Հարցազրույցներ

Այս պահին չեմ տեսնում ռեալ ուժ, որը կարող է ավելի լավ կատարել խնդիրը, քան ռուս խաղաղապահները․ Տիգրան Աբրահամյան

01.05.2023

 Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

–Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ տարածքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսված: Ի՞նչ սպասենք այս հանդիպումից՝ հաշվի առնելով, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո իրավիճակն ավելի է սրվել: 

–Քննարկումները, որ այս պահին տարվում են այդ անցակետի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, և այն ոչ պաշտոնական տեղեկությունները, որոնք որոշակի պարբերականությամբ տարածվում են, ցույց են տալիս, որ մեզ համար որևէ բարեհաջող լուծում չի ուրվագծվում: Ընդամենը կա քննարկում վատի և վատթարագույնի միջև: Երկու առումով էլ մեզ համար խնդրահարույց իրավիճակ է: Վատթարագույնն այն է, որ Ադրբեջանը փորձում է ամբողջ ուժով գործարկել անցակետը՝ ամբողջական վերահսկողության տակ առնելով Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները, տրանսպորտային փոխադրումները և բեռնափոխադրումները: Վատ տարբերակն այն է, որ Ադրբեջանը, ըստ այդ քննարկումների, փորձում է 1-2 բաղադրիչ դրանից փոխանցել ՌԴ-ին, որի պարագայում ևս ադրբեջանական վերահսկողությունը, փաստացի, պահպանվում է:

Ինչ վերաբերում է սպասելիքներին ԱԳ նախարարների հանդիպումից, ապա եթե կա եռակողմ փաստաթուղթ, որը փաստացի չի գործել, և Ադրբեջանը այն ոտնահարելով շարժվել է սեփական առաջնահերթությունների շրջանակում, ապա մեծ ակնկալիքներ ԱԳ նախարարների հանդիպումից ես չունեմ: 

–Զախարովան ասել է նաև, որ Հայաստանը պետք է ներդրում ունենա Լաչինի միջանցքի խնդրի լուծման հարցում: Փաշինյանն էլ հայտարարել է, որ Լաչինի միջանցքում, բացի ՌԴ-ից, ոչ ոք չպետք է վերահսկողություն իրականացնի: Ի՞նչ նկատի ունի նա: 

–Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքել է Հայաստանից պաշտոնապես հնչող այն հայտարարություններին, թե Հայաստանն այնտեղ անելիք չունի, թե Հայաստանը բանակցում է ՀՀ տարածքի հետ կապված հարցերում, իսկ Արցախին վերաբերող գործառույթները բացառապես ՌԴ-ինն են: Դրա մասին, մասնավորապես, օրերս խոսում էր ԱԽ քարտուղարը։ Տարբեր ձևակերպումներով դրա մասին խոսում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները: Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունն Արցախի հարցում ծանր պատասխանատվությունն իր ուսերից գցելու համար փորձում է ամբողջությամբ այն բարդել Ռուսաստանի վրա:

Այն, որ ՌԴ-ն ունի ստանձնած պարտավորություններ, դրանք ամրագրված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Ակնհայտ է, որ այդ պարտավորություններից մեկը վերաբերում է Հայաստանն Արցախին կապող միջանցքին և ռուսական վերահսկողությանն այնտեղ, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է ոչ միայն Ռուսաստանի և Ադրբեջանի, այլև Հայաստանի մասնակցությամբ: Հայաստանն այդ փաստաթղթով վերցրել է պարտավորություններ: ՀՀ իշխանությունն իր վրա վերցրել է պարտավորություն և այդ փաստաթղթով հանձնել է Քաշաթաղի, Քարվաճառի և Ակնայի շրջանները: Այսինքն, չի կարող Հայաստանի իշխանությունը պարտավորություն վերցնել և հանձնել Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները, իսկ Ադրբեջանի և Ռուսաստանի պարտավորությունների մասով պարզապես մի կողմ քաշվել և ասել՝ ես այդ մասով որևէ պատասխանատվություն չունեմ: Այս փաստաթուղթն ունի երեք կողմ, և յուրաքանչյուրն ունի պատասխանատվություն՝ փաստաթղթի կետերի կատարման և ստեղծված ծանր վիճակի համար:

–Նիկոլ Փաշինյանը խոսում էր ավելի լայն միջազգային ներկայության մասին Արցախում և Լաչինի միջանցքում: Որքանո՞վ է դա իրատեսական: 

–Մենք արձանագրում ենք, որ ՀՀ իշխանությունը՝ իր, ՌԴ իշխանությունն էլ իր մասով լիարժեք չեն կատարում ստանձնած պարտավորությունները, և դրանով է նաև պայմանավորված ստեղծված իրավիճակը: Ադրբեջանին մի կողմ դնենք, որովհետև Ադրբեջանի ախորժակն ու պահանջները Հայաստանից և Արցախից ի սկզբանե պարզ էին: Եթե մենք խոսում ենք միջազգային երաշխիքների փոփոխության, այսինքն, միջազգային դերակատարների փոփոխության մասին, պետք է ռեալ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Օրինակ, քննարկվում էր ԵՄ դիտորդների հետ կապված հարցը, և դա հանրությանը ներկայացվում էր որպես Ադրբեջանի հնարավոր գործողությունները զսպող, կանխող միջոց, բայց հենց միայն Տեղ գյուղի իրադարձությունները ցույց տվեցին, որ, համենայնդեպս, այդ միջադեպի ժամանակ, ԵՄ դիտորդները որևէ զսպող դեր չստանձնեցին: Ավելին, նրանք նշեցին, որ ունեն իրենց գործիքները՝ ֆոտոխցիկներն ու հեռադիտակները, իսկ Տեղի իրադարձությունները ցույց տվեցին դրանց նվազ ֆունկցիանոլ հնարավորությունները: Միաժամանակ տեղեկություն տարածվեց, որը նաև Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ ԵՄ դիտորդներն իրենց երթուղու հետ կապված տեղեկատվություն են փոխանցում Բաքվին, իբրև թե, անվտանգության նկատառումներով։ Բայց հասկանալի է, որ Բաքվին դա պետք է, որպեսզի դիտորդների գտնվելու ընթացքում այդ ուղղությամբ չիրականացվեն քայլեր, որոնք կատարվում են այլ ուղղություններում՝ նրանց բացակայությամբ: Սա ասում եմ, որովհետև երբ մենք խոսում ենք միջազգային երաշխիքների կամ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ներքո այլ երկրների խաղաղապահներով փոխարինելու մասին, ապա շատ ռեալ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, ծանրութեթև անել ու հասկանալ, թե տվյալ իրավիճակում ով կարող է ավելի մեծ խնդիր լուծել: Այս փուլում, քանի դեռ ամեն ինչ հեղհեղուկ է, և չկա համեմատություն նրանց և ռուս խաղաղապահների մասով, կոնկրետ այդ թեմայով գնահատական հնչեցնելը բավական դժվար է:

–Այսինքն, թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ ԵՄ դիտորդներն անվտանգություն չե՞ն կարողանում ապահովել: 

–Ռուս խաղաղապահների մասով միգուցե ծայրահեղ է համեմատությունը, բայց իրավիճաակը սա է․ Ադրբեջանի գործողությունները՝ սկսած Փառուխի հայտնի իրադարձություններից ու վերջացրած Բերձորով և այս անցակետով, ռուս խաղաղապահները չեն կարողացել կանխել։ Մյուս կողմից, Ադրբեջանը 44 օրյա պատերազմից հետո շարունակել է ագրեսիան, և ունենք իրավիճակ, որ գոնե ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում Արցախի Հանրապետության նկատմամբ ուղիղ հարձակում չկա: Չեմ կարող բացառել, որ որևէ փուլում հարձակում, բայց այս երեք տարում գոնե մասշտաբային գործողություններ չեն եղել, և նրանց ներկայությունը որոշակիորեն զսպիչ դեր ունեցել է, ոչ այնքան ամբողջական և բավարար՝ նշածս կորուստները հաշվի առնելով, բայց նվազագույն մակարդակ ապահովել է: Եվ հիմա համեմատության մեջ դնենք մեկ այլ համակարգ, պետք է հասկանանք՝ այդ համակարգն ինչ ֆունկցիաներ և առաքելություն ունի, և տարբեր իրավիճակներում ինչպես է գործելու: Ես ԵՄ դիտորդների թեման համեմատության մեջ եմ դնում, որ կարողանանք ավելի պարզ ձևով իրավիճակը քննարկել: Այս պահին ես չեմ տեսնում ռեալ ուժ, որը կարող է տեղակայվել Արցախում և ավելի լավ կատարել խնդիրը, քան անում են ռուս խաղաղապահները: 

–Ընդդիմությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանին հողատու, դավաճան անվանել, բայց նա բավական մեղմ հռետորաբանությամբ է շփվում ընդդիմության հետ, անգամ հրավիրեց ոչ հրապարակավ պաշտպանական և անվտանգային հարցեր քննակելու: Ի՞նչն էր խանգարում, որ այս առաջարկն ընդդիմությունն ընդուներ։ 

–Ձեր հարցադրումն ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը, որովհետև պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող հարցերում առնվազն վերջին երկու ամիսներին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի երկու հանդիպում, որոնց խորհրդարանական երկու խմբակցությունները մասնակցել են: Երկրորդ, մեր խմբակցության մասով կարող եմ ասել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգային հարցերով ես եմ աշխատում, ես ԳՇ–ի հետ պաշտոնական գրություններով անընդհատ ինտենսիվ քննարկումների և, կարելի է ասել, բանավեճի մեջ եմ: Ավելին, այս ընթացքում հնարավորություն եմ ունեցել լինելու առաջնագծի տարբեր հատվածներում, զորամասերում, իշխանության ներկայացրած փոփոխություններին և ընդհանուր օպերատիվ վիճակին մոտիկից ծանոթանալու և շատ ավելի ճիշտ վերլուծելու: Ես չեմ կարծում, թե ընդդիմությունը չի օգտագործում հիմնական հնարավորությունները՝ հասկանալու, թե իրականում անվտանգության համակարգն ինչ վիճակում է:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կոնկրետ հայտարարությանը, որը ավելի շատ վերաբերում էր քննիչ հանձնաժողովին, գիտեք, երբ նույն Նիկոլ Փաշինյանը քո իմացած բացարձակ ճշմարտությունը հանրային ձևով մանիպուլացնում և խեղաթյուրելով ներկայացնում է լրիվ այլ պատկեր, բնականաբար, դու նրա նկատմամբ չես ունենալու վստահություն:

–Գնացեք, ասեք այս մասին իրեն... 

–Ձեզ ինչո՞ւ է թվում, թե չի ասվում: Դուք չե՞ք հետևում ընդդիմադիր գործիչների հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանն ընդամենը հայտարարություններով է փորձում ցույց տալ, թե ինքը հանդուրժող է։ Այն քայլերը, որոնք նա անում է ռեալ պոլիտիկի մեջ, վկայում են ոչ միայն ընդդիմության, այլ ընդհանրապես իր կարծիքները չկիսողների նկատմամբ անհանդուրժողականության մասին։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի վարքագծից չէ կախված, թե մենք ինչպես ենք այնտեղ դիրքավորվում, որովհետև նա մի իրավիճակում այլ է, երկու-երեք րոպե հետո լրիվ այլ է ո՛չ նրա վարքագիծն է նորություն, ո՛չ էլ պահվածքը: 

–Նիկոլ Փաշինյանը 5-րդ շարասյան մասին խոսելիս բաց տեքստով ակնարկեց ընդդիմությանը: 

–Իշխանության բուրգին գտնվող անձը հինգ տարի տիրապետում է ուժային կառույցներին, ավելին, նույնիսկ դատական համակարգն է իր ուղղորդումների դաշտ բերել։ Եթե եղել են մարդիկ, որոնք վնաս են հասցրել ազգային անվտանգությանը, իրականացրել են հակաօրինական քայլեր, ապա նրանք պետք է համապատասխան իրավական հետապնդման ներքո լինեին: Համենայնդեպս, չկա որևէ հրապարակային իրավական գործընթաց այն հիմքով, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը: Սա նշանակում է, որ նա ոչ միայն մանիպուլյացիայի տանող գործիչ է, այլև սուտասան է և նպատակ ունի պիտակավորել մարդկանց: Եթե անգամ հավաքական ընդդիմության մեջ՝ փողոցում, խորհրդարանում կամ մեկ այլ ֆորմատով, լինեն 1-2 կամ մի քանի մարդ, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում, եթե նույնիսկ նրանց նկատմամբ լինեն դատավճիռներ, նույնիսկ այդ պարագայում դա ամբողջ ընդդիմության վրա տարածելը անբարոյականություն է: Նա այդպես է վարվում նաև զինված ուժերի նկատմամբ՝ թիրախավորելով 1-2 մարդկանց, որոնց վերաբերյալ չկան վճիռներ։ Նրանց անվանում է դասալիքներ, դավաճաններ կամ մեկ այլ պիտակավորում է տալիս, փորձում է դա տարածել ողջ զինված ուժերի վրա՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով, թե զինված ուժերում միան փախչողներ են: Դրանով լուրջ հարված է հասցվում զինված ուժերի մարտունակությանը: Իրավապահ մարմինները, ազգային անվտանգությունը պետք է զբաղվեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նմաններով, այլ նրա քաղաքական թիմի այն ներկայացուցիչներով, որոնք շարունակում են այդ թելը թելել։ Եթե այս 5 տարում չի եղել որևէ իրավական գործընթաց, նշանակում է իշխանությունը վիրավորում է հանրությանը՝ անընդհատ խաբելով և մանիպուլացնելով։ Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ իր կայուն դերն է խաղում մեր զինված ուժերի և անվտանգության համակարգի ապակայունացման և հիմքերի կազմաքանդման մասով:

–Ո՞րն է ելքը: Ինչպե՞ս եք հասնելու Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացմանը։                        

–Ես կարող եմ խոսել միայն մեր խմբակցության և իմ ներկայացրած քաղաքական ուժի մասին: 2018-ից մեր օրակարգը մեկն է։ Մինչև 2020 թվականը շատ դժվարությամբ փորձում էինք ներկայացնել, որ իշխանության է եկել ուժ, որը չի կարող պայքարել երկրի առաջ ծառացող մարտահրավերների դեմ։ 44-օրյա պատերազմից հետո այդ մարտահրավերները ավելի շոշափելի դարձան։ Դրանց դեմ պայքարը տարբեր փուլերով զարգացավ։ Պետք էր աշխատել՝ հասարակությանը ցույց տալու համար իրականությունը, պատճառահետևանքային կապը, և պետք էր պայքարել, որ այս իշխանությունը հեռանար։ Ցավով պետք է արձանագրել, որ ընդդիմության չհաջողվեց գլխավոր խնդիրը լուծել՝ հասնել այս իշխանության հեռացմանը, փորձել կանգնեցնել երկրի գահավիժումը և հասնել մեզ համար գոնե մասամբ բարենպաստ հանգուցալուծման: Այս պահի գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմությունը՝ լինի խորհրդարանում թե դրսում, ունենա հնարավորություն՝ իրականացնելու իր միակ օրակագը։ Իսկ օրակարգը, որի ուղղությամբ պետք է խփվեն բոլոր մեխերը, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։

parliamentmonitoring.am

← Վերադառնալ ցուցակին