Հարցազրույցներ

ՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ի՞նչ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես Սահակյան

30.11.2023

 Նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի և Ղազախի սահմանի հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ հերթական նիստը։

Արդյո՞ք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի այս նիստը կմոտեցնի «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, կամ հիմք կդնի՞ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկկողմ բանակցություններին՝ առանց միջնորդների:

 

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանն առաջարկեց դիտարկել այս գործընթացը մասնակից գերտերությունների շահերի համատեքստում։

Ըստ Սահակյանի՝ հարցին այդ դիտանկյունից նայելիս՝ պարզ է դառնում, որ որևէ պայմանագիր էլ չի կարող բերել Հայաստանին խաղաղություն, «Խաղաղության պայմանագրի» մասին հայտարարություններն ընդամենը կապիտուլյացիա ստորագրած ՀՀ իշխանության համար քարոզչական աշխատանք է, և վերջ։

«Ծնկածը, պատմական հայրենիքի մի մեծ մասը հայաթափածը խաղաղության պայմանագիր չի կարող կնքել. դա խաբկանք է։ Արցախը կորցնելուց հետո հիմա խոսում են՝ Սյունիքը պաշտպանելու մասին, դա չանելուց հետո խոսելու են՝ դե գոնե Հայաստանի մի կտորը պահպանենք, որ պետություն ունենանք. այս վիճակն է»,– ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Արցախի հանձնումից հետո կանգնած ենք Հայաստանի պետականությունը կորցնելու խնդրի առաջ՝ զուգահեռաբար վատթարացնելով մեր միակ դաշնակցի հետ հարաբերությունները։ Արդյունքում, ի պատասխան Հայաստանի վարած արտաքին քաղաքականության, Ռուսաստանից հարցնում են՝ ինչպե՞ս է հնարավոր՝ անվտանգային այլ համակարգ փնտրեք, իսկ տնտեսապես կախված մնաք Ռուսաստանից։

«Այդ պատճառով Ռուսաստանը քայլերի է գնում, օրինակ, Լարսում։ Ինչ վերաբերում է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, ապա Հայաստանը չունի ռեսուրս ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Եթե մտածում են, թե Ֆրանսիայից գնած ԲՏՌ-ներով են Հայաստանի տարածքն անվտանգ պահելու, էստեղ պետք է ասել, որ առնվազն ռազմագիտությունից որևէ գիտելիք չունեն նման բան ասողները։ Փաստ է, որ անվտանգություն ասվածը միայն զենքը չէ, և այն մարդիկ, որոնք մտածում են՝ ՀԱՊԿ-ից եթե դուրս գանք, միևնույն է, Երևանին չեն խփի, ապա թող նայեն, թե ինչպես են հարվածում Մոսկվային, Կիևին, Թել Ավիվին, հետևաբար՝ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, որ ի՞նչ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի»,- ասաց Հովհաննես Սահակյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան

168.am

← Վերադառնալ ցուցակին