Հարցազրույցներ

ԿՈԿՈՐԴ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԳԱՂՏՆԻ ՈՉ ՄԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ՉԻ ԲԵՐՎԵԼՈՒ

09.05.2023

 «Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն է:

 
- Նիկոլ Փաշինյանն այժմ Մոսկվայում է: Մայիսի 14-ին էլ Բրյուսելում Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպում կունենան: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Պրահայում էր: Իսկ դրան նախորդող օրերին ՀՀ արտաքին գործերի նախարարն էլ Վաշինգտոնում էր` բանակցում էր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ: Ձեր կարծիքով` այս հանդիպումների շղթայից ի՞նչ կարելի է սպասել: Ինչո՞ւ են իշխանություններն այսքան ակտիվացել:
 
- Այո, շրջագայությունները շատ են, սակայն կարևորն արդյունքն է: Ի՞նչ հետևանք կունենան այդ շրջագայությունները, մեր պետության, պետականության ու ժողովրդի համար, այ սա է խնդիրը: Արցախ, Հայաստան, մեր երկու հայկական պետություններն այսօր խիստ վտանգի առաջ են կանգնել: Առաջներում իշխանություններն ասում էին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ են, սակայն այժմ Պուտինի հետ այդքան խոսում ենք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի նախագահի հետ խոսվեց, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, սակայն փաստացի այսօր այլ բան ենք տեսնում: Ստացվում է` ասվում է մի բան, արվում` լրիվ այլ բան, հետո էլ իրականացվում է լրիվ այլ բան:
 
- Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ու առաջիկայում կնքվելիք «Հարաբերությունների կարգավորման համաձայնագրի» մասին է այժմ խոսվում: Ըստ Ձեզ` ի՞նչ փաստաթուղթ է լինելու այն:
 
- Որևէ մեկն այդ հարցին պատասխանել չի կարող: Անգամ իրենք չեն կարողանում, այսպես ասած, գաղտնազերծել իրենց ասած փաստաթուղթը: Ոմանք կոկորդ էին պատռում, որ ժողովրդից գաղտնի ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվելու, սակայն այժմ գաղտնի բանակցություններ են ընթանում: Սա՞ է թափանցիկ աշխատանքը: Մեկ գիշերվա մեջ կապիտուլյացիա ստորագրվեց` նորից գաղտնի: Ազգային ժողովում էլ հաթաթա տվեցին, որ ինչ ուզում են, դա էլ բանակցում են: Էլ ի՞նչ խոսես այդ մասին: Իրականությունը սա է:
 
- Իսկ ինչո՞ւ հենց հիմա: Ինչո՞ւ են շտապում մեր եւ հակառակորդ պետությունների իշխանությունները:
 
- Ռուս-ուկրաինական պատերազմից հետո արևմտյան թևն ու ռուսական գիծը լարված են և ես չեմ կարծում թե վաշինգտոնյան կամ բրյուսելյան հանդիպումները մեզ կարող են տանել դեպի խաղաղության դարաշրջան: Ոչ մի նման փաստաթուղթ մենք չեն կարող ունենալ` ինչո՞ւ, որովհետև անվտանգության որևէ երաշխիք տվյալ գերտերությունները մեզ չեն տվել, մինչ օրս Եվրամիության դիտորդները վերջին բախումների հետ կապված գրեթե ոչինչ չեն ասել, միայն ասացին, որ հեռադիտակներ ունեն ու վերջ:
 
- Ո՞րն է Ռուսաստանի տված անվտանգության երաշխիքը:
 
- Ռուսաստանի դրոշը Գյումրիում է և Թուրքիան չի մտնում Հայաստան: Արցախի մազապուրծ եղած հատվածն էլ այսօր հայաբնակ է: Սա է երաշխիքը:

Հայկ Գևորգյան
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին