Հարցազրույցներ
«Արցախի իշխանությունները հավասարապես մեկ պատասխանատվության դաշտում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հետ»․ Տիգրան Աբրահամյան
09.06.2023
«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
– Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը սրում է իրավիճակը Արցախի ու Հայաստանի ուղղությամբ՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։ -Ադրբեջանի մարտավարությունը Հայաստանի հետ բանակցություններում առավելապաշտական է։ Եվ յուրաքանչյուր պահի, երբ Հայաստանը չի դիմադրում եւ գնում է զիջումների, Ադրբեջանը դա նախ այդ փուլի համար արձանագրում է, ապա անցնում է հաջորդ խումբ պահանջների ներկայացմանը։ Եվ սրա հետեւանքով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ Հայաստանի իշխանությունների՝ առաջին դեմքի կողմից արված հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, չի բավարարում Ադրբեջանին։ Եվ Ադրբեջանը տարածքային հավակնությունների հաջորդ խումբն է ներկայացնում՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքների հետ։ Քանի դեռ Հայաստանի իշխանություններն այսպիսի քաղաքական կուրս են ընտրել, ցավոք, զիջումների եւ կորուստների այս շղթան չի փակվելու։ Ադրբեջանը նոր խմբաքանակի պահանջների կյանքի կոչման համար գնում է նաեւ շանտաժի եւ ուժի կիրառման սպառնալիքի ճանապարհով։ Եվ Հայաստանի իշխանությունների այդ քաղաքականության պայմաններում դա կարող է բերել նոր ցավալի խնդիրների։
– Տեղեկություն եղավ, որ Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն։
aravot.am