Հարցազրույցներ
Պատերազմի ժամանակ գլխավոր գործող դեմքերից մեկը եղել է Օնիկ Գասպարյանը, նրա խոսելը շատ կարևոր է. պատասխանատվության բավականին մեծ և բարդ բաժին հասնելու է նաև նրան. Տիգրան Աբրահամյան
26.06.2023
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում ադրբեջանական զինված ուժերի առաջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ մարտական նոր ստորաբաժանումների ստեղծումը և, հատկապես, «Կոմանդո» ուժերի ստեղծումն ադրբեջանական զինված ուժերի մարտունակության բարձրացման կարևոր գործոններից է: Ավելին, Ադրբեջանը շարունակում է նոր և ժամանակակից սպառազինության ձեռքբերումները, կնքվել են նոր ԱԹՍ-ների և մեծ հեռահարության և բարձր ճշգրտության հրթիռների գնման պայմանագրեր։
Արդյո՞ք Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ի՞նչ բնույթի գործողություններ սպասել:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Ադրբեջանի նախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 2 անգամ հայտարարել է, որ աշխարհում գերակա է ուժի կիրառումը, և միջազգային իրավունքն այս տեսանկյունից զիջում է ուժի կիրառման սկզբունքին: Եվ ելնելով սրանից՝ անընդհատ պատրաստվում և կատարելագործվում է ադրբեջանական բանակը, որովհետև ՀՀ-ի հետ օրակարգային կարևոր հարցերում Ադրբեջանն ունի պահանջներ և բաց հայտարարում է, որ հասնելու է դրանց եթե ոչ՝ բանակցությունների, ապա՝ ուժի կիրառման միջոցով: Սա, ըստ էության, պատերազմի սպառնալիք է: Սա նաև ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների ուղղակի կամ անուղղակի հավաստիացումները հասարակությանը, թե իրենք կարողացել են պատերազմը կանգնեցնել, որևէ ձևով իրականությանը չի համապատասխանում: Այսինքն, այս իշխանությունը խաբել է հասարակությանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ խաղաղության կեղծ օրակարգի մասին էին խոսում և մարդկանց հավաստիացնում, որ պատերազմ, սադրանք այլևս չի լինելու, այնինչ դրան հետևեցին ադրբեջանական մի քանի ագրեսիա, որի հետևանքը ՀՀ տարածքային և մարդկային մեծաթիվ կորուստներն էին:
– Այս ամենի ֆոնին Ձեզ համար պա՞րզ է՝ ինչին ենք պատրաստում մեր բանակը, ինչ է արվել: Օրինակ, հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 միլիարդ դրամ»: Այսինքն, երկու տարում, ըստ նրա, իրականացրել են նախորդ իշխանությունների օրոք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին:
– Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշները, այդ թվում՝ 2018-2020 թվականներին ձեռք բերված սպառազինության վերաբերյալ, ակնհայտորեն հեռու են իրականությունից, որովհետև այդ ընթացքում հասարակության համար տեսանելի են եղել Սու-30-ները, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, եղել են առանց զինամթերքի: Եվ փաստացի այդքան գովերգված ինքնաթիռները, բնականաբար, որևէ լուրջ մարտական խնդիր չէին կարող կատարել և չկատարեցին: Այդ ընթացքում տեղի ունեցան նաև հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների գնումներ Հորդանանից, եթե չեմ սխալվում, մոտ 30 մլն դոլարի շրջանակում, սակայն դրանք պետք է արդիականացում անցնեին ՀՀ-ում, և պարզ չէ՝ մինչև պատերազմն արդիականացման գործընթացն ամբողջությամբ տեղի ունեցա՞վ համապատասխան ընթացակարգերով, թե՞ ոչ: Եթե չեմ սխալվում, եղել են նաև 100 մլն դոլարի մատակարարումներ ՀՀ-ին, որի գործարքը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները: Այլ գործարքների մասին որևէ խոսք չի եղել, էլ չեմ ասում, որ այն գործարքները, որոնք այս իշխանություններն իրականացրել են 2018-2020-ի նախքան պատերազմն ընկած ժամանակահատվածում, տարբեր գործոններով պայմանավորված՝ կամ մարտի դաշտ չեն հասել, կամ չեն գործածվել, որովհետև այդ պահին դրանք ունակ չեն եղել:
– Զենքի մատակարարումների հետ կապված չլուծված խնդիրներ ունենք դեռ, իսկ առաջնագծում, դիրքերի կահավորման առումով ի՞նչ իրավիճակ է, Դուք հաճախ եք լինում առաջնագծի տարբեր հատվածներում:
– Առաջնագծի տարբեր հատվածներում որոշակի աշխատանք իրականացվել է, դրանք այս պահին դժվար է բավարար համարել: Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ զինված ուժերում մարտական խնդիրն արդյունավետ իրականացվում է այն դեպքում, երբ դրանք հնարավոր բոլոր կոմպոնենտներում իրենց արդյունավետությունն ապահովում են: Կան մի շարք ուղղություններ, որի ուղղությամբ իշխանությունը կամ առհասարակ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում, կամ այն ուղղությունը, պլանավորումները, որոնք վերցրել են, ոչ մի լուրջ արդյունք չեն տալու:
– Շաբաթ օրը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման տանող գործողություններ էր սկսել, ինչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձում անվանել էր դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։ Դրա պատճառների մասին շրջանառվեցին տարբեր վարկածներ, ի վերջո, նույն օրն ավելի ուշ «Վագները» նահանջեց և վերադարձավ իր դաշտային ճամբարներ: Ամեն դեպքում, շատ փորձագետներ ամեն ինչ դեռ ավարտված չեն համարում և նշում են, որ ՌԴ-ի ներսում կան լրջագույն խնդիրներ: Հաշվի առնելով նշվածը, մյուս կողմից, ադրբեջանական պահանջներն ու հավակնությունները, ի՞նչ սպասել արցախյան և հայաստանյան թևում:
– ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները՝ և՛ ներքաղաքական, և՛ ուկրաինական ճգնաժամի համատեքստում, բնականաբար, իրենց ազդեցությունն ունեցել են և ունեն նաև Հարավային Կովկասում: Նույնիսկ ռուսական կողմը չի խուսափում այդ մասին խոսել՝ նշելով, որ իր համար առաջնային օրակարգն այս պահին այնտեղ է, և, բնականաբար, ողջ ուշադրությունը, ռեսուրսներն այնտեղ են կենտրոնացված: Իսկ Ադրբեջանն այս ողջ ընթացքում օգտվել է առիթից և Արցախի ուղղությամբ իրականացրել է ագրեսիա, որն առաջին հերթին հենց հակասում էր ՌԴ միջնորդությամբ և մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Տարածաշրջանում, աշխարհում ժամանակը, իրադրությունը, նաև Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկա ժամանակահատվածում իրադրությունը շարունակելու է մնալ բավականին ռիսկային, և որևէ ձևով չեմ կարող բացառել ադրբեջանական սադրանքները և գործողությունները:
– Հունիսի 20-ին Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում հրապարակային և բաց ելույթ ունեցավ, հունիսի 27-ին էլ հարցուպատասխան է լինելու, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Փաշինյանը չհամաձայնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ հանդես գալ հրապարակային և բաց համատեղ նիստում:
– Քննիչ հանձնաժողովն ի սկզբանե ստեղծվել է ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու, կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելու, մեղավորության չափը որոշելու համար, այլ այն ուներ կոնկրետ քաղաքական նպատակ՝ «փաթեթավորել» իշխանության կողմից նախապես որոշված, նշանակված մեղավորներին և պատասխանատուներին և ազատել քաղաքական իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվությունից: Այսինքն, այդ հանձնաժողովի աշխատանքներն այս պահին ունեն միայն քաղաքական և քարոզչական բնույթ, և բացառապես սպասարկում են այս իշխանության շահերը: Եվ ակնկալել, որ դա կարող է լուրջ հարցերի պատասխան տալ, բնականաբար՝ ոչ, չի կարող:
– ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2 անգամ հրավիրվել է Քննիչ հանձնաժողով, ինչ է ասել իրականում նա, մենք չգիտենք, բայց հունիսի 20-ի Փաշինյանի հրապարակային ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հակասություններ չկան Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի ասածների միջև Շուշիի մասով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հակագրոհի հրամանը Օնիկ Գասպարյանը հաստատել է, գուցե՝ որոշում կայացնո՞ղն է եղել, Օնիկ Գասպարյանը չպիտի՞ որոշակի սահմանում հրապարակային խոսի:
– Օնիկ Գասպարյանի, ինչպես նաև մի շարք զինվորականների լռելը, բնականաբար, իշխանության համար պարարտ հող է նախապատրաստում՝ իրենց սեփական պատկերացումները և քաղաքական, քարոզչական պլանավորումներն իրականացնելու, հասարակությանը մոլորեցնելու համար: Իհարկե, կան զինվորականներ, որոնք որոշ չափով խոսում են, օրինակ՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, նաև այլ զինվորականներ ինչ-որ այլ ֆորմատով որոշակի խոսք փոխանցում են: Բայց գլխավոր գործող դեմքերից մեկը եղել է Օնիկ Գասպարյանը, և նրա խոսելը, բնականաբար, շատ կարևոր է: Կրկնում եմ՝ չխոսելն այս դեպքում բերում է նրան, որ իշխանությունն ինչպես ուզում է, այնպես էլ օգտագործում է հանգամանքները: Օրինակ, թիրախավորում է տարբեր հրամանատարների, և ժամանակը գալու է, երբ պատասխանատվության բավականին մեծ և բարդ բաժին հասնելու է նաև Օնիկ Գասպարյանին: Հրապարակային լռելը չի նշանակում, որ նրա նկատմամբ գրոհներ չեն լինելու, կամ նրան ազատությունից չեն զրկելու: Ժամանակը ցույց է տվել, որ այս իշխանությունը իր բնույթով և վարքագծով հեռու է բարոյականությունից և իր կաշին փրկելու համար պատրաստ է բոլորին զոհաբերել:
– Ամեն դեպքում, ընդդիմությունն ինչ-որ կերպ չպիտի՞ ճնշում գործադրի, որ Փաշինյանը կաշկանդված լինի պատերազմի հանգամանքների մասին խոսելիս, բանակի վրա պատերազմի պարտության ամբողջական պատասխանատվությունն ու մեղքը դնելիս:
– Ոչ միայն ընդդիմությունը, այլև պատերազմի մասնակից զինվորականները ճշմարտությունը հանրայնացնելով՝ ավտոմատ ձևով կարող են ճնշում գործադրել իշխանության վրա, և հնարավորինս կանխեն իշխանության տոտալ ապատեղեկատվության տարածումը: Միայն ճշմարտությունը և խոսքն այստեղ կարող են հակազդել իշխանության տոտալ ճնշումներին:
– Վերադառնանք ՌԴ-ում ռազմական հեղաշրջման փորձին և հիշենք 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, որտեղ գեներալներն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջում էին Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Հանրության պահանջները և ակնկալիքները շատ էին, բայց ԳՇ-ն այլ գործողության մտադրություն ի սկզբանե չի ունեցել, ինչ կարող էր անել զինվորականությունը, որ չարեց: Արդյոք ժողովուրդը, քաղաքական ուժերը բավարար չափով բանակի կողքի՞ն էին և կլինեի՞ն, թե՞ կունենայինք, այսպես ասած, քաղաքական բանտարկյալներ կամ կալանավորվածներ, ու ամեն ինչ կավարտվեր…
– Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ շատերի համար հստակ էր, որ այս իշխանությունը մեր ժողովրդին միայն պատերազմ, ողբերգություն, զրկանքներ և տարածքային կորուստներ է բերում, բնականաբար, ստեղծված էր իրավիճակ երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար: Հիմա հետադարձ հայացք նետելով՝ շատ դժվար է ասել, թե այդ պահին որ կողմն ինչպես պետք է գործեր, որ հնարավոր լիներ հաջողության հասնել: Իրավիճակը բավականին լարված էր, զգայուն, սակայն կարծում եմ, որ այդ ժամանակահատվածը ևս մեկ կորսված պահ էր, որտեղ կար հստակ հնարավորություն իշխանություն փոխելու և երկրի անկումը կանգնեցնելու համար:
Մարիամ Պետրոսյան
168.am