Հարցազրույցներ
Հանրահավաքի նպատակը այս ծանր պայմաններում Արցախի սատարումն է, ու ես սատարում եմ Իշխան Սաղաթելյանի այս գաղափարը. Շարմազանով
28.08.2023
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը
– Պարո՛ն Շարմազանով, ընդդիմությունը՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 2-ին հրավիրում է հանրահավաքի: Այս հայտարարությունը քննարկվում, քննադատվում ու անգամ ծաղրի է ենթարկվում հանրության որոշ շրջանակների կողմից: Հանրության նման ընկալումն ինչպե՞ս եք գնահատում, դուք մասնակցելո՞ւ եք:
– Այդ հանրահավաքը Արցախի անկախության տարեդարձին է նվիրված, այս ողբերգական իրավիճակում աջակցություն է Արցախի հերոսական ժողովրդին: Սա ոչ թե ներքաղաքական հավաք է, այլ առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարելու, Արցախի անկախության գաղափարը սատարելու, արցախահայության պայքարը սատարելու և ևս մեկ անգամ աշխարհի ի ցույց դնելու Ադրբեջանի իշխանությունների ֆաշիստական բնույթը:
Ով չգիտի՝ ասեմ, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակել է իր անկախությունը, հիմա հարցնում եմ՝ ի՞նչն են ծաղրում, Արցախի անկախությո՞ւնը, Եռաբլո՞ւրը, 120 հազար հերոսական արցախցիների՞ն: Սրանք կարող են ծաղրել միայն թուրքն ու ադրբեջանցին: Այս հանրահավաքի նպատակը այս ծանր պայմաններում Արցախի սատարումն է, ու ես սատարում եմ Իշխան Սաղաթելյանի այս գաղափարը:
Սեպտեմբերի 2-ին Երևանի կենտրոնում Արցախին նվիրված ոչինչ չլինե՞ր, դա Ալիևի, Էրդողանի, գուցե նաև Նիկոլի նպատակն է, նրանց նպատակն է, որ հայը իր ենթագիտակցությունից հանի Արցախի ինքնորոշման իրավունքն ու Արցախի հայկական լինելը, իսկ մեր խնդիրը պայքարելն է: Բա ի՞նչ են ուզում, Սնուփ Դոգի համե՞րգն են ուզում, դրա համա՞ր են հավաքվում, գինու փառատոն կարող են անել, իսկ Արցախի սատարման հանրահավաք չանե՞ն:
– Այսինքն՝ իշխանափոխությանը միտված հանրահավաք չէ՞:
– Իշխանափոխությունն այսպես թե այնպես կա օրակարգում, Արցախի այս վիճակի հիմնական մեղավորները երեքն են՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան, կարո՞ղ է դուրս գանք ու իշխանություններին գովենք, Արցախն Ադրբեջանի կազմում ո՞վ է ճանաչել, կարո՞ղ է ձեր պապը կամ իմ պապը, իհարկե Նիկոլ Փաշինյանը, կարո՞ղ է դրանից չխոսվի:
Այս ամենը հետևանք են նրա թրքասիրական քաղաքականության, վկան Հայաստանի Անկախության հռչակագրի ուղերձը, ոնց որ Անկարայում գրած լինեին, իրեն ասեին՝ ընդամենը կարդա: Էդ ծաղրողները թող ցույցեր անեն, ո՞ւմ կամ ի՞նչն են ծաղրում:
– Կարծում եք՝ ընդդիմությունը իր մեղքի բաժինը չունի՞, որ հանրությունը նման կերպ է ընկալում ու արձագանքում նրանց գործողություններին:
– Նաև ձեզ հետ հարցազրույցներում ասել եմ, եթե Նիկոլն այսօր կա իբրև վարչապետ, առաջին մեղավորը մենք ենք, հետևանք է ընդդիմության ոչ արդյունավետ աշխատանքի, բայց ի՞նչ, դա նշանակում է, որ ոչինչ չանե՞նք: Հա, չի ստացվում հեռացնենք, ում մոտ ստացվում է, թող գա, ես էլ կանգնեմ նրա կողքին:
– Պարո՛ն Շարմազանով, ինչո՞ւ չի ստացվում:
– Բազմաթիվ պատճառներ կան. առաջինը վախն է, որ մտցրեցին մեր ժողովրդի մեջ, վախեցնում են պատերազմով, բայց իրենց ասած խաղաղությունը հենց պատերազմ է: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը ցեղասպան Ադրբեջանի ու Թուրքիայի տակ ստրուկի նման պառկելն է: Ես չեմ պատկերացնում, որ 30 տարի պայքարած հայությունը համաձայն է այդ տեսակ կյանքով ապրելու: Մի կողմից գնում է ընդդիմության վարկաբեկում, մյուս կողմից՝ գաղափարների, երրորդ կողմից էլ՝ Արցախի անկախության գաղափարի: Մեր ոչ մի արժեքից չեն խոսում, ուզում են Հայաստանը դարձնել Թուրքիայի պրոտեկտորատ:
– Իսկ հայ հանրությունը ե՞րբ է ընդվզելու այդ քաղաքականության դեմ, երբ ասում եք, թե չեք կարծում, որ մեծ մասը համաձայն է այդ կարգի խաղաղության:
– Ես չգիտեմ այդպիսի ժողովուրդ, որը որոշում է ինքնըստինքյան պայքարել, չկա այդպիսի բան: Նրանց պայքարի մղողը էլիտաներն են, իսկ այսօր Հայաստանում ազգային ու պետական էլիտան պարտված է, սա է մեր գլխավոր խնդիրը:
Հայաստանում չկա մի խելքը գլխին մարդ, պրոֆեսիոնալ գործիչ, որը կողմ լինի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, սա նշանակում է, որ Հայաստանը կառավարման, բարոյական ու արժեքային ճգնաժամի մեջ է: Հայ ժողովուրդը հասկացել է, որ սխալվել է՝ ընտրելով նիկոլիզմը, բայց իրենք իրենց համար դեռ չեն հայտնաբերել այն գործիչներին կամ թիմին, որի հետևից կգնան, բայց մենք՝ նկատի ունեմ պետությունը, ժամանակ չունենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am