Հարցազրույցներ

Իրանը ՌԴ-ին բաց տեքստով հասկացնում է՝ եթե Հարավային Կովկասում հարցերը մատների արանքով դիտարկվեն, արևմտյան դերակատարների ազդեցությունը տարածվելու է տարածաշրջանում. Շիրազ Խաչատրյան

18.07.2023

 Ադրբեջանը վաղուց չի թաքցնում, որ մտադիր է հասնել «Ղարաբաղում ապրող հայերի ամբողջական զինաթափմանը»:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քաղաքագետ, վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը նշել էր, որ ապառազմականացում լինելու է, և ՀՀ իշխանություններից է կախված՝ դա կլինի կառուցողակա՞ն ճանապարհով, թե՞ ոչ: Նա նաև հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է վերջնականապես շրջել Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախ կարգավիճակի համար դիմադրության էջը: Ընդ որում, ադրբեջանցի քաղաքագետը նոր էջը սկսելու համար նաև ժամկետ էր նշել՝ օգոստոս:

 

ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ Իգոր Ստրելկովն էլ իր հերթին՝ վատ սցենար է կանխատեսել Արցախում ռուս խաղաղապահների  ճակատագրի հետ կապված՝ ընդհուպ թուրք-ադրբեջանական կոալիցիայի կողմից գերեվարում կամ ոչնչացում:

Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ գործողություններ սպասել Ադրբեջանից և թուրք-ադրբեջանական տանդեմից, և որքանո՞վ է իրատեսական ռուս խաղաղապահների վերաբերյալ կանխատեսումը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

 – Բնականաբար, ռուս-թուրքական հարաբերություննների լարվածության պայմաններում չէր կարող չլինել ադրբեջանական կողմի քարոզչական գրոհները ռուսական կողմի ուղղությամբ։ Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան այսօր այնքան ներդաշնակ է գործում, որ շատ օպերատիվ ձևով կարողանում է արձագանքել ցանկացած իրավիճակի (oրինակ, զուգահեռ Թուրքիայի օգնությանը Ուկրաինային, Ալիևը մեծացնում է Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար միջոցների հատկացումը, և նմանատիպ այլ օրինակներ)։

Ընդհանրապես ադրբեջանցիների կողմից ռուսներին վարկաբեկելու վարքագիծը հատկապես ակտիվացել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից անմիջապես հետո։ Օրինակները բազմաթիվ են, դրանց անդրադառնալու կարիք չկա, բայց ներկա պահին նրանք այնքան են ցինիկացել, որ արդեն իրենց տելեգրամյան ալիքներում ռուս խաղաղապահներին լիկվիդացնելու, ոչնչացնելու վերաբերյալ նյութեր են տարածում, նմանատիպ կոչեր հնչեցնում։ Այսինքն, ժամանակ առ ժամանակ հենց ադրբեջանական կողմն է նման «կանխատեսումներ» անում:

Իհարկե, այդ ամենով հանդերձ, պետք չէ ադրբեջանական կողմի հնարավորություններն այդքան գերագնահատել, այս ամենում ավելի շատ որոշիչ խոսքը Թուրքիայինն է, ու ամեն բան պետք է դիտարկել նախ ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում։ Եվ չնայած երկու տերությունների հակադիր շահերի առկայությանը, Թուրքիան ու ՌԴ-ն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերում համագործակցում են՝ լինեն դրանք տնտեսական կապեր, թե Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում և Արցախում պայմանավորվածություններ։ Եղել են ծայրահեղ իրավիճակներ, երբ բոլորը սպասել են ՌԴ-Թուրքիա հարաբերությունների տապալման, սակայն երկկողմ համագործակցության շնորհիվ կողմերին հաջողվել է լուծել խնդիրները։ Այնպես որ, այստեղ հարցն այն է, թե ռուս-թուրքական հակասությունները որքանով կգերակայեն փոխադարձ համագործակցությանը, վերջին տարիների իրենց ձեռք բերած դրական արդյունքներին։ Օրինակ, Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ օգոստոսին Պուտինի հետ հանդիպմանը որոշակի նոր պայմանավորվածությունների մակարդակ կձևավորվի։ Իսկ այդ պայմանավորվածությունները, համոզված եմ, չեն սահմանափակվելու միայն «հացահատիկի գործարքով», այլ ավելի գլոբալ պայմանավորվածություններ կարող են լինել, այդ թվում՝ մեր տարածաշրջանին վերաբերող։ Այնպես որ, շատ բան նախևառաջ կախված է ՌԴ-Թուրքիա համագործակցության կամ հակասությունների ուղիղ հետևանքներից։

– Հնարավո՞ր է ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից։

– Ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական վերադասավորումներից, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, նաև՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններից։

Այո, ցավոք, այս դաշտում չկա հայկական կողմ, ոչ ոք հայկական կողմին հաշվի չի առնում, իսկ ադրբեջանական կողմն այս բարձր լարվածության պահին, բնականաբար, ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու քարոզչություն է վարում՝ ունենալով թուրքական կողմի անվերապահ աջակցությունը։ Սակայն, կրկնում եմ, շատ բան կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից:

Եթե ռուսական կողմն անհաջողություններ կրեց, ապա ադրբեջանական կողմը միանշանակ կպնդի խաղաղապահների դուրս գալը, իսկ եթե ռուս-ուկրաինական ճակատում հակառակ արդյունքները գրանցվեն, ադրբեջանական կողմը կգործի շատ զգույշ, հաշվենկատ, և ամեն ինչ արդեն կախված կլինի ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքներից։

– Իրանի միջամտությունը որևէ տարբերակով ո՞ր դեպքում է հնարավոր՝ հանուն Հարավային Կովկասում կամ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության պահպանման, և ընդդեմ Իսրայելի հետ բարեկամություն անող Թուրքիայի դերակատարման ընդլայնման: Սա կանխելու համար ինչի՞ կդիմի Իրանը, կգնա՞ Ադրբեջանի հետ գործարքի, թե՞ ՀՀ-ին պահանջներ կներկայացնի։

– Իրանը բավականին զգուշավոր է, և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը խոսում է ՌԴ-ի և Իրանի փոխադարձ շահերի համընկնման, իրար հետ սերտ համագործակցության անհրաժեշտության մասին։ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական ճակատով, կարծես մոռացության է մատնում Հարավային Կովկասը, այստեղի անվտանգային բազմաշերտ խնդիրները, և այդ ամենից բավականին շատ արագ փորձում են օգտվել Թուրքիան, Իսրայելը և արտաքին այլ խաղացողներ։ Իրանական կողմը բավականին ինտենսիվ ռուսական կողմին մեսիջներ է ուղարկում առ այն, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունն արևմտյան տերությունների հետ, երկկողմանի կապերի ամրապնդումը կարող է ապագա մարտահրավերների առաջ կանգնեցնել Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին:

Իրանական կողմը հատկապես ռուսական կողմին բաց տեքստով հասկացնում է՝ եթե Հարավային Կովկասում հարցերը մատների արանքով դիտարկվեն, խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել արևմտյան դերակատարների ազդեցության տարածմանն ու ամրապնդմանը տարածաշրջանում։

Եվ չնայած Իրանի ու Ադրբեջանի միջև տնտեսական, առևտրային ոլորտներում համագործակցությանը, երկկողմանի տարբեր այն հայտարարություններին, թե իբր Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա լարվածությունն աստիճանաբար կարգավորվում է, պատկերն իրականում լրիվ հակառակն է։ Որովհետև այդ տնտեսական համագործակցությանը զուգահեռ, ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան շարունակում են զինել Ադրբեջանին, կարևորելով Բաքվի գործոնն ընդդեմ Իրանի, ինչն էլ լուրջ անհանգստություն է պատճառում Թեհրանին և աշխարհաքաղաքական սպառնալիք ստեղծում վերջինիս համար։ Այնպես որ, լարվածությունը շարունակում է աճել Կովկասում, և Իրանը փորձում է տարածաշրջանային անտանգության հարցերն ու ապագան առաջնահերթ քննարկել ՌԴ-ի հետ՝ ընդդեմ արևմտյան դերակատարների, իսկ այս ամենում, կարծում եմ, Ադրբեջանի, Հայաստանի դերակատարություններն ուղղակի երկրորդական պլանում են։

 Երասխ համայնքում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի կառուցման հարցը թուրք-ադրբեջանական տանդեմի թիրախում է շարունակում մնալ՝ բնապահպանական պահանջների քողի տակ: Ստեղծված իրավիճակը ի՞նչ հանգուցալուծում կստանա, արդյո՞ք գործարանի կառուցման գինը զորքերի հետքաշումը կլինի։ Ի՞նչ սադրանքներ սպասել այս և ՀՀ սահմանային այլ ուղղություններում։

– Չեմ կարող հստակ ոչինչ ասել, կրկին ամեն ինչ կախված է տարածաշրջանային զարգացումներից, իսկ այդ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն փորձում է շարունակել իր ռազմական գերակայությունը հաստատել Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում, այլև լուրջ խոչընդոտներ է ստեղծում մեր պետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների աշխատանքներին։ Այսինքն՝ «ձեռքը պահելով զարկերակին», հարմար առիթի է սպասում՝ տարածաշրջանային փոփոխությունների դեպքում նոր հարված հասցնելու, Հայաստանին վերջնական ծնկի բերելու համար։ Թշնամու քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու, պարզապես նրանց հարձակման ուղիների պլաններն ու մասշտաբներն են ավելացվում: Սա պարզ ճշմարտություն է, որից փախչել հնարավոր չէ։ Իսկ այդ ամենին զուգահեռ՝ ՀՀ իշխանություններն էլ շարունակում են իրենց «ջայլամային քաղաքականությամբ» էլ ավելի ծանր վիճակի մեջ գցել պետությունն ու մեզ  բոլորիս։

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին