Հարցազրույցներ
Ես էլ եմ մեղավոր , որ նիկոլիզմը դեռ կա
15.11.2023
Էդուարդ Շարմազանովին հարցրինք․ տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ նոր պայքար սկսելու եւ հաջողելու, վերջին 3 տարվա փորձերը` ընդդեմ օրվա իշխանությունների, արդյունք չտվեցին։
- Ես վերջերս գրել եմ՝ եթե չգիտես ինչ անել, պետք չէ անել այն, ինչ պատահի։ Ես դեմ եմ «ինչ պատահի» սկզբունքով ինչ-որ բան անելուն։ Պետք է ընդդիմությունը, ազգային ուժերը պայքարը շարունակեն։ Ակնհայտ է, որ թուրք-ՆԱՏՕ-ական, հայաստանյան 5-րդ շարասյուն հանդիսացող իշխանության նպատակն է՝ պայքարից զուրկ դարձնել մեր հասարակության այն հատվածին, որը հաշտ չէ այս իրականության հետ, կամազուրկ սարքել ազգային, պետական գործիչներին, որի արդյունքում հասարակության զգալի մասը կհիասթափվի եւ կմտածի՝ խելոք մնանք, թե չէ կռիվ կլինի՝ Սյունիքն էլ կտան։ Ամեն ինչ փորձում են անել, որ ազգային պայքար չլինի, բայց ճիշտը պայքարելն է, որովհետեւ առանց պայքարի հաղթանակ չի լինում։ Մեր գաղափարական հայրը՝ Գարեգին Նժդեհն էր ասում՝ իմ անունը պայքար է, վախճանս` հաղթանակ։ Նժդեհն էլ հաղթանակը չտեսավ՝ անկախ Հայաստանը, բայց, շնորհիվ իր դավանած գաղափարների, ապագա սերունդները 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակեցին Հայաստանի անկախությունը, 1992թ. մայիսի 8-ին գրավեցին Արցախի բերդաքաղաք Շուշին: Եվ ո՞վ է ասել, որ էլ հնարավոր չի լինի կրկին այդ ամենը վերականգնել։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ճիշտ է, մենք այս պահին արյունաքամ վիճակում ենք, եւ այս իրավիճակում հնարավոր չէ ակտիվ գործողություններ անել... այս իրավիճակը կարող է հանգուցալուծվել Նիկոլ Փաշինյանի եւ իր թայֆի հեռացմամբ։ Այս նպատակին հասնելու համար 2020թ. նոյեմբերի 10-ից մենք փողոցում ենք եղել՝ բռնվել ենք, ծեծվել ենք, հայտարարություններ ենք արել, մեր ընկերներից շատերն այս պահին գտնվում են ապօրինի կալանքի տակ... այն մարդիկ, ովքեր գտնում են, որ մեզնից լավ կարող են պայքարել, թող գնան գործողությունների, մենք էլ կգնանք, իրենց կօգնենք։ Բայց ինձ համար կարեւոր է հասկանալ՝ Նիկոլին ո՞ւմ հետ ենք փոխում։ Ովքեր ասում են՝ թող Նիկոլը գնա, ով ուզում է՝ գա, ես դեմ եմ։ Ես անձի դեմ չեմ պայքարում՝ այնպես չէ, որ ես մանկությունից ատել եմ Նիկոլ Փաշինյանին, խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնդակահարել է հայոց պետականությունը, ինքն արցախյան շարժումը գնդակահարողն է, ազգային արժանապատվություն գնդակահարողն է, Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը գնդակահարողն է, եւ եթե այս ամենն անողի անունը լիներ Պողոս, Պետրոս, իմ վերաբերմունքը նույնն էր լինելու, նույնձեւ պետք է պայքարեի։ Իմ պայքարն անձի դեմ չէ։ Թող Նիկոլ Փաշինյանը մի 50 տարի էլ ապրի՝ թոռներին վայելի, բայց վարչապետի պաշտոնը Նիկոլի խելքի բանը չէ։ Ինքը պետք է շուտ հեռանա, մեր իրականությունից պետք է հանենք նիկոլիզմը։ Այնպես չէ, որ Նիկոլը գնա, մենք վաղը դրախտում ենք ապրելու, հետեւանքները մնալու են... որը պետք է վերացվի։ Ես էլ, որպես ընդդիմադիր, մեղավոր եմ, որ նիկոլիզմը դեռ կա։ Նիկոլիզմի կրողները նրանք են, ովքեր գնում են եւ քվեարկում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող մարդուն։
Կարեն Քերիմյան
hraparak.am