Հարցազրույցներ

«Պատերազմի իրական վտանգն այս իշխանություններն են. պոռթկում լինելու է». Տիգրան Վարդանյան

07.07.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ում չկա իշխանություն, քանի որ չեն գործում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Անկախության հռչակագիրը:

«Նիկոլ Փաշինյանը 2018թ. բերվել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, և ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ սուվերեն տարածքից զգալի հատվածներ: Ակնհայտ է դառնում, որ Արևմուտքի կողմից է նա բերվել իշխանության, իսկ հիմա պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները կատարեն այն ամենը, ինչի համար վարձատրվել են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո իշխանություններն ի սկզբանե շրջանառում էին այն թեզը, թե՝ միտինգ մի արեք, որ գերիներին բերենք, բայց գերիները մինչև այսօր այնտեղ են: Մենք պատկերացնում ենք, չէ՞, թե Բաքվի բերդերում մեր հայրենակիցների հետ ինչպես են վարվում: Բա ասում էր՝ ես պատրաստ եմ իմ Աշոտիկին տալ, որ բոլորին հետ բերեմ, բա ասում էր՝ մեր գերիները երկու ամիս կսպասեն. Երկու ամիսը դարձավ 2.5 տարի, Աշոտիկն էլ գործ տալով ման է գալիս, էդ շառը, բայց մեր գերիներն այնտեղ են: Էդ նույնն է, որ ասեն՝ մեջքդ մի քորիր, թե չէ ադրբեջանցիները կարող է պատերազմ սկսեն: Պատերազմի իրական վտանգն այս իշխանություններն են, որովհետև Հայաստանի և Արցախի փրկությունն իշխանափոխության մեջ է»,- ասաց նա:

Տիգրան Վարդանյանն ընդգծեց. «Որքան շուտ մեր ժողովուրդը հասկանա, որ այս տգետին, այս հայրենավաճառ սրիկային պետք է հեռացնել, այնքան ավելի լավ կլինի: Դեռ կան մարդիկ, ովքեր սրան սատարում են, ասում են՝ Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, բայց չեն հասկանում, որ հանգիստ չեն ապրելու: Օրինակ՝ այդ խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրումից հետո կարող է Կասկադում սուրճ խմելիս երկու սեղան այն կողմ որևէ թուրք կամ ադրբեջանցի կանգնի և ջուր շփի իրենց երեսին: Մեր շփումները մեր հասարակության հետ ցույց են տալիս, որ այդ պոռթկումը լինելու է, որովհետև այն ցավը, որն ունի հիմա մեր ժողովուրդը, պետք է ուղղակի ձնագնդիի էֆեկտ ստանա: Ես կարծում եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք վերջնականապես դրան հասնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

 

 

← Վերադառնալ ցուցակին