Հարցազրույցներ
«Ես գիտեմ՝ Նիկոլի վերջը որն է լինելու». Աննա Մկրտչյան
30.06.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վստահ է, որ թեպետ Նիկոլ Փաշինյանը որևէ դեպքում չի հանձնի իշխանությունը, բայց շատ դեպքեր, ձևեր և պայմաններ կան, որոնց օբյեկտիվ գոյությունը ստեղծելու պայմաններում Փաշինյանը հայ հասարակական և քաղաքական տիրույթում այլևս չի հայտնվի:
«Մեր փրկությունը, մեր գոյատևումը մեր սեփական ուսերին է: Ես վստահ եմ, որ այս իրավիճակը երկար տևել չի կարող. չարի վերջը մի օր հաստատ գալու է, դավաճանների վերջը մի օր հաստատ գալու է: Մենք բոլորս դրա մեջ պետք է ունենանք մեր բաժին պատասխանատվությունն ու մեր բաժին գործողությունները: Ես վստահեցնում են ձեզ, որ սրանից ազատվելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվն ավելին է, քան դուք պատկերացնում եք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դիտարկմանը՝ քաղաքացիներն ասում են՝ պետք է ուղղորդում լինի այս իրավիճակից դուրս գալու համար, որպեսզի իրենք էլ կարողանան համախմբվել, նա արձագանքեց. «Իհարկե, ճիշտ են ասում: Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հուսադրել, որ այդ ուղղորդումն իհարկե կլինի, բայց իրենք էլ այդ ուղղորդման ազդանշանները լսելուն պես հանկարծ չվարանեն և հասկանան, որ հենց իրենց գործողությունների մեջ է նաև մեր հավաքական փրկությունը»:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական կոնսենսուս ի շահ հայկական պետության երբեք չի լինելու, այն պետք է ձևավորվի հայ հասարակության և Հայաստանում ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց միջև. «Այդ կոնսենսուսը հասունանալու է»:
Հարցին՝ այսինքն՝ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, որպեսզի միջազգային հանրությունը հաշվի՞ նստի դրա հետ, նա պատասխանեց. «Մենք որևէ մեկից իշխանություն չենք մուրալու, որ մի հատ էլ մեզ հետ միջազգային հանրությունը հաշվի նստի: Մենք Նիկոլ չենք, է՞, որ գանք-ասենք՝ Արցախը կտամ, Հայաստանի տարածքների մեծ մասի անունը կդնեմ անկլավ՝ կտամ, երրորդ պետությանը ասի՝ ուզում ես ФСБ-ն կանգնի՞՝ թող ФСБ-ն կանգնի, ուզում ես FBI-ը կանգնի՝ թող FBI-ը կանգնի: Մենք այդպիսին չենք, մեր տեսական հնարավորությունը՝ աթոռ ունենալու, չարժի գրոշ անգամ, եթե դա այս գնով է լինելու: Ես նորից եմ կրկնում՝ մեր միակ բաղձալի կոնսոլիդացիան և կոնսենսուսը լինելու է հայ հասարակության, Հայաստանի քաղաքացիների միջև և Հայաստանում ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց միջև: Այդ հասկացվածությունը լինելու է, այդ անձնազոհությունը լինելու է: Հայաստանի քաղաքացիները շատ լավ հասկացել են, որ դավաճանությունից ազատվելը կարծես զոհասեղան լինի, և այդ զոհասեղանին յուրաքանչյուրս ինչ-որ մի բան պետք է դնենք: Դավաճաններից ազատվելու այլ տարբերակ չկա»:
Աննա Մկրտչյանը գնացել է Ազգային ժողով՝ իշխանության ներկայացուցիչների երեսին ասելու, թե նրանք ով են, և անդադար հիշեցնելու, որ նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի. «Մենք այնտեղ ենք՝ գիտակցումով և պատրաստ լինելով ցանկացած սցենարի, որովհետև դավաճանների հետ այդպես է, իրենք բազմիցս ապացուցել են, որ հայ սպանելուց չեն վարանի, եթե դա իրենց աթոռը փրկելու համար կլինի: Որևէ մեկը հիմա հարցնո՞ւմ է Նիկոլի իշխանությունից, թե այդ ո՞նց եղավ, որ Արարատ Միրզոյանի աթոռին նստած քաղաքացին հանկարծ որոշեց ինքնասպանություն գործել, եղե՞լ է այդ գործի լրիվ, բազմակողմանի քննություն՝ ո՛չ: Էդ ո՞նց եղավ, որ Նիկոլի անցնելու համար, որ մի րոպե հանկարծ իր մեքենան չկանգնի, վրաերթի ենթարկեցին ու սպանեցին հղի կնոջը: Ինչ-որ մեկը հարցրե՞ց, թե, ի վերջո, Արմեն Գրիգորյանն էդ ի՞նչ էր արել, որ դատապարտվեց մահվան, որ սպանեցին դատարանի դահլիճում՝ խոսել էր ընդամենը: Հարցնում եք՝ խոսելու համար պատրաստ եք պատիժների, այո, որովհետև Նիկոլի իշխանության պայմաններում այլ տարբերակ չկա, բայց այդ պայքարը կիսատ թողնել միայն նրա համար, որ Նիկոլը որոշել է վախի մթնոլորտ տարածի, ո՛չ: Նիկոլի վերջը, ես գիտեմ՝ որն է լինելու, մենք բոլորս էլ մեր հոգու խորքում գիտենք, թե դա որն է լինելու: Ես ընդամենը ունեմ մի առաջարկ մեր հասարակությանը՝ ձեր նշած կոնսենսուսը, ստեղծել հենց այդ կոնսոլիդացիան՝ հենց այդ գաղափարի շուրջ, որպեսզի Նիկոլի՝ մեր իմացած վերջը կես օր շուտ գա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am