Հարցազրույցներ
Ադրբեջանը թելադրում է, ՀՀ իշխանությունը լուռ գլխով անում. ի՞նչ անել
24.08.2023
MediaHub-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, նշելով, որ Արցախում ապրող մարդիկ ունեն երկու ընտրություն. կա՛մ պետք է մնան որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ պետք է դուրս գան: Այլ կերպ ասաց, եթե Ադրբեջանը հիմա փորձում է միակողմանի ճանապարհը բացել այն մարդկանց համար, ովքեր ուզում են դուրս գալ, դրա մասին արդեն իսկ հայտարարվել է:
«Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե անընդհատ այս մասին հանրությանը հաղորդելն է, քանի որ սրա մասին բոլորն արդեն գիտեն, այլ նախ պետք է ասեն, թե ինչ են արել այս տարիների ընթացքում, որպեսզի կանխեն նման իրավիճակի ստեղծումը՝ բլոկադա, ռեսուրսների ոչ բավարար քանակի ամբարում Արցախում և այս իրավիճակում որն է լինելու իրենց անելիքը: Նիկոլ Փաշինյանին երևի թվում է, թե ինքը շարունակում է լինել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը և միայն լուրեր է այստեղից-այնտեղից հայթայթում ու հրապարակում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Բացի այս, շարունակեց Աբրահամյանը, Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բնականաբար գիտակցում է և գիտակցված է այս իրավիճակին մոտենում, որովհետև սա բխում է նաև իր պաշտոնական դիրքորոշումից և հենց Հայաստանի այս դիրքորոշումն է, որն արագացնում է Արցախի ադրբեջանացումը:
Դիտարկմանը, թե արցախցիները լրջագույն խնդիր ունեն երկիրը լքելու գործընթացի հետ կապված, քանի որ տղամարդկանց ելքը Արցախից խիստ հարցականի տակ է՝ Ադրբեջանը նրանց ցանկացած շինծու մեղադրանքով կարող է ձերբակալել և վերջին դեպքերը դրա վառ վկայությունն են, ինչպես պետք է այս հարցը լուծվի, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց.
«Ադրբեջանը թելադրում է խաղի իր կանոնները, Հայաստանի իշխանությունները լուռ համաձայնվողի դերում են, և այս պայմաններում Ադրբեջանի համար հետաքրքիր էլ չի՝ ինչպես կուզի, այնպես էլ կշարժվի: Եվ այս ծանր իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը ոչ միայն գլխով անողի, այլև, ըստ էության, Ադրբեջանին օժանդակողի դերում է, ամբողջ ասելիքն ու անելիքը փաստացի մնում են Արցախի ու արցախցիների վրա»,-հավելեց մեր զրուցակիցը:
mediahub.am