Հարցազրույցներ
«Պատկերացնո՞ւմ եք՝ 1991-94թթ. Սերժ Սարգսյանը և մյուսները ոչ թե կռվեին, այլ նստացույց անեին». Աշոտ Անդրեասյան
24.07.2023
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն այն կարծիքին է, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է գործում:
«Ինձ համար Արայիկ Հարությունյանի արած գործողությունները բացարձակապես լրջություն չեն պարունակում: Ինձ համար Նիկոլն ու Ալիևը մեկ մարդ են, նրանց շահերը համընկնում են, իսկ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի գործիքն է Արցախում. Արցախի Նիկոլն է Արայիկ Հարությունյանը: Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը, Մոնթեն, Դուշման Վարդանը 1991-94թթ., երբ ադրբեջանական զորքը գալիս էր առաջ, սկսեին նստացույց անել. ո՛չ արցախցին կլիներ, ո՛չ ազատագրված Արցախ կլիներ, ո՛չ Հայաստան կլիներ: Ցանկացած մարդ իր պահվածքով, իր գործողություններով, իր քայլերի հերթականությամբ՝ ցույց է տալիս, թե ինքը ով է: Ադրբեջանցիների՝ մեր հայրենիքը շրջափակելուց, Արայիկը միայն նստացույց կարող է անել, իսկ այն մարդիկ, ովքեր իրական հրամանատարներ էին, հող սիրող, հող ազատագրող մարդիկ էին, զենքը ձեռքներին պահում էին այդ հողը, ազատագրում էին այդ հողը: Թուրքը այդպես էլ չկարողացավ զավթել մեր հողը, որովհետև իրենք տղամարդ էին, կռվող էին, հրամանատար էին, իսկ Արայիկ Հարությունյանը շոումեն է, Նիկոլն է Արցախի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ արցախցիներին կոչ անելով ոչ թե Արայիկ Հարությունյանի հետ ցույց անել, այլ Արայիկ Հարությունյանի խնդիրը լուծել:
«Հայաստանում էլ կոչ ենք անում նախ և առաջ Նիկոլի խնդիրը լուծել, հետո մտածել՝ թուրքի դեմ ոնց կարելի է պայքարել: Ինչ վերաբերում է Արցախին՝ վիճակը շատ ծանր է: 21-րդ դարում տեղի է ունենում տեռոր` մարդու իրավունքների խիստ ոտնահարմամբ: Արցախցիները սովամահ են լինում, արցախցիների բոլոր ճանապարհները փակ են: Այս ամենին միջազգային հանրությունը պետք է ոչ թե խոսքերով արձագանքի, այլ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախը քարտեզի երեսից չջնջվի, դրանից հետո էլ՝ Հայաստանը: Այս ամենը դրան է տանում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հեռանալ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին, որպեսզի կանգնեցնե՛ն արհավիրքը, ապահովե՛ն արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ն դրանք, այնուհետև անցեն դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին:
Աշոտ Անդրեասյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանի խոսքից պետք է հասկանալ, որ Փաշինյանը հայ ազգին չի ներկայացնում, և նա չէ, որ պետք է հայ ազգի գոյությունը ապահովի կամ նրա շահերից բանակցի. «Մեզ մեկ Ալիևն է պատերազմով սպառնում, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը, նրանց շահերը համընկնում են: Նիկոլ Փաշինյանը ստախոս է, մանիպուլյատոր, որի համար կարևորագույն բանը ցանկացած գործում ավանտյուրիզմն է, իսկ ավանտյուրիզմով երկիր չես կարող պահել, ավանտյուրիզմով միլիոնավոր մարդկանց իրավունքներ, անվտանգություն չես կարող ապահովել: Պետք է հասկանալ, որ իրավիճակն այն աստիճանի վատ է, որ պետք է համախմբվել այն ընդդիմության շուրջ, որը պայքարի խրամատը երբեք չի լքել: ՀՀԿ-ն միշտ իր խոսքն ասել է և պայքարի խրամատը չի լքել ու չի լքելու այնքան ժամանակ, մինչև դավաճանները՝ Փաշինյանի գլխավորությամբ, չենթարկվեն պատասխանատվության: Ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, ես մեծ վստահություն ունեմ, որ Սերժ Սարգսյանի նամակին կպատասխանեն, արձագանք կլինի նախագահների կողմից, և երկրորդ՝ հանրության այն հատվածը, որը կարողանում է գնահատել՝ ինչ է կատարվում, ականջալուր կլինի այդ բաց նամակի մեսիջներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am