատա՞կն այս ամենի, պարո՛ն Շարմազանով։

– Իր համար առաջնային է իշխանության ամրապնդումը, մարդ, որն իր ընդդիմադիր եղած ողջ ընթացքում Հայաստանի նախկին իշխանություններին մեղադրում էր ոստիկանապետություն ստեղծելոււ մեջ, այսօր շրջապատված է ոստիկաններով, նախկինների ավտոշարասյունն էր մատնանշում, իր ավտոշարասյունը տեսե՞լ եք։ Տեսարաններ են պետք, քիչ չեն մարդիկ, որ սա տեսնելով կասեն՝ ա՛յ ղեկավար է, խիստ է:

Սա կարող է նաև քարոզչական կարճաժամկետ, բայց էֆեկտ տալ, ինքն ամեն ինչ ուզում է անել, որ ուշադրությունը շեղի առաջնային խնդիրներից՝ եկեղեցի, պետություն, պատերազմի իրական սպառնալիք, արժեհամակարգ, քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարության ճգնաժամը, գլխավոր խնդիրն է «խաղաղության» պայմանագիր, որ ինքն առավոտից երեկո խոսում է խաղաղության մասին, բայց Ալիևի բերանից մեկ անգամ գոնե խաղաղության մասին չենք լսում։ 

Այս իշխանությունը բարոյական ճգնաժամի մեջ է, սրանք ամոթ չունեն, ո՛նց կարող է Արցախի հանձնման նույն տարում իշխանավորը, բերանը բաց, քեֆ անի։ Սա բարոյական խնդիր է: Նպատակ եք հարցնում, շատ բարդ է նման արժեքներով, ավելի ճիշտ՝ չարժեքներով ապրող մարդկանց գործողություններում տրամաբանություն ու նպատակ գտնել, բայց մի բան կարող եմ ասել՝ հաց և տեսարաններ, Ներոնի ճանապարհով։ Ժողովրդին շեղում է իրական օրակարգերից, Նիկոլ Փաշինյանը տանում է ժողովրդի բթացման քաղաքականություն։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին