Հարցազրույցներ
«Դա տիպիկ ՔՊ-ական ֆաշիզմի դրսևորում է. նման լկտիություն հաճախ ենք տեսնելու». Սամվել Նիկոյան
08.06.2023
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն այն կարծիքին է, որ խաղաղություն կարող է լինել հավասարազոր ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռության պայմաններում:
«Երբ Ադրբեջանը մեր 5000 երեխաներին այրում էր ռումբերի և բայրաքթարների տակ, էլի խաղաղություն էր ասում: Նա հայկական տարածքներ է գրավում, ասում է՝ խաղաղությանն ուղղված քայլեր: Նրա և սրանց պատկերացրած խաղաղությունն ուրիշ է: Մերոնք նրանց ցանկությունները բավարարում են՝ ինչ-որ ժամանակով իրենց իշխանությունը երկարացնելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա հիշեցրեց Հրանտ Մաթևոսյանի հայտնի խոսքը, որ մարդն անասունից տարբերվում է իր հիշողությամբ. «Մաթևոսյանը գրել է, որ անասունի զավակին սպանում են, հետո այդ սպանողը նույն անասունի առջև խոտ է դնում, նա ուտում է այդ խոտը: Նույնն էլ հիմա է՝ մեր զավակներին սպանել են, կերակուր են տալիս, և մարդիկ ուտում են: Սա է խնդիրը»:
Սամվել Նիկոյանի դիտարկմամբ՝ դեռ ամեն ինչ կորած չէ. «Պատերազմից հետո ասում էին՝ ազգերի պատմության մեջ պարտություններ լինում են, բայց պետք է մի բան հասկանալ՝ Նիկոլն իր հետ պետք է պարտությունը տանի, այլ չփաթաթի ազգի և պետության գլխին այդ պարտությունը: Նա իր հետ պետք է այդ պարտությունը տանի, ցույց տա, որ ինքն է պարտվել, ոչ թե ազգը, և փրկի ազգի, պետության արժանապատվությունը: Ընդ որում՝ դա այն է, ինչ ինքը Սահակաշվիլուն էր խորհուրդ տալիս: Նա շատ հարմար, պատեհ պահի օգտագործեց այն մասսային, որն ասում է՝ տվեք հայրենիքը՝ փրկեք կյանքեր, և վերընտրվեց:
Նա շատ լավ հաշվարկել էր, որ այդպիսի մարդիկ մեր պետության մեջ շատ են: Դուք տեսեք՝ պատերազմից անմիջապես հետո ինչ փիլիսոփայություն է գործում Հայաստանում. ամբողջ ազգերն իրենց պատմության մեջ ասում են՝ կյանքս կտամ հայրենիքիս, դա է եղել բոլոր զինվորների երդման մեջ, իսկ հիմա ասում են՝ Նիկոլը կյանքեր փրկեց, Շուշին տվեց՝ փրկեց կյանքեր:
Առաջ ասում էին՝ կյանքս կտամ հայրենիքին, հիմա ասում են՝ հայրենիքը կտամ իմ կյանքին: Այդ քարոզչությունն է մտցրել մարդկանց մեջ, ասացին՝ 25-30 հազար կյանք է փրկել Նիկոլը: Ինքը կարողացել է գտնել թույլ կետ, որի վրա խաղում է և հաջողության է հասնում: Ի՞նչ պետք է անի ազգային էլիտան. պարզ է, որ այս պահի դրությամբ ժողովուրդը հաղթել է ազգին: Եթե որևէ ժողովուրդ ուզում է ինքնասպանություն գործել, ոչ ոք նրան չի կարող խանգարել: Մենք ապրում ենք այդ ժամանակները: Բայց միևնույն է, յուրաքանչյուր պետության մեջ ազգային էլիտայի վրա մեծ պատասխանատվություն կա դրած»:
Նրա դիտարկմամբ՝ 2018թ. Հայաստանի և 1917թ. ռուսական բոլշևիկյան հեղափոխության տեխնոլոգիաները նույնական են՝ հասարակությանը բաժանել են երկու մասին. «Այն ժամանակ՝ կարմիր-սպիտակ, հիմա՝ սև-սպիտակ, և մի մասին տրամադրեցին մյուսի դեմ: Սովետը քանդվեց, որովհետև ներքին թշնամու կերպարն ավարտվեց: Յուրաքանչյուր հեղափոխություն ապրում է այնքան, ինչքան ինքը ներսում թշնամի է գտնում: Նիկոլը փառահեղ ձևով ներսում միշտ թշնամիներ է գտնում, ինքը դա շարունակելու է, ինքը լավ հասկանում է՝ որ օրն ինքը ներսում թշնամի չգտավ՝ պարտվելու է: Ղարսի պաշտպանության ժամանակ քարոզում էին, թե՝ էն թուրքը, որ գալիս է, մեզ նման ռամիկ գյուղացի է, մեզ ի՞նչ է արել, մեր թշնամին մեր թիկունքում մեզ հարստահարողներն են, չկռվենք թուրքի դեմ, այլ գնանք թիկունքի մեր քյոխվեքի հետ կռվենք: Դա նույն քարոզչությունն է, ինչ կատարվեց 2018թ. հետո: Դա ազգը, պետությունը քանդելու լավագույն բանաձևն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am