Հարցազրույցներ

«Ադրբեջանը քարոզչական դաշտում հնարավոր նոր գործողություններ է «փաթեթավորում» Արցախի տարածքում». Տիգրան Աբրահամյան

17.05.2023

 Մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցության ժամանակ վերլուծվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ Ղարաբաղի տնտեսական գոտում ընթացիկ օպերատիվ պայմանները: Սոթքի վերջին գործողությունների համատեքստում Հասանովը հրաման էր տվել խիստ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու «հնարավոր զինված միջադեպերը»:

Մայիսի 16-ին արդեն ադրբեջանական caliber.az-ն ակտիվացրեց խոսակցությունները, թե ՀՀ-ն «շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և, որ դեռ 10.000 հայ զինծառայող է գտնվում իրենց տարածքում»:

 

Ավելին, իբր իրենց օգտատերերից ստացած նոր կադրերի հիման վրա ադրբեջանական քարոզչամեքենան պնդել է, թե՝ «ՀՀ զինծառայողները Խոջալուի զորավարժարանում կրակային վարժանքներ են իրականացնում»:

Ադրբեջանական հիշատակված լրատվամիջոցի հոդվածում նշվում է, որ Իվանյանում «հայկական խմբավորումների» առկայության պայմաններում իրենց համար իբրև թե հնարավոր չէ իրականացնել սեփական քաղաքացիների վերաբնակեցումն օկուպացված Ակնայում:

Ադրբեջանական կողմն իրեն նույնիսկ իրավունք է վերապահել խնդրի լուծման սեփական տարբերակները հուշել. առաջին՝ «հայկական խմբավորումների» դուրսբերում, ՀՀ պետական բյուջեից Արցախին տրվող ֆինանսավորման դադարեցում, երկրորդ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ համագործակցությամբ Ադրբեջանի ուժային կառույցների, «պետք է ապահովի հայ զինծառայողների դուրսբերումը Ղարաբաղից», երրորդ՝ եթե ռուսական խաղաղապահ կոնտինգենտն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը, ապա Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել:

Այսինքն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է Արցախի ՊԲ վերջնական կազմաքանդմանն ուղղված գործողությունները՝ քարոզչական-տեղեկատվական դաշտում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի/ ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը որպես «ահաբեկչական» որակելով:

Սրանով, ըստ էության, փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ, այսպես կոչված, «հակաահաբեկչության հիմքով» էսկալացիաների հրահրումն ու իրականացումը:

Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

– Ադրբեջանը հետպատերազմյան ժամանակահատվածում նոր գործընթաց է «եփում» առ այն, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են ծառայությունը Արցախի Հանրապետությունում: Այնինչ ակնհայտ է, և կարծում եմ՝ միջնորդ երկրների համար է հստակ, որ Արցախում գործող Պաշտպանության բանակը բացառապես արցախցիներով է համալրված և պարզ ինքնապաշտպանական ֆունկցիա է կատարում: Բայց դա, բնականաբար, Ադրբեջանի համար կարևոր չէ, քանի որ նա նպատակ ունի թիրախավորել այն բոլոր կառույցները և ենթակառուցվածքները, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել Արցախի անվտանգությունը: Դրա անվան տակ քարոզչական բազմաթիվ ջանքեր և ռեսուրսներ են դրվում՝ ցույց տալու, թե դրանք անօրինական են, «ահաբեկչական» են, որպեսզի կարողանան փաթեթավորել իրենց հնարավոր գործողություններն Արցախի տարածքում: ՀՀ իշխանությունները դասական առումով մեծ անելիք պետք է ունենային, բայց եթե խոսք է գնում այս պահին ՀՀ-ում գործող քաղաքական իշխանության մասին, որը Արցախի հանձնման ջատագովներից է, և, ըստ էության, փորձում է գործընթացն ավարտին հասցնել, հասկանալի է, որ այս ուղղությամբ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ որևէ աշխատանք չի տանելու, ինչը շատ ավելի հեշտացնելու է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ:

– Ի դեպ, ադրբեջանական կողմն ակնարկում է, որ ՊԲ-ն ամբողջությամբ կկազմալուծվի, եթե ՀՀ-ն դադարեցնի ցանկացած ֆինանսավորում Արցախին, ՀՀ իշխանությունները կգնա՞ն այս քայլին:

– Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ շարունակում են կատարել ադրբեջանական պահանջները՝ անկախ նրանից, թե դրանք որևէ ձևով փաստաթղթավորվա՞ծ են, թե՞ բանավոր ձևով են հնչում: ՀՀ իշխանություններն արդեն հասցրել են մեծ հարված հասցնել Արցախին, Արցախի ինքնորոշման իրավունքին, անվտանգությանը, արցախցիներին, և այս պարագայում որևէ ձևով չեմ բացառում, որ մի փուլում Հայաստանն առհասարակ նույնիսկ հումանիտար ուղղությամբ տրամադրվող ֆինանսավորումը կարող է դադարեցնել:

– Դուք ինչպե՞ս եք տեսնում ՊԲ-ի հզորացումն այսօրվա պայմաններում, երբ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավոր չէ այլևս, և որքանո՞վ եք իրատեսական համարում ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոստումները ՊԲ-ն հզորացնելու, հզոր ինքնապաշտպանություն ստեղծելու վերաբերյալ: Թերևս, առաջին հայացքից վատ բան չի ասվում, բայց կան բայցեր:

– Արցախի ՊԲ-ն շարունակում է մնալ այն կարևոր հիմքերից մեկը, որն ապահովում է արցախցիների անվտանգությունը և որոշակի երաշխիքներ է տալիս: Իսկ ստեղծված իրավիճակը հուշում է, որ Արցախում, առհասարակ, անվտանգության կոնցեպցիան պետք է վերափոխվի, նոր գործիքներ կիրառվեն՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ միջանցքի փակ լինելու հանգամանքը, Ադրբեջանի կողմից աճող ագրեսիան, ՀՀ իշխանությունների՝ Արցախի հանձնման գործընթացը, որը բացահայտ է իրականացվում, և դրա մասին հայտարարվում է: Ինչ վերաբերում է ՊԲ զարգացմանը և այս կամ այն կողմից ներկայացվող ծրագրերին, ես ինքս չեմ տեսել որևէ հստակ ծրագիր, ինչը պարզորոշ կերպով ցույց է տալիս այն քայլերը, գործողությունները, որոնք պիտի իրականացվեն: Անվտանգության համակարգի փոփոխությունների մասին Արցախում շատ են խոսում, կրկնում եմ, որ ես ինքս մինչ այս պահը որևէ լուրջ ծրագիր չեմ տեսել: Միգուցե կա, որի մասին ես տեղյակ չեմ, համենայնդեպս, ես չեմ տեսել լուրջ ծրագրային փաթեթ՝ բացի ցանկություններից և որոշակի դիտարկումներից:

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին