Հարցազրույցներ

Նիկոլ Փաշինյանը փորձում է պատերազմի պատասխանատուների ցանկ սահմանել. Տիգրան Աբրահամյան

26.04.2023

 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն արդեն դատական փուլում է: Ապրիլի 25-ին Հակակոռուպցիոն դատարանում դռնփակ կարգով կայացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը: ՊԲ նախկին հրամանատարի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու: Իսկ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, դատարան կմտնի մինչև մայիս ամսվա վերջ:

Ի՞նչ սպասել այս գործերի շրջանակում դատական պրոցեսներից, այս և այլ հարցերի շուրջ 168.amը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

 

– Շատ ակնհայտ է՝ այս պրոցեսն իշխանությունն օգտագործում է իր քաղաքական ընդդիմախոսներին, հակառակորդներին, իր համար պոտենցիալ վտանգ ստեղծողներին չեզոքացնելու համար: Պոտենցիալ վտանգ ստեղծողներ ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք պատերազմի մանրամասներին տիրապետում են, և նրանց հրապարակային խոսքը, կամ իշխանությունների համար նրանց վերահսկողությունից դուրս գալը կարող է մեծ խնդիր ստեղծել: Պատահական չեմ համարում Միքայել Արզումանյանի դեմ սկսված արշավը, որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձում է պատերազմի պատասխանատուների ցանկ սահմանել, որտեղ տեղ է գտել նաև Միքայել Արզումանյանը: Կարծում եմ, նրա այնտեղ հայտնվելը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջին, որ պատերազմի վերջին փուլում ինչ-որ փոքր ընթացք Արզումանյանը ղեկավարել է ՊԲ-ն, երկրորդ՝ Միքայել Արզումանյանն իր տեսակով այնպիսի խնդիրներ լուծող չէ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն առաջադրել է, այդ թվում՝ նախկին որոշ զինվորականների: Միքայել Արզումանյանը նաև ենթարկվող և Արցախի դեմ քայլեր ձեռնարկողներից չէ, և, բնականաբար, նաև դրանով է պայմանավորված, որ նրան անազատության մեջ են պահում:

Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա մինչև այս պահը նրա մոտեցումները հստակ չեն: Բացի նրանից, որ նա անցնում է քրեական գործով՝ երկու դրվագով, մեծ թվով հարցեր կան, որոնք հանրային, քաղաքական հետաքրքրությունների շրջանակում են, սակայն դրանց մասին մանրամասներ չկան: Մասնավորապես, կարևոր հանգամանքներից մեկը պատերազմի մասին տեղյակ լինելու պայմաններում ռազմաքաղաքական իշխանության անհրաժեշտ քայլեր իրագործելուն է վերաբերում: Դեռևս ամբողջովին պարզ չէ, թե ինչու հավաստի տեղեկություններ ունենալով պատերազմի մասին, ՊԲ-ն ոչ թե անցել է պաշտպանության, այլ, օրինակ, նախապատրաստվել է սադրիչ գործողությունների, որոնք, բնականաբար, իրենց ծավալով և իրականացվող քայլերով տարբերվում են: Սրա հետ կապված հակասական են մոտեցումները, որովհետև մեկ այլ հանգամանք է, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն ինչ հրաման և հանձնարարություն է ստացել քաղաքական ղեկավարությունից, և այլ, թե ինչ է իջեցրել Պաշտպանության բանակ, ՊԲ-ն էլ իր հերթին՝ ներքև ինչ հրաման է իջեցրել: Համենայնդեպս, իշխանությունը փորձում է իրավական այս ողջ գործընթացն իր վերահսկողության տակ պահել և ըստ թիրախների, նշանակության և քաղաքական նպատակահարմարության օգտագործել:

– Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մի քանի անգամ պնդել է, որ «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված կամ հետ վերցված չի եղել, ինչպես նշված է մեղադրանքում:

– «Արեգա» սարի շուրջ իրավիճակին անդրադառնալով՝ հիշեցնեմ, որ այդ ժամանակ Միքայել Արզումանյանը ոչ թե ՊԲ հրամանատարն էր, այլ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը, և նման հրամաններ հնչեցնելու իրավասություն չի էլ ունեցել: Այդպիսի հրաման կարող էին իջեցնել ՊԲ հրամանատարը և ՊԲ շտաբի պետը, բայց այս մասին տեղեկատվություն չկա: Այս իրավիճակում մեղքը բարդել կամ դատական վճռի բացակայության պայմաններում մեղադրել Միքայել Արզումանյանին, ոչ միայն տրամաբանական չէ, այլև բարոյական չէ:

– 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին ռազմական բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, ռազմական նախկին ղեկավարները պե՞տք է արդյոք հրապարակային խոսեն, երբ ԱԺ քննիչ հանձնաժողովում խոսել են կամ դեռ պիտի խոսեն, և հատկապես քննչական մարմիններում հարցաքննվում են պարբերաբար, ավելին, դեռ դատական պրոցեսների շրջանակում խոսելու են: Այսօրվա պայմաններում և այս պահին նրանք, թերևս, դա բավարար են համարում, ուստի հանրային լռություն են պահպանում:

– Ես հասկանում եմ բոլոր այն գործիչներին՝ ռազմական, քաղաքական, որոնք հիասթափված են ստեղծված իրավիճակից, փակուղի մտած գործընթացներից, բայց այս գործիչներն իրենք իրենց պաշտպանելու համար գոնե պետք է խոսեն, որովհետև նախ շատերին՝ որպես պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք, հանրությունը մեծ թվով հարցադրումներ ունի և ուզում է դրանց պատասխանները ստանալ, երկրորդ՝ մարդկանց համար անհասկանալի է, թե ինչու են հանրային լռում, բայց քննիչ հանձնաժողովում և այլ ֆորմատի միջոցառումների շրջանակում խոսում են: Այսինքն, ռազմական նախկին պաշտոնյան, որը խոսում է քննիչ հանձնաժողովի և այն նույն իշխանության առաջ, որը պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի արդյունքների, պետք է նախևառաջ հաշվետու լինի հասարակությանը: Իսկ նախկին ռազմական ղեկավարության՝ հասարակությանը հաշվետու չլինելը և իշխանության ստեղծած արհեստական տարբեր ֆորմատներում մասնակցությունը, բնական է՝ իրենց օգտին չի խոսում և բավականին այլ վտանգավոր եզրահանգումների տեղիք է տալիս:

– Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով շուրջ 1 տարի 7 ամիս անազատության մեջ է հրթիռների գործով, ապրիլի 25-ին հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» վերաբերյալ: Նա բացառել է իր մասնակցությունը քննիչ հանձնաժողովի դռնփակ հանդիպմանը մի շարք հանգամանքներով պայմանավորված և առաջարկել իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ կազմակերպել:

– Դավիթ Տոնոյանն իր նախկին ղեկավարի և թիմակիցների կողմից ճաղերի ետևում հայտնվելուց հետո, բնական է, որ սեփական մաշկի վրա զգացել է՝ ինչ է նշանակում այս իշխանության համար մարդը, թիմակիցը, ենթական, ինչպիսի բարոյական նկարագիր ունի այս իշխանությունը, և, թե 44-օրյա պատերազմն ինչ նպատակների է փորձում ծառայեցնել: Ըստ այդմ՝ ցանկացած ողջամիտ մարդ ոչ միայն անվստահություն ունի իրավական համակարգի, քննիչ հանձնաժողովի հետ կապված, փորձում է չապահովել իր մասնակցությունը դրանց, որպեսզի որևէ ձևով չնպաստի այս իշխանության կողմից թիրախավորված, նախապես մեղավորներ հռչակված անձանց նկատմամբ իրավական գործընթացների խորացմանը: Համենայնդեպս, կարևոր եմ համարում հանգամանքը, որ քաղաքական և ռազմական նախկին և գործող գործիչները իրենց չգնալու մասին հանրային դիրքորոշում արտահայտեն:

– Նախորդ հարցերից մեկը լրացնելով, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հրապարակային մեղադրանքներ է հնչեցնում սպաների, գեներալների հասցեին, հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքների համատեքստում, երբ դրանց վերաբերյալ կամ քրեական գործեր չկան, կամ նրանց մեղքն ապացուցված չէ: Կամ պատերազմից մոտ 2.5 տարի անց բարձրաստիճան սպաներին մեղադրանքներ են առաջադրվում մարտի դաշտը լքելու համար, սիմուլյացիայի համար, և այլն:

– Առհասարակ, իրավապահ համակարգն այսօր որևէ ձևով վստահություն չունի, սա ոչ միայն գնահատական է, այլև՝ հասարակության տեսանկյունից: Բնական է՝ այն մարդիկ, որոնք խոսում են, ցուցմունքներ են տալիս, իրավական տարբեր կարգավիճակներով ներգրավվածություն ունեն քրեական գործերում, այս հարցերը իշխանության փոփոխությունից հետո պետք է վերանայել, որովհետև արդարադատության ողջ համակարգն ուղղորդվում է քաղաքական իշխանության կողմից և կատարում նրա հանձնարարությունները: Ի վերջո, այլ բան է որևէ սպայի որևէ գործով ներգրավելը, մեկ այլ բան է այդ սպաների արարքները հանրայնացնելը և ամբողջացնելը ամբողջ զինված ուժերի և զինվորականության հետ, հատկապես, երբ չկան դատական վճիռներ: Դա ուղիղ հարված է ԶՈւ մարտունակությանը, ինչը, բնականաբար, նվազեցնում է նաև մեր անվտանգության աստիճանը: Այս ամենը գիտակցելով՝ 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանի թիրախում ոչ թե այն մարդիկ են, որոնք իրականում հանցանք են գործել, այլ ԶՈՒ-ն է՝ իր ամբողջության մեջ:

Մարիամ Պետրոսյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին