Հարցազրույցներ
2023-ի գարունը Փաշինյանի ռեժիմի վերջին գարունն է՝ համայն հայության միասնական ու վճռական կամքի արդյունքում. Էդուարդ Շարմազանով
15.04.2023
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Ըստ ադրբեջանական մերձիշխանական աղբյուրների՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածը, որն օրերս զավթել են ադրբեջանական զինված ուժերը, պետք է 2023թ. ապրիլին հանձնեին՝ այն ժամանակ, երբ սկսվել էր Կոռնիձորով անցնող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, և, ըստ նույն աղբյուրների՝ դրա մասին ՀՀ իշխանությունները գիտեին առնվազն 7 ամիս առաջ:
Նիկոլ Փաշինյանի թիմակից՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ 2022թ. դեկտեմբերին ասել էր, որ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի՝ Հայաստանի մասի կառուցումը կավարտվի 2023թ. մայիսին։
Նույն Գնել Սանոսյանը 2022թ. օգոստոսին ասել էր, թե մինչև 2023թ. գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի։ ՀՀ իշխանությունները միտումնավո՞ր են ձգձգել ճանապարհի շինարարության ավարտը, թե՞… Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություն են ունեցել Ալիևը և Փաշինյանը:
Է. Շարմազանովի հետ զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
• Դիզայներ Արամ Նիկոլյանի արարքը հավաքական հայ մարդու պոռթկում էր: Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ հայի կերպարը Նիկոլ Փաշինյանը չէ:
• Արամ Նիկոլյանի քայլից հետո համացանցում իշխանական ֆեյքերն ու պատգամավորները լծվեցին նրա արարքը դատապարտելու գործին, իբր սրանից հետո Ադրբեջանը մեր, Բաքվում պահվող մեր գերիների հետ վատ է վարվելու: Թող նրանք գիտակցեն, որ մեր թիվ մեկ պրոբլեմը Նիկոլի ռեժիմն է: Նիկոլի պատճառով է, որ գերիներ կան: Նիկոլի տգետ քաղաքականության, և ոչ թե՝ Արամ Նիկոլյանի պատճառով են հայ գերիները մինչև հիմա պահվում Բաքվի բանտում, Արամ Նիկոլյանի պատճառով չեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Լաչինն ու Բերձորը տրվել թուրքին, այլ հենց Նիկոլ Փաշինյանի…
• Քանի դեռ Հայաստանում իշխում է մի խունտա, որը միջազգային հարթակներում, մեր հակառակորդի հետ հարաբերություններում ֆուտբոլի ծակ գնդակի կարգավիճակ ունի, մեզ հետ այդպես են վարվելու:
• Ալիևը և թուրքերը Նիկոլի, ՔՊ-ականների վախը բռնել են:
• Այսպես կոչված՝ հեղափոխության շահառուն Ադրբեջանը և Թուրքիան են, դա հակահայկական, հակաազգային հեղափոխություն էր, խոսքն ամենևին չի վերաբերում մեր ազգին: 2018 թվականի հուլիսին Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության հեռացման գործին աջակցել է Ադրբեջանը, և սրան չեն արձագանքել Հայաստանի գործող իշխանությունները:
• Նիկոլ Փաշինյանն ունի ռեգիոնալ 2 հովանավոր՝ Ալիև և Էրդողան:
• Փաշինյանը կաշկանդվում է Ալիևից և Էրդողանից, որովհետև նրանք են իրեն պահում իշխանության: Երբ պատերազմից հետո ՀՀ Գլխավոր շտաբը, զինվորականները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն արեցին՝ մեկ Նիկոլն էր ասում, մեկ էլ՝ Ալիևն ու Էրդողանը, որ դա հեղաշրջում էր, ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին անվանում ռևանշիստներ:
• Ինձ թվում է՝ երեկ Արամ Նիկոլյանի այդ քայլից հետո էլ, գիշերը, Նիկոլը Ալիևից այնպիսի SMS-ներ է ստացել, որ շաքարը բարձրացել է:
• Եթե երեկ համալիրում նստածները ամոթի զգացում, նամուս, թասիբ ունենային՝ այնտեղ չէին լինի. 2 օր առաջ թուրք զինվորները վխտում էին Հայաստանի տարածքում, հենց երեկ հուղարկավորվել էր Տեղում սպանված զինվորներից մեկը…
• 2018-ից հետո սրանք մեղադրում են մեկ Տեր-Պետրոսյանին, մեկ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա էլ նոր թեմա է կպել. ասելու են՝ եթե նոր էսկալացիա լինի՝ Արամ Նիկոլյանն է մեղավոր:
• Ալիևն իրեն հրապարակայնորեն քաղաքական ծեծի է ենթարկում, դրանից տուժում է մեր ժողովուրդը: Եթե չի կարողանում Ալիևի մոտ իր անձնական արժանապատվությունը պաշտպանել, մեր երկրի անվտանգությունն ինչպե՞ս կարող է նա պաշտպանել:
• Սերժ Սարգսյանը Եռատոնի խորհրդանիշն է, իսկ սա՝ պարտության: Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել, իսկ դա հանձնել է Շուշին:
• Մեր թիվ մեկ պրոբլեմը Նիկոլի ռեժիմն է: Մեր գերիների հետ վատ են վարվելու, նոր կորուստներ ու զոհեր ենք ունենալու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության: Նիկոլի պատճառով է, որ գերիներ կան: Ո՞ւմ տգետ քաղաքականության արդյունքում է, որ հայ գերիները Բաքվի բանտում են՝ Արամ Նիկոլյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի:
• Քանի դեռ Հայաստանում իշխում է մի խունտա, որը միջազգային հարաբերություններում ֆուտբոլի գնդակից էլ ցածր կարգավիճակ ունի, մեզ հետ այսպես են վարվելու: Վաղն էլ ասելու են՝ Արցախից մի խոսեք…
• Սրանց կառավարումն աղետաբեր է ու կործանիչ:
• Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետ Նիկոլն առանց թղթի, բանավոր պայմանավորվածություններով՝ 100 անգամ ավելի շատ տարածք է տվել, քան ապրիլյան քառօրյայից հետո, որի շուրջ մեծ աղմուկ էին բարձրացրել…
• Նիկոլի համար երկու կարևոր արժեք կա՝ պաշտոնի աթոռը և ունիտազի աթոռը:
• ԱԽՔ-ը մեր պետական շահերից խոսելու փոխարեն՝ հարցազրույցում ասում է՝ Տեղ գյուղում տեղի ունեցածը ԵՄ դիտորդների դեմ էր… Էդ քաղաքական շոպլիկությունը ե՞րբ պիտի դադարեցնեք… Տեղ գյուղում տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետության դեմ է: Սրանք Հայաստանի սուբյեկտայնությունն ու անկախությունը հասցրել են պատմական մինիմումի:
• Սրանք անկախության հետ այնքան կապ ունեն, ինչքան ավանակը գեղասահքի հետ:
• Նիկոլը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական երկրորդ ճակատի առաջին թեկնածու, պոլիգոն՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
• Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ սրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական, պանթյուրքիստական քաղաքականություն:
• Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր նպատակը ոչ թե Արցախը կամ Սյունիքն են, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հանելը:
• Մենք աշխարհին հետաքրքրում ենք 4 պատճառով՝ Սյունիք, ատոմակայան, ռուսական ռազմաբազայի հեռացում և Արցախ: Արցախի մեծ մասը սրանք տվել են:
• ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և Արարատ Միրզոյանի իրար հակասող հայտարարությունները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեժիմի ողջ թշվառությունը:
/Հիշեցնենք, ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽՔ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներից մեկին և բառացիորեն հայտարարել, թե ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին առաջարկվող օգնության նախագծում սպառազինության աջակցություն չէր նախատեսվում։ «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք։ Չի կարող որևէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել, և Հայաստանը հրաժարվի»,- ասել էր Գրիգորյանը։
Իսկ, ահա, նույն հարցի մասին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձել էր ՀԱՊԿ կողմից առաջարկվող փաստաթղթերի բովանդակությանը և հայտարարել. «Քննարկվող որոշման մեջ դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»/։
• Հարավային Կովկասի տարածաշրջանում 2 հզոր ուժ կա՝ Ռուսաստանը և Թուրքիան: Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելու դեպքում այդ վակուումը լրացվելու է Թուրքիայով: Արևմուտքը տարածաշրջանում նայող է նշանակել Թուրքիային:
• Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից: Մերժեց ստորագրել Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընդունած հայտարարությունը:
• Հիշեցնեմ սրանց. 2016-ին ապրիլյան պատերազմից հետո էլ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողով անցկացվեց, ՀՀ-ն նախագահող երկիր էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը: Ընդունվեց հայամետ հայտարարություն, որտեղ պարտադրվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
• Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում ամբողջ Հայաստանն է միջանցք դառնալու:
• Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք մեր արժանապատվությունը:
• Նիկոլի ուժեղությունը թվացյալ է: 2023-ի գարունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի վերջին գարունն է՝ համայն հայության միասնական ու վճռական կամքի արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սաթիկ Սեյրանյան
168.am