Հարցազրույցներ

Փաշինյանը փրկվելու հնարավորություն չունի. նրան սպասում է վատ կամ վատթարագույն ճանապարհ. Տիգրան Աբրահամյան

31.08.2023

 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ վաղը՝ սեպտեմբերի 1-ին, պատրաստվում է իր հրաժարականի դիմումը ներկայացնել Արցախի Ազգային ժողովին, իսկ մինչ այդ աշխատանքից ազատեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին՝ վերջինիս փոխարեն այդ պաշտոնին նշանակելով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանին, ում, ըստ Հարությունյանի, տրվել են լայն լիազորություններ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, խոսելով արցախյան զարգացումների, Հարությունյանի հրաժարականի մասին, նշեց՝ Արցախի նախագահը հրաժարական պետք է տար դեռևս ամիսներ առաջ՝ այն ժամանակ, երբ նրա հրաժարականը կարող էր շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, քան այս պահին։

 

«Կարող է հիմա՝ այս փուլում, Հարությունյանի հրաժարականը նոր հնարավորություններ բացել, կախված կլինի նրանից, թե ո՞ւմ է անցնելու Արցախի ղեկը։ Պետք է հիշել, որ Արցախը ծանր վիճակում է, ուստի յուրաքանչյուր օրը կարող է կարևոր ազդեցություն ունենալ նրա ճակատագրի վրա»,- ասաց Աբրահամյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Արցախի այս ծանր վիճակը նաև հետևանքն է այն իրողության, որ Արայիկ Հարությունյանը վախեցավ այս ողջ ընթացքում պատասխանատվություն ստանձնել և լուրջ որոշում կայացնել։

Ըստ Աբրահամյանի՝ Արցախում ներքաղաքական կայունություն ապահովելու տեսանկյունից ևս կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենալու Արցախում Հարությունյանի հրաժարականից հետո, ինչը չի նշանակում, որ պաշտոնաթող նախագահը անելիք չի ունենալու երկրում լարվածությունը մեղմելու և պայթյուններ թույլ չտալու համար։

«Կարևոր է հասկանալ, թե Արցախում ինչպե՞ս է իրականացվելու անցնցում իշխանափոխությունը։ Ներքաղաքական գործընթացները մի կողմից՝ պետք է լինեն հասարակության համար տեսանելի, մյուս կողմից՝ պետք է այնքան նրբորեն արվեն, որ իրավիճակը չպայթի»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հատկանշական է, որ Արցախում կա լուրջ ներքին կոնսենսուս ներքաղաքական լարումներ թույլ չտալու հարցում, իսկ ինչ վերաբերում է Արցախի ճակատագրի հարցում Հայաստանի իշխանության դերակատարման բացակայությանը, ապա, ըստ Աբրահամյանի, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի ու նրա թիմակիցների խայտառակ հայտարարություններն այդ ճակատագիրը լուրջ վտանգի տակ են դրել՝ նեղացնելով փրկությանը միտված մանևրելու հնարավորությունները։

«Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ և տղամարդ, որևէ խնդիր չի կարող լուծել. այն, ինչ ասել է, չի արել, ինչից հետո իրեն ասել են՝ բերանդ փակի՛ր, վե՛ր ընկիր տեղդ»,- ասաց Աբրահամյանը՝ շեշտելով, որ Փաշինյանն իր չկատարած խոստումներով, միևնույն ժամանակ՝ կատարած զիջումներով, հանձնել է Արցախի 75 տոկոսն ու Հայաստանից 150 քառակուսի կմ տարածք, դրանով հնարավորություն է ստեղծել Ադրբեջանի համար Հայաստանի ողնաշարի նկատմամբ վերահսկողություն սահմանել։

«Փաշինյանը փրկվելու հնարավորություն չունի. նրան սպասում է վատը կամ վատթարագույնը, և ճակատագիրը կորոշի, թե այդ երկու ճանապարհներից որով նա կգնա»,- ասաց Աբրահամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին