Հարցազրույցներ

«Պարզապես էժան շոու է. քանի՞ գրոշի արժեք ունի ՔԿ-ի այդ հայտարարությունը». Տիգրան Աթանեսյան

16.08.2023

 Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։

Այս հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ ԵՊԲՀ նախկին պրոռեկտորը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի սանիկն է և մտերիմ ընկերը։

 

168.am-ն թեմայի առնչությամբ զրուցել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։

– Պարոն Աթանեսյան, Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելուց հետո, այսօր Քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց ԵՊԲՀ ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի հետախուզման մասին: Արդյո՞ք սա նշանակում է, որ իրավապահ մարմիններն ընդլայնում են գործի շրջանակները:

– Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ Արմեն Աշոտյանի մասին որևէ խոսք չկա, նկարագրված դեպքը սովորական յուրացում է եղել, ոչ թե փողերի լվացում։ Հասկանում եք, իրենք որևէ բան չունեն և նման բաներով պիտի հանրությանը զվարճացնեն։ Բոլորը սիրում են, չէ՞, լսել, թե «փող է կերել, բռնվել է» և այլն։ Սա պարզապես էժան շոու է։

Գիտեմ նաև, որ Կարեն Հարությունյանի վերաբերյալ ցուցմունքը տվել է մի անձ, որին կալանավորել էին և կալանքի տակ մի քանի ամիս մնալուց հետո, այդ ցուցմունքը տալու դիմաց՝ ազատ են արձակել։ Քանի՞ գրոշի արժեք ունի Քննչական կոմիտեի այդ հայտարարությունը և մեղադրանքը։

– Մամուլը գրում է, որ բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորն Արմեն Աշոտյանի մտերիմ ընկերն է ու սանիկը, արդյո՞ք դա ճիշտ է, եթե այո, ապա սա նշանակում է, որ իրավապահ համակարգը թիրախավորում է ոչ միայն Արմեն Աշոտյանին, այլ նաև նրա հետ առնչություն կամ մտերիմ հարաբերություն ունեցողներին:

– Միանշանակ հենց դա էլ նշանակում է։ Կարելի է ասել, եթե չլիներ Արմեն Աշոտյանի ընկերն ու սանիկը, ապա այդ մեղադրանքը չէր լինի։ Ավելի մանրամասն չգիտեմ, ես չեմ Կարենի շահերը ներկայացնում, չգիտեմ, թե ով է ներկայացնում։ Նոր օրենքն արգելում է լինել երկու մեղադրյալների պաշտպան, հետևաբար՝ մնացած մանրամասներին չեմ կարող պատասխանել։

 

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել էր հունիսի 15-ին, մեկ օր անց Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը երկու ամսով նրան կալանավորելու վերաբերյալ: Երեկ վաղ առավոտյան հակակոռուպցիոն դատարանը քննելով նոր միջնորդությունը՝ կրկին երկու ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին