Հարցազրույցներ

Ադրբեջանը ճնշումներ է զարգացնելու բոլոր ուղղություններով. Տիգրան Աբրահամյան

23.04.2023

 «Ադրբեջանը Կոռնիձորի հատվածից փակել է ճանապահային հատվածը և իրականացնում է հսկիչ անցագրային կետի աշխատանքներ։ Սա Ադրբեջանի նախագահի այն սպառնալիքն է, որը դեռևս 1-1,5 տարի առաջ հնչում էր։ Այս փուլում դա իրականացվում է, ընդ որում՝ Հայաստանի սահմանագծին բավականին մոտ տարածության վրա, դրանից մոտ 60-70 մետրի վրա գտնվում է ռուսական համապատասխան հենակետը, և կարելի է ասել, որ ադրբեջանցիները այդ գործողությունն սկսելիս որոշակի շրջափակման մեջ են վերցրել նաև ռուսական հենակետը։ Տեղում հիմնական գործողությունն իրականացնում են Ադրբեջանի ներքին զորքերը՝ փորձելով ցույց տալ, որ դա իրենց ներքին խնդիրն է և այդ տրամաբանությամբ են գործում»,-Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում, առանց ուժի կիրառման, Արցախը փաստացի կհայաթափվի․ «Այդ անցակետի առկայությունը նշանակում է, որ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ՝ սկսած անձնագրային ռեժիմից, վերջացրած՝ բեռի ստուգումներ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը հետախուզման բավականին մեծ ցուցակ ունի, դրա մեջ մտնում են ինչպես հայտնի զինվորականներ, շարժման ակունքում գտնվող մարդիկ, այլևս բոլոր այն զինծառայողները, որոնք վերջին 3 տասնամյակում Հայաստանի և Արցախի Զինված ուժերում ծառայություն են անցել, ապա հասկանալի է, որ այդ ցուցակի ներկայությունն ու անձնագրային ռեժիմի անցկացումը ինչ հետևանքներ կարող է առաջացնել տեղում։ Այս պահին ամբողջությամբ սահմանափակ է Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահների միջոցով հումանիտար բնույթի ապրանքներիտեղափոխությունը Արցախ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առանց այն էլ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների բավականին մեծ դիֆիցիտ կա, ապա այս պայմաններում իրավիճակը ծայրահեղ ծանր է»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների անելիքներին, նա հետևյալն ասաց․ «Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու առաքելությունն իրենից դուրս է, ապա այս պահին Հայաստանի իշխանություններից որևէ քայլ սպասելը բավականին լավատեսական քայլ կդիտվի, բայց պետք է հաշվի առնենք հանգամանքը, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ  է, որին կողմ են Ադրբեջանը և Ռուսաստանը, և այդ պարտավորությունները փոխադարձ են, և բնական է, որ Հայաստանն այստեղ աշխատանքի բավականին մեծ ծավալ և բեռ ունի։ Սրան գումարենք այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի փակման հետ կապված եղել են միջազգային արբիտրաժային դատարանի որոշումներ, որոնք պատշաճ ձևով չեն օգտագործվել և Ադրբեջանը օգտվելով իրավիճակից՝ փաստացի գնացել է իրավիճակի առավել սրմանը։ Ադրբեջանը փորձելու է ճնշումները բոլոր ուղղություններով զարգացնել և անընդհատ վախի մեջ պահել և՛ Հայաստանին, և՛ Արցախին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին