Հարցազրույցներ

Նիկոլ, մի հետույքով երկու աթոռին նստելը շատ ցավոտ է լինում. դարձել ես շպրտովի զենք. Հայկ Մամիջանյան

01.12.2023

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեր միջազգային գործընկերներից մեկը մի անգամ ինձ մի հարցով դիմեց։ Ասաց՝ ես Հայաստանի դիրքորոշումն Արցախյան հարցով 30 տարի գիտեի, հիմա Հայաստանն ի՞նչ է ուզում, չգիտեմ։ Դա ամռանն էր։ Այո՛, աշխարհը չի հասկանում՝ ի՞նչ է անում Փաշինյանը։ Մի հետույքով երկու աթոռին նստելը շատ ցավոտ է լինում։
  • Փաշինյանն ու իր խմբակը չեն դարձել իշխանություն։ Շարունակում են մնալ լայքի մեռած բլոգեր ընդդիմադիրներ։
  • Ալեն Սիմոնյանը չէ՞ր մի կես տարի առաջ ասում՝ մենք ՀՀ պատմության մեջ ամենապրոռուսական իշխանությունն ենք։ Մի քիչ էլ հետ գնանք, հիշեցնեմ՝ քիչ էր մնում ամբողջ ՔՊ-ական թիմով մայկաներ պատվիրեին՝ վրան գրված Պուտինի խոսքերը Փաշինյանի մասին՝ «Он не предатель»։
  • Երբ մարդը ամբողջ կյանքը գումար է վաստակել՝ սրան-նրան ծախվելով (խոսքը Փաշինյանի մասին է), սրան-նրան շանտաժ անելով, վիճակը սա պիտի լինի… 
  • Արա՛, մի հատ հավաքվեք իրար գլուխ, որոշե՛ք՝ Ղարաբաղը երբ են տվել, թե չէ՝ ամեն մեկդ մի թիվ եք ասում…
  • Վահագն Խաչատուրյանը դինամիկ է։ Նրա հայտարարություններին արձագանքելն անիմաստ է: Երբ ես հեռուստացույցով մի բան եմ լսում՝ դինամիկների, հեռուստացույցի, այլ առարկաների հետ կռիվ չեմ անում։ Ես սկզբնաղբյուրին եմ ասում՝ Փաշինյան, այո՛, դու ես հանձնել Ղարաբաղը։ Վահագն Խաչատուրյանը Փաշինյանի մոտ նախագահ է աշխատում։

 

  • Ադրբեջանցիները Փաշինյանին որպես նվերի են վերաբերվում, նրա «Խաղաղության խաչմերուկը» անվանում են ռոմանտիզմ, համեմատում են Սահակաշվիլու ու Զելենսկու հետ, ասում, որ նա նրանց նման Հայաստանը դարձնում է Արևմուտքի ու Արևելքի բախման տեղ։
  • Ես սահմանափակված եմ ու չեմ կարող հրապարակավ ասել, թե նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ինչպես էր Վրաստանով ապահովվում ապառազինության տեղաշարժը, ինչպես էին լուծվում այլ հարցեր։
    • Երբ Փաշինյանին Ալիևն ու այլ ադրբեջանցիներ ասում են՝ «հարբած ծաղրածու» կամ «լաթ», ես ամոթ եմ ապրում, որովհետև դա միայն իրեն չեն ասում, այլ մեր դրոշին, որի կողքը նա նստում է։
    • Միջազգային կառույցներում հստակ աշխատանքի արդյունքում արձագանք հնարավոր է ստանալ։ Բոլորովին վերջերս Եվրոպայի ամենախոշոր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բանաձև ընդունեց, որով ֆիքսեց՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Նույնը Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) պարագայում է, ով շատ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։
    • Եվրախորհրդարանի ինչ պատգամավոր որ տեսնում եմ, հարցնում եմ՝ ինչի՞ էիք ծափահարում Փաշինյանին։ Բոլորը պատասխանում էին՝ մենք հո նրա՞ն չենք ծափահարել, այլ հայ ժողովրդին։
    • Եվրոպացիներն ասում են՝ հանդուրժում ենք Փաշինյանին, որովհետև ինչ ասում ենք, անում է։ Այսինքն՝ Փաշինյանն աշխարհաքաղաքական գործիք է։
    • Սուտ ես խոսում, Փաշինյան։ Պարզ հարց եմ տալիս։ Սա գնում, Ալիևին խնդրում է՝ մի քանի ամիս մի կրակիր։ Նա ասում է՝ լավ, բայց դու էլ այսինչ բանը կանես։ Մեզ չի՞ հետաքրքրում՝ փոխարենն ի՞նչ է պահանջել։
    • Ես մեր հայրենակիցներին հարց ունեմ՝ Ալիևի սրտի վարչապետ ունենալը ձե՞ռք է տալիս։
    • Եթե վաղը Պակիստանը Փաշինյանին իշխանության պահպանման երաշխիք կարողանա տա, ինքը Պակիստանի դրոշով նասկիներ կհագնի, Խաչատուրյանը հայ-պակիստանյան բարեկամության մասին ճառեր կասի, իսկ Ալեն Սիմոնյանը կգնա ֆուտբոլ նայելու Պակիստանում։
    • Խնդրում եմ մեր հեռուստադիտողներին համեմատել վիզաների ազատականացման մասին եվրոպաշտոնյաների ելույթները 2016-2023թթ․։ Նույն բառաֆոնդն է։ Թող վիզաների ազատականացումը Էդմոն Մարուքյանը չծախի՝ որպես իրենց ձեռքբերում, այդ գործընթացի հիմքը դրվել է հենց նախկին իշխանությունների կառավարման շրջանում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նույն վիճակն է, ինչ մեր ժամանակ, մի միլիմետր առաջ չի գնացել։
  • (Ընթերցողին հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում խոսել էր  ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվող վիզաների ազատականացման գործընթացի մասին: Անդրադառնալով հաղորդավարի «կա՞ արդյոք որոշակի ժամկետ` վիզաների ազատականացումն իրականության մեջ տեսնելու մասով» հարցին՝ նա պատասխանել էր. 

    «Հաջորդ տարվա, միգուցե, առաջին կեսին կամ մինչ այդ, թեև անշնորհակալ գործ է երկրով մեկ հայտարարություն անել որևէ ժամկետի մասին, բայց, կարծում եմ, այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այստեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»:

    2017թ. փետրվարին աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն ամփոփել էին արդյունքները ԶԼՄ ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

     «Իհարկե, պարոն Տուսկի հետ քննարկեցինք նաև Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

     

     2018-ին եղավ «հեղափոխություն» կոչվածը:)

    • Ես ուզում եմ հասկանալ՝ Սամվել Բաբայանին՝ իր ողջ անցած ուղով, լավ կամ վատ, պատի՞վ է բերում դառնալ Փաշինյանի փաստաբանը։
    • Փաշինյան, բա ասում էիր՝ փող ունեմ, զենք չեն տալիս։ Էդ ո՞նց էր՝ 30 տարի տալիս էին, այդ թվում՝ ձրի… Ասում էիր՝ զենք չունեինք։ Բա որ չունեինք, Ադրբեջանն ի՞նչ զենք է տարել, դա նախկին իշխանությունների կողմից ձեռք բերված զե՛նքն էր։
    • Էդ որ Եվրամիության հետ հարաբերություններից եք խոսում, մոռացե՞լ եք, որ դա մեր կնքած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրն է, և, որ Արմեն Աշոտյանից էիք հարցնում՝ այդ պայմանագրի՝ CEPA-ի ռատիֆիկացիան ոնց անենք… Թե՞ գիտեք, որ Աշոտյանը հիմա նստած է՝ մոռացել ենք։
    • Իմ շրջապատում չկա մարդ, ով կարող է 9 ժամ նստել տեսախցիկի առաջ ու խոսել ոչնչի մասին։
    • Նիկոլ, քո 2018թ․տնտեսական աճն էլ է մերը, հիմիկվա տնտեսական աճդ էլ՝ ԵԱՏՄ-ի արդյունք է։ Բա որ չկնքեինք, արա՛, գյուղմթերքդ որտե՞ղ էիր վաճառելու… 
    • Դու չես կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց մնալ ԵԱՏՄ-ում։ Բնության մեջ բազմազավակ կույսեր չեն լինում։ 
    • Ես ՀՀԿ-ից եմ, Եվրոպա եմ գնում, հանդիպումներ եմ ունենում..․ ոչ մեկն ինձ չի ասել՝ ԵԱՏՄ մտնելը մի գիշերում է եղել, որովհետև գիտեն եղելությունը։ Դրանից հետո կնքվեց CEPA-ն։ Դա նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությունն էր։  Հայաստանը միակ երկիրն էր, որ և՛ մնաց ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, և՛ կնքեց CEPA-ն: 
    • Եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ես չգիտեմ՝ Նիկոլը ո՞նց էր թոշակ բաժանելու։
    • Պատրաստվեք, ՔՊ-ական տղանե՛ր և աղջիկնե՛ր, նախկինների թեման վերջանա, հաջորդ մեղավորը դուք եք նշանակվելու, Նիկոլը ձեզ է զոհաբերելու…
    • Թվով արդեն 50000-րդ աննախադեպ արբանյակն են բաց թողել տիեզերք։ Հաշվարկս կորցրել եմ արդեն՝ քանի աննախադեպ… Նիկոլը սիրում է միլիոններ ծախսել սելֆիների համար։ Երևի դա էլ է այս շարքից, ինչպես անհրթիռ СУ ինքնաթիռները։
    • Ադրբեջանն ասում է՝ մեզ միջնորդ պետք չէ, եկեք մենք ու դուք նստենք, բանակցենք։
    • Սա խասյաթ ունի Լաչինի միջանցքը գցել սրա-նրա գրպանը։ Ունես երկու թուղթ՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշում։ Այնքան ապաշնորհ ես, որ ոչ մեկը չես կարողանում օգտագործես։
    • Ոչ մեկի գլուխը մի արդուկի… Նախ, քեզ իդեալական բանակցային ժառանգություն էր թողնվել, բայց եթե նույնիսկ ամենավատ ժառանգությունը ստացած լինեիր, դու ասել ես՝ սկսում եմ իմ 0-ական կետից։ ՎԵ՛ՐՋ: Չփորձես սրա-նրա գրպանը գցես պարտությունդ ու ձախողումներդ:

     

    • Նիկոլը շատ լավ մարզիչներ ունի… Ինքն ամբողջ աշխարհին ձեռք է տալիս, բացի հայերից։ Ժողովուրդ, խնդրում եմ չխաբվել, որովհետև հաջորդ խաբվելու գինը Սյունիքը, Երասխն են լինելու։
    • Վարչապետի աթոռին նստած մարդն արտաքին քաղաքականություն վարում է այնպես, ինչպես դեռահասները՝ հարաբերությունների ժամանակ։ Երբ իրար հետ կռվում են, մեկը սկսում է ստատուս գրել Ֆեյսբուքում, մյուսն էլ՝ ուրիշի հետ նկար հրապարակել՝ խանդի տեսարան սարքել, փոխանակ զանգեն, իրար հետ խոսեն։
      • Ոչ միայն Հայաստանում են բախվում աշխարհաքաղաքական կենտրոնները, դեռ մի հատ էլ՝ որպես կեղտոտ ռումբ, իրար վրա են շպրտում Փաշինյանին։ Ինքը դարձել է շպրտովի զենք։
      • Տեսանելի ապագայում չեմ տեսնում, որ կստորագրվի Խաղաղության պայմանագիր։ Փաշինյանին դա ձեռնտու չէ։ Նա հասկանում է, որ հայ ժողովրդի ու Հայաստանի կրկնակի կապիտուլյացիան ստորագրելուց հետո ինքն էլ ոչ մեկի պետք չի լինելու։ Այդ դեպքում նա կկորցնի իր իշխանությունը և դեն կշպրտվի իրեն բերողների կողմից: Իրեն իր մարզիչներն աճեցրել են կոնկրետ այդ թղթի առաքելությունն իրականացնելու համար։ Ինքն ինչքան ուզում է հեքիաթներ պատմի՝ իբր շտապում է ստորագրել, դա այդպես չէ՝ իր անձնական շահից ելնելով։
      • Ամենակարևորը մարդկանց մեծ կոնսոլիդացիա ապահովելն է։ Կարևոր չէ՝ ով կլինի առաջնորդ։ Առաջնորդ չեն նշանակում, նա ծնվում է ընթացքում, բայց աշխարհը պիտի տեսնի, որ մենք սրա հետ կապ չունենք։ Կռիվը պետք է տալ բոլոր մակարդակներում՝ ՏԻՄ-ից մինչև Ֆեյսբուք, մինչև առօրյա զրույց։ Չի կարող սա երկար տևել։ Ինչքան ցանցային, ապակենտրոն լինի բոլորիս պայքարը, այնքան լավ։ ՀՀԿ-ն ուժերի ներածի չափով ամեն ինչ կանի, որ աջակցի այն բոլոր ուժերին, ովքեր իրապես կցանկանան իրականացնել իշխանափոխություն։ Անհամեստ չլինեմ՝ առանց Հանրապետականի դա չի ստացվելու։ 
      • Ընդդիմադիր գործընկերներ, մի գնացեք Փաշինյանի օրակարգով, մեզ մի կծոտեք։ Բոլորիդ գտնվելու տեղը գիտեմ 2018թ.-ին, բոլորիդ խմած խմիչքներն էլ գիտեմ… Պատմության մեջ, իհարկե, մեծ շագանակագույն տառերով գրվելու է, որ Փաշինյանը դավաճան է, բայց նաև գրելու են՝ ով էր այդ ժամանակ ընդդիմությունը։ Մենք իրավունք չունենք ոչ մի թիզ հետ գնալու։ Վաղ թե ուշ սա հեռանալու է, բայց ինչքան երկար մնա, այնքան Հայաստանն ավելի թանկ գին է վճարելու։ 
      • Ինքնիշխանության զինվոր, բաստիոն՝ կլուբնիկայի երանգներով, էդ ո՞նց է՝ երեք տարում բնագիծ չկարողացար կահավորել։
    • Մանրամասները՝ տեսանյութում։

      Սաթիկ Սեյրանյան

      168.am

       

    •  

← Վերադառնալ ցուցակին