Հարցազրույցներ

«Քիչ էր մնում՝ Նիկոլը Ալիևի կրունկները մերսեր. թուրքը սիրում է, երբ իրեն լպստում են». Արմեն Աշոտյան

12.06.2023

 Հունիսի 12-ին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավը՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում խոսելով օրվա խորհրդի մասին՝ ասաց, որ Անդրանիկ Մարգարյանին ժողովուրդն էր ընդունում որպես վարչապետ, ոչ թե պաշտոնն էր այդպիսին։

«Բոլորն ասում էին՝ մեր վարչապետը, որն ապացուցում էր, որ կարելի էր լինել և՛ սիրված վարչապետ, և՛ չքանդել երկիրը, սա շատ կարևոր տարբերություն է։ Ցավով եմ ասում, եթե Անդրանիկ Մարգարյանը ողջ լիներ ու այս վիճակը տեսներ, կրկին սիրտը չէր դիմանա, որովհետև նրա, նրա կուսակցության, մեր կուսակցության ամբողջ պայքարը խարսխված էր ինքնիշխանության և Արցախի պայքարի վրա»,- նշեց Արմեն Աշոտյանը։

 

Ինչ վերաբերում է երկրում ստեղծված իրավիճակին ու ՀՀԿ-ի անելիքներին, Արմեն Աշոտյանն ասաց, որ 2018 թվականից Հանրապետական կուսակցությունը բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, նշանակում է՝ հոմանիշ Արցախի կորստի։

«Ցավոք, մեր բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում, 44-օրյա պատերազմից հետո արցախուրացությունը և հայկական շահերի հաշվին սեփական քաղաքական կարիերան մեկնաբանելու ու առաջ տանելու մոլուցքը Նիկոլի մոտ դարձավ ավելի հիվանդագին։ Հանրապետականը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում, մեծ թափ է ստացել, մասնավորապես, ստորագրահավաքը, որը ներսի համար չէ։ Նույնիսկ, եթե ներսի համար դիտարկենք, ապա մարդիկ պետք է տեսնեն, որ իրենք մենակ չեն, ստորագրահավաքը գալիս է ամրապնդելու այն սոցիոլոգիական հարցումները, որ հայ հասարակությունը դեմ է Արցախի հանձնմանը»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

168.am Արմեն Աշոտյանից նաև հետաքրքրվեց, թե Էրդողանի երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանի գնալը Թուրքիա, որևէ բան կարո՞ղ է փոխել հայ-թուրքական հարաբերություներում, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Առիթից օգտվեմ և ասեմ, որ սա չպետք է շփոթել հավասարը հավասարի հետ շփումը, որը եղել է ֆուտբոլային դիվանագիտության տարիներին։ Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Հայաստան, հետո ինքը գնաց, կներեք, նախ Սերժի կզած նկար առհասարակ չկա, և թուրքական ոչ մի մամուլ այդ կզած նկարով չէր ասել, որ եկավ Էրդողանի ոտքերը լպստելու։ Մարդիկ կարող են հանդիպել տարբեր առիթներով, հանդիպման աուրան ու օրակարգը պետք է հասկանալ։ Հարցը ո՞րն էր, կազդի՞ այդ հանդիպումը, իհարկե կազդի շատ բացասական, որովհետև թուրքը սիրում է, երբ իրեն լպստում են։ Թուրքն ուժ է սիրում, իսկ Նիկոլ Փաշինյանն ուժ չէ, նա անուժ է, քաղաքական իմպոտենցիայի հոմանիշն է՝ միջազգային քաղաքականության մեջ։ Հետո Ալիևի հետ այդ նկարները, որոնք զարհուրելի էին, բոլոր այն մարդկանց համար, որոնց երեխաները մինչև այժմ անհետ կորած են, ռազմագերի են և այլն։ Քիչ էր մնում ղդիկ տար Ալիևին, ոտքի բութ մատը, կրունկները մասաժ աներ, այն դեպքում, երբ իր դեմը կանգնած էր, իր իսկ ասածով, բռնապետը, կոռումպացվածը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին