Հարցազրույցներ
Պատկերացնու՞մ եք՝ 90-ականներին Արցախում Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը կռվելու փոխարեն վրան դնեին և կոչեր անեին. Շարմազանով
21.07.2023
Արցախում աղետն ահագնանում է։ Արցախը ապրում է հումանիտար ճգնաժամի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ։ Այս մասին «AntiFake Զրույց» հաղորդման ընթացքում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովի խոսքով՝ այսօր Արցախը «բացօթյա Օսվենցիմ» է։
«Արցախում աշխարհաքաղաքական բոլոր կողմերը զբաղված են իրենց արդարացնելով և Պիղատոսյան ձեռքերի լվացմամբ»,– խոսելով միջազգային դերակատարների անտարբերության մասին՝ ընդգծեց Շարմազանովը։
Կուսակցական գործչի խոսքով՝ այնուամենայնիվ ադեկվատ չէ բոլոր սլաքները դեպի միջազգային հանրություն ուղղելը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հետևանք է։ Տարիներ շարունակ ասվել է, որ եթե Հայաստանը շարունակի ներկայացնել Փաշինյանը, իսկ Արցախը՝ Արայիկ Հարությունյանը, ապա որևէ լավ բան չպետք է սպասել»,– ասաց նա։
Շարմազանովը հարց է բարձրացնում՝ ու՞մ վրա են մունաթ գալիս Արցախից։ Չէ՞ որ նրանք էին 2018-ին մերժել Արցախի հերոս Սերժ Սարգսյանին, նրենք էին ասել, որ Սերժի ժամանակ օդը բաց էր, իսկ Նիկոլի ժամանակ՝ փակ է։
«Իրենց հետ մասնավոր զրույցներում նշել եմ, որ մինչև թիրախային անուններ չտաք, որևէ բան չի փոխվելու»,– փակագծեր բացեց քաղաքական գործիչը։
Շարմազանովի խոսքով՝ անիմաստ է ռուս խաղաղապահների դեմ հավաքներ անելը։
Խոսելով Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին՝ Շարմազանովը դա աբսուրդ որակեց․ «Ղեկավարները «պալատկայում» նստելու համար չեն։ Պատկերացնու՞մ եք՝ 90-ականներին Արցախում ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը կռվելու փոխարեն գային, վրան դնեին և կոչեր անեին»,– ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։
Շարմազանովի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը 2023թ․ տարեվերջին հանդես չգա ամանորյա ուղերձով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուր՝ AntiFake.am