Հարցազրույցներ
Փաշինյա՛ն, դու ո՞վ ես եղել, ինչո՞ւ հարցը չես լուծել, եթե ասում ես՝ Շուշիի մասով ԳՇ-ն սխալ է զեկուցել
23.06.2023
Ադրբեջանը կասկածելի շարժեր է իրականացնում Քարվաճառից դեպի Քաշաթաղ, այսինքն՝ դեպի հարավ, այս իրավիճակը նվազագույն ռիսկեր է ստեղծում հնարավոր գործողությունների համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով սահմանային լարվածության մասին:
«Այս փուլում ռազմական մեծ գործողություններ չեն լինի, բայց տեղային ճնշումներ հնարավոր է լինեն բանակցություններում ցանկալի արդյունքի հասնելու համար: Կուտակումների եղած քանակությունը թույլ չի տալիս ասել, որ մասշտաբային գործողություններ կլինեն, բայց հավանականություն կա, որ երկու ուղղություններով էլ՝ Արցախ, Հայաստան, կլինեն քայլեր»,-նշեց պատգամավորը:
Աբրահամյանի համոզմամբ, այս ճնշումները Արցախի վրա Ադրբեջանն իրականացնում է, քանի որ իրենց սկզբունքներին հավատարիմ են մնում՝ ինքնորոշման իրավունքի համար պայքար, պետական համակարգը պահպանելու վճռականություն: Անդրադառնալով այն տեղեկություններին՝ որ ԱՄՆ-ն ստիպում է Արցախին երկխոսել Բաքվի հետ, այլապես հակաահաբեկչական գործողություններ կիրականացվեն, պատգամավորը նշեց. «ԱՄՆ-ի այդ հայտարարությունից իմ տպավորութունն այն է, որ եթե Արցախը չհամաձայնվի ամերիկյան խաղի կանոններին կամ իրենց առաջարկած հարթակի շրջանակներին, ԱՄՆ-ն աչք կփակի Ադրբեջանի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների վրա:
Ադրբեջանցիները Արցախի ՊԲ-ն ապօրինի ահաբեկչական կառույց են հռչակել, ասում են, որ կվերացնեն այն, եթե ԱՄՆ-ն ակնարկում է, որ կխրախուսեն դա, ապա ԱՄՆ-ի դիրքորոշումը ապակառուցողական է և չի բխում ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից, եթե սխալ ենք հասկացել, ուրեմն պետք է պարզաբանեն, որ երկիմաստ չընկալվի»:
24news.am