Հարցազրույցներ
Հուսով եմ, որ իրավիճակը կմնա ռիսկերի շրջանակում և վատատեսական սպասումները կյանքի չեն կոչվի
04.09.2023
Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ ԱԺ պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին եւ այն դրական գնահատելով։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Տիգրան Աբրահամյանին։
-Սեպտեմբերի 2-ի ելույթում Արայիկ Հարությունյանի հրաժարականը Արցախի համար համարեցիք դրական։ Բայց նա հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Արցախից։ Հարությունյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը ինչ ազդեցություն կարող է ունենալ սպասվող պրոցեսների վրա։
- Սեպտեմբերի 2-ին արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված ընգծել եմ, որ այդ հրաժարականն ամենաճիշտ պահին չէր։ Եթե այն լիներ այլ ժամանակահատվածում, օրինակ՝ հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ իրավիճակը որոշակի կայունացել էր, ակնկալիքները ավելի շատ կլինեին։ Բայց անկախ այս կամ այն մարդու ցանկությունից Արցախի նախագահը հրաժարական է տվել, և իրադարձություններին պետք է մոտենալ այդ կետից․ հասկանալու համար ինչպես պետք է շարժվել, ում հետ, ինչ թիմով, և ստեղծված իրավիճակում ինչի կարող է հասնել ձևավորվող նոր իշխանությունը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արայիկ Հարությունյանի մնալու է կամ չի մնալու, դա արդեն իր խնդիրն է, հատկապես նա արդեն նախագահ չէ:
-Ձեր ելույթում դուք դրական արտահայտվեցիք Սամվել Շահրամանյանի մասին, նշելով նրա աշխատանքային փորձը` Արցախի ուժային կառույցներում։ Արցախի շուրջ նրա տեսլականը ո՞րն է: Ըստ Ձեզ, նա կարո՞ղ է բանակցություններ վարել, ի՞նչ ուղղությամբ կտանի Արցախը․ անկախության, անվտանգության, երկխոսության հարցերում նա ինչ հայացքներ ունի, որ քայլը կլինի առաջնահերթ։ Ինչ հարաբերություններ կհաստատի Հայաստանի իշխանությունների հետ:
-Ձեր հարցերի պատասխանը պետք է տա Արցախում նոր ձևաևորվող իշխանությունը։ Այս պահին իշխանությունը դեռևս ձևավորված չէ, և կարծում եմ վաղ է դեռ անդրադառնալ այս հարցերին։ Ենթադրելի է, որ խորհրդարանում նախագահի ընտրությանը նախորդած ժամանակահատվածում, երբ կառաջադրվեն թեկածուները, նրանք կխոսեն իրենց մոտեցումների, պատկերացումների մասին, որով առաջնորդվելու են։ Այս պահին դեռ հայտարարված էլ չեն թեկնածուները և չեմ ցանկանա ժամանակից առաջ ընկնել։
-Բայց նա արդեն նշանակվել է Արցախի պետնախարարի պաշտոնում, այն էլ լայն լիազորություններով։ Եթե Արցախի նախագահ ընտրվի Սամվել Շահրամանյանը, նա կկարողանա՞ հակադարձել Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք Արցախը պատկերացնում են Ադրբեջանի մաս, թե՞ կշարունակի Արայիկ Հարությունյանի վարած գիծը:
- Հաշվի առնելով երկուսի կերպարը, իհարկե, տարբերվելու են։ Այս թեմային չեմ ուզում դեռ անդրադառնալ, այնքան ժամանակ քանի դեռ նրա թեկնածությունը պաշտոնապես չի առաջադրվել և խորհրդարանում դեռ բուն պրոցեսը չի մեկնարկել, չեմ ցանկանում առաջ ընկնել։ Բայց հաշվի առնելով պետական կառավարման համակարգում իր բավականին մեծ փորձը, ուժային կառույցներում նրա աշխատանքը, համենայն դեպս պոտենցիալ կա, անհրաժեշտ ռեսուրսները կան, ինչը չի նշանակում, որ իր կամ այլ թեկնածուի դեպքում պետք է ընտրել և ողջ պատասխանատվությունը թողնել նրա վրա։ Արցախում ստեղծված իրավիճակն անչափ ծանր է, ինչը ենթադրում է բավականին մեծ ռեսուրսների ներդրում ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից և սփյուռքից, յուրաքանչուրը` սկսած միջազգային կառույցների հետ աշխատանքով, վերջացրած հնարավորությունները դեպի Արցախ ուղղելը։ Այնպես որ, երբ ժամանակը մոտենա և քաղաքական պրոցեսները նախագահի ընտրության առավել հստակ լինեն, այդ ժամանակ կարելի է ավելի շատ խոսել ամեն ինչի մասին։
-Ձեր ելույթում դուք նշեցիք նաև, որ Արցախում ներքաղաքական բարդ իրավիճակ է, վտանգներով լի։ Ովքեր կարող են սրել իրավիճակը` փորձելով բացասական տրամադրություններ ստեղծել։
-Չեմ ուզում այս պահին անուններ ասել, այն հույսով, որ իրավիճակը կմնա զուտ ռիսկերի շրջանակներում և վատատեսական սպասումները կյանքի չեն կոչվի։ Իրականության մեջ բոլոր ուժերը Արցախումմ հասարակական, քաղաքական դերակատարները ,որոշակի ազդեցություն ունեն պրոցեսների վրա, հատկապես այս փուլում որևէ քայլ, հայտարարություն պետք է լինեն առավել նրբանկատ և հաշվի առնելով այն բոլոր առանձնահատկությունները, որ այսօր ունենք Արցախի պարագայում։ Իհարկե, կարելի է ռիսկերի մասին խոսել, ներքին անվտանգային որոշակի խնդիրների մասին խոսել, բայց որքանով որ այստեղ անելիքներ ունեն համապատասխան մարմինները` կանխելու հնարավոր վատ զարգացումները, հույս ունենանք, որ իրադարձությունները վատ հունով չեն զարգանա։
-Մամուլում շրջանառվում են լուրեր, որ Արցախում պետնախարարի պաշտոնին կարող է նշանակվել Սամվել Բաբայանը` հաշվի առնելով այն, որ Բաբայանը Արցախի ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է:
- Ինչ վերաբերում է Արցախի ներքաղաքական դասավորումներին, Արցախում կան խորհրդարանական ուժեր և խորհրդարանից` դուրս, որոնք այս պահին խորհրդակցությունների փուլում են, չէի ուզենա որևէ մեկնաբանություն անել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, որ թեկնածուին կընտրեն եւ ինչ սկզբունքներ կդնեն նոր ձևավորվող կառավարության արջև։
Կարեն Քերիմյան
hraparak.am