Հարցազրույցներ

«Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Իլհամիչն են հանձնում ձեր երեխաներին». Տիգրան Վարդանյան

30.08.2023

 «Արայիկ Հարությունյանը պետք է հաշվի առնի, որ պատասխան է տալու այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել: Նախ՝ Արայիկ Հարությունյանն էլի է փորձել հրաժարական տալ, բայց Հայաստանի իշխանությունը բռնազավթածը թույլ չի տվել: Արայիկ Հարությունյանը պետք է հաշվի առնի, որ և՛ ինքը, և՛ իր երեխաները, և՛ այստեղի իր, այսպես ասած, երկրորդ կինը, բոլորը միասին պատասխանատվություն կրելու են, որովհետև այն, ինչ կազմակերպեց այստեղ ՌԴ դեսպանատան դիմաց, հակառուսական ալիք էր, որը տեղին չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:

Նա նկատեց՝ շատ մարդիկ Ռուսաստանին կամ Կարմիր խաչին են մեղադրում՝ իրենց երեխաներին Ադրբեջանին հանձնելու մեջ, բայց այդպես չէ. «Ձեր երեխաներին հանձնում են և շարունակելու են հանձնել Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Իլհամիչը: Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, նա հայտարարում է, որ դա այդպես է, հետևաբար՝ այլ երկրների դեսպանատներն ի՞նչ պետք է անեն: Բանալին գտնվում է ՀՀ կառավարության շենքում, և այս ամենը կարող է ավարտվել միայն Նիկոլի, այնուհետև՝ Արայիկի հեռացմամբ: Երբ Արայիկ Հարությունյանն ասում է՝ Պուտինն է մեզ մենակ թողել, Բայդենն է մեզ մենակ թողել… Արա՛, Պուտինն ու Բայդենը հանձնեցի՞ն Բերձորը կամ հարակից գյուղերը, բա որ անձամբ դու էլ Փաշինյանի հետ միասին հանձնում էիր, չգիտեի՞ր, որ այդտեղ անցակետ է լինելու:

Նա ասում է՝ այդ անցակետը, որ բացվելու է, Արցախի համար լինելու է երկու տարբերակ. առաջին՝ իրենք լավագույն դեպքում անցնելու են Հայաստան, բայց այլևս չեն կարողանալու վերադառնալ Արցախ, վատագույն դեպքում՝ իրենց գողանալու են ադրբեջանցիները, ձերբակալելու են, տանեն Բաքու, և այնտեղ էլ, լավագույն դեպքում, կարտաքսվեն Հայաստան: Արայիկ Հարությունյանն ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր խուճապ տարածում, որպեսզի մարդիկ լքեն Ստեփանակերտը, նույնկերպ հիմա անում է ամեն ինչ, որպեսզի արցախահայությունը դուրս գա: Ինձ համար կա Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան-Իլհամ Ալիև եռակողմ տանդեմ, որը գործում է ի վնաս Արցախի»:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն իր ուժերը կենտրոնացնում է Հայաստանի և Արցախի համար առաջիկայում մղվելիք պայքարի ուղղությամբ. «ՀՀ-ում միակ քաղաքական ուժը, որ 2018-ից պայքարել է այս իշխանությունների դեմ, ՀՀԿ-ն է, ինչքան էլ մեզ չսիրեն կամ չընդունեն, դա փաստ է: Այս պահին տարվում են աշխատանքներ, փակագծերը չբացեմ, բայց առաջիկայում ակնհայտ կլինի, թե ինչին էինք մենք նախապատրաստվում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 2-ին տեղի ունենալիք հանրահավաքին մեր կուսակցությունն ամբողջական կազմով մասնակցելու է, ինչպես մասնակցել է յուրաքանչյուր պայքարի, ու մենք մեր խրամատը չենք լքելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին