Հարցազրույցներ

«Դա մեր վերջն է լինելու. եթե պատրաստ չլինենք հակահարվածի, կկործանվենք». Կարինե Աճեմյան

13.07.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը մոտեցնում է ոչ թե իր իսկ խոստացած խաղաղության դարաշրջանը, այլ՝  շատ ավելի վատ ժամանակներ:

«Արցախում իրավիճակը ծանր է, ամեն ինչի դեֆիցիտ է: Արցախցիները հասկանում են, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել իրենցից: Ես համառորեն ամեն օր զանգում եմ Արցախում ապրող մեր մտերիմներին, չնայած՝ նորություն չունեմ ասելու և մեղավորության զգացում եմ ապրում, բայց ամեն օր բոլորի հետ խոսում եմ, ասում եմ, որ իրենք մենակ չեն, և զարմանում եմ ոչ միայն իրենց տոկունության, այլ նաև հումորի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

 

Նա ընդգծեց, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները չպետք է լռեն. «Ես շատ պատգամավորներ գիտեմ, որ այսօր լռում են և ընդհանրապես չեն խոսում: 2021թ. նրանք այդ մանդատները չեն ստացել, որ այնտեղ լռեն, այլ պետք է ամբողջ ուժով աղաղակեն: 10 տարվա պատգամավորության ընթացքում ես համարել եմ, որ հարցազրույցները, հայտարարությունները և, առհասարակ, պատգամավորի խոսքը շատ կարևոր է, իսկ այսօր ավելի կարևոր է: Բոլոր միջազգային կառույցներում իրենք պետք է բարձրացնեն այս թեման և անպայման նշեն, որ ամբողջ հայ ժողովուրդը չէ, որ մտածում է այնպես, ինչպես այս չտեսների խմբակը: Ամեն ինչ իր ժամանակին լուծվելու է, համոզված եմ, որովհետև համբերությունն էլ սահման ունի: Ես ինչո՞ւ եմ ընդդիմությանը քննադատում, որովհետև մենք չկարողացանք այնպես անել, որ այդ մարդկանց վստահությունը կարողանանք չչարաշահել, այլ արդարացնենք: Այն, որ մարդիկ 2021թ. ընտրել են ընդդիմությանը, դա պետք է լուծեր մեր հարցերը, այսինքն՝ պետք է փոխեինք, այսօր այս իշխանությունը չպետք է լիներ և չպետք է աներ այն, ինչ անում է: Երբ իշխանության մակարդակով այդպիսի հայտարարություններ են հնչում, որ՝ Արցախն Ադրբեջան է, իսկ մնացած օղակներում լռություն է, շատ դժվար է միջազգային կառույցներին համոզել, որ քո ժողովուրդն այդպես չի մտածում»:

Նրա խոսքով՝ միջազգային բոլոր կառույցներում պետք է մեծ աղմուկ բարձրացվի. «Մեր հայրենիքի մի մասն ամբողջովին կտրված է, խախտվում են բոլոր միջազգային նորմերը: Մենք ամեն ինչ անում էինք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի թեմայի շուրջ ամեն ինչ կառուցվի, իսկ այսօր այն զրոյական կետը, որին Փաշինյանը ձգտում էր, հասել է փաստորեն: Չկա մի ժողովուրդը, որը 5 տարի ունի նոր իշխանություն և դեռ խոսում է նախկիններից: Իհարկե, դա տեխնոլոգիաների արդյունք է, որ կարողացել են այդ մարդկանց շփոթեցնել: Իհարկե, 2018թ. համեմատ հասարակության վերաբերմունքը շատ է փոխվել, բայց իմ սպասումներն ավելին են, որովհետև ինձ համար բացահայտ է այս սուտը, որը 5 տարի սավառնում է օդում, այս մեծ սուտը, որով խաբեցին մեր ժողովրդին, և կարծում էի, որ մարդիկ արագ կհասկանան՝ ինչ է կատարվում: Բայց իհարկե, շատ մեծ խմբակ ունի ինքը, երբ չտես, ոչ մի կենսագրություն չունեցող մարդկանց բերել՝ նրանց բոլոր հաճույքները բավարարել է:

Պատգամավորի համար գործուղումը սարսափելի մեծ աշխատանք պետք է լինի, առաջներում մեզ համար այդպես էր, իսկ իրենց համար դա պարզապես հաճույք է: Ես գիտեմ, որ իրենք բոլոր էկզոտիկ վայրերում լինում են՝ պետության հաշվին, բայց որևէ գործ չեն անում: Այս ամբողջ խմբակը, պարզ է, որ իր կողմից պետք է լինի: Բայց պետք է համախմբել մարդկանց, որոնք դեմ են այս ամենին: Որևէ խղճուկ, վախկոտ կամ ժողովրդին անընդհատ պատերազմով վախեցնող կառավարությունը չի կարող հաջողության հասնել: Նախկինում եղած ոգին հիմա էլ շատերի մոտ կա, դա պետք է պահպանել և զարգացնել: Այս պարագայում, երբ որևէ նորմ չի գործում, և քո դիմաց թշնամիներ են, որոնք ունեն թուրանի մեծ գաղափարը…Ալիևն ու Էրդողանը այդ ամենը չեն թաքցնում, ես պարզապես սարսափում եմ, երբ տեսնում եմ իրենց գծած քարտեզները, այդ քարտեզները եթե մարդիկ տեսնում են, ընդունում են, որ դրանք կարող են իրականություն դառնալ, դա մեր վերջն է լինելու: Եթե պատրաստ չլինենք որևէ հակահարվածի, պետք է գնանք կործանվենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին