Հարցազրույցներ
«Փաշինյանը հարված է ուտելու բոլոր կողմերից. Կլինի՝ կտեսնե՛ք». Էդուարդ Շարմազանով
08.05.2023
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին՝ Բրյուսելում։ Այս մասին գրել է Financial Times-ը` վկայակոչելով նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաների տեղեկատվությունը։
Նշենք, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը հաջորդելու է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ղեկավարությամբ 4 օր շարունակ տեղի ունեցած՝ Միրզոյան-Բայրամով, և վաղը Մոսկվայում կայանալիք՝ Պուտին Փաշինյան հանդիպումներին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ աշխարհաքաղաքական տարբեր հարթակներում ընթացող հանդիպումները պայմանավորեց աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրին Փաշինյանի տված խոստումների և դրանք կատարելու պահանջով։
«Փաշինյանը քաոտիկ և տրամաբանություն չունեցող գործիչ է. մեկ հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հետո բողոքում է նրանցից, հանդիպում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, հետո Ռուսաստանը համարում է Հայաստանի սպառնալիք, ուստի նրա քայլերում չկա որևէ տրամաբանություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում կազմակերպվող բոլոր բանակցություններին գնում է զիջելու տրամաբանությամբ, ուստի Հայաստանն ու Արցախի մնացած հատվածը պահելու միակ տարբերակը Փաշինյանի հրաժարականն է։
«Փաշինյանի բանակցություններից լավ բան մի սպասեք. ինքը խոստումներ է տվել բոլորին և չի կարող կողմերից որևէ մեկին գցել։ Փաշինյանը հարված է ուտելու բոլոր կողմերից. չի՛ կարող ամերիկացիների հետ հանդիպել, բամբասել ռուսներից, և՝ հակառակը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանն ունի ընդամենը մի նպատակ՝ պահել սեփական աթոռը»,- ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Շառլ Միշելի հետ հանդիպումների արդյունքում ձեռք բերված 10 պայմանավորվածությունների անկատար մնալուց և հավելեց՝ 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան հաջորդել էր հենց Միշելի հետ հանդիպմանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան
168.am