Հարցազրույցներ

Տիգրան Աբրահամյան. Պետության ձախողմամբ պատերազմ չեն հաղթում

28.07.2023

 Aysor.am-ի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է:

 

- Պարոն Աբրահամյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ: Դուք բարձրաձայնել էիք, որ այս հարցով պաշտոնական գրություն եք գրել՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը և ինչ է ձեռք բերվել, սակայն իշխանությունները չէին արձագանքել:

- Օրենքի խախտմամբ՝ պատգամավորական գրությանս չէին արձագանքել, սակայն գրառումիցս հետո, ինձ հետ կապվել են պաշտպանության նախարարությունից և պատրաստակամություն հայտնել ծանոթացնել ձեռք բերվածի ողջ ցանկին:

- Ի՞նչ էր իրենից ներկայացնում գնումների այդ ցանկը:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը դասակարգված է հույժ գաղտնի տեղեկությունների շարքին, բնականաբար, մանրամասներ ներկայացնելու իրավունք չունեմ, միայն կարող եմ ասել, որ դրա մեջ մտնում էր նաև այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որոնց պայմանագրերը կնքվել էին մինչև 2018 թվականը ու սա այն դեպքում, որ քաղաքական իշխանությունը փորձում էր ներկայացնել, որ 2018-20 թթ.-ի ձեռքբերումները արդյունք էին իրենց 2 տարվա աշխատանքի:

- Այդ ցանկի հետ կապված նորություն կա՞ր Ձեզ համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինված ուժերի հետ անընդհատ առնչվող գործիչներից եք:

- Մեծ առումով՝ ոչ, չէր էլ կարող լինել, եթե խոսք է գնում այն զինտեխնիկայի մասին, որը 44-օրյա պատերազմին ու դրանից հետո ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ գործի է դրվել:

Ցավոք, մեծ գումարները, ինչպես հայտնի է, ծախսվել են 4 ՍՈՒ-30-ի գնման վրա, որոնք որպես այդպիսին լավ ինքնաթիռներ են, սակայն դրանք եղել են առանց զինամթերքի և նախատեսված մարտական խնդիրները չէին կարող լուծել:

Մեկ այլ խնդիր է բազմիցս արծարծված ՀՕՊ «Օսա ԱԿ» համակարգերը, որոնք ձեռք էին բերվել Հորդանանից և վերականգնման, արդիականացման խնդիրներ ունեին:

- Պարոն Աբրահամյան, այս փուլում շատ է խոսվում հնդկական սպառազինության մասին, նույնիսկ տեղեկություններ կան Ֆրանսիայից գնումների մասին, դրանց մասին անընդհատ ադրբեջանական մամուլն է գրում։ Ի՞նչ կարգի սպառազինության մասին է խոսքը:

- Ֆրանսիական սպառազինության վերաբերյալ հետաքրքրություն կա, սակայն գնում չի իրականացվել ու դժվար առաջիկա ժամանակներում լուրջ ներկրում լինի:

Ինչ վերաբերում է հնդկական սպառազինությանը, ապա դրանց տեխնիկական-մարտավարական բնութագրիչները վատը չեն, սակայն որքան ես եմ տեղյակ, դրանց ոչ բոլոր մոդելներն են լուրջ մարտական գործողություններում փորձարկվել, իսկ դա, բնականաբար, լուրջ խնդիր կարող է հարուցել:

- Հայաստանի զինուժը պատրա՞ստ է դիմագրավել ադրբեջանական նոր սադրանքներին:

- Այս հարցն ունի երկար ու կարճ պատասխան, բայց եկեք հակիրճ ձևակերպեմ. Հայաստանում 2018 թվականից ձևավորված իշխանությունը տապալել ու ավերել է այն ամենը, ինչ կարող է մեզ համար անվտանգություն և առաջընթաց ապահովել: Զինված ուժերի արդյունավետ դիմագրավման համար պետք է արդյունավետ պետություն, իսկ գործող իշխանությունն ամեն ինչ անում է պետությունը ձախողելու ուղղությամբ:

aysor.am

← Վերադառնալ ցուցակին