Հարցազրույցներ

Մեկ Թագուհի Թովմասյանը մի ամբողջ ՔՊ ֆրակցիա արժե․ Մամիջանյանը՝ Էդգար Ղազարյանին միայնակ թողնելու մասին

05.04.2023

 Երեկ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկումն անցավ լարված ու բուռն մթնոլորտում։ Նիստին ներկա մոտ երկու տասնյակ ՔՊ-ականները ուղղակի հարձակվել էին Էդգար Ղազարյանի վրա ու թույլ չէին տալիս նրան ելույթ ունենալ, ազատ արտահայտվել, սպառնում էին նրա լեզուն կտրել, դուրս շպրտել, վիրավորում էին և այլն։ Ընդդիմությունից, սակայն, միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, տվյալ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր, ով ի պաշտոնե էր այդտեղ գտնում՝ վարելու նիստը։ Այլ ընդդիմադիրներ ներկա չէին․ Էդգար Ղազարյանը, կարելի է ասել, միայնակ էր մնացել տասնյակ ՔՊ-ականների դեմ պայքարում։


Hayastan.news
-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ զրուցել է հենց այս թեմայով։

-Պարո՛ն Մամիջանյան, նախ՝ ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցածը, ՔՊ-ականների, ինչպես նաև Էդգար Ղազարյանի և նիստը վարող Թագուհի Թովմասյանի պահվածքը, ո՞րն է ձեր խմբակցության քաղաքական գնահատականը։

-Քաղաքական գնահատականը հետևյալն է, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը ոչ միայն չի տեղավորվում տարրական բարոյականության նորմերի մեջ, այլ նաև հստակ քրեական օրենսգրքի որոշ կետեր է պարունակում, մասնավորապես՝ խուլիգանություն։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի ընդդիմադիր նախագահի, այսինքն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի պահվածքին, ապա առավել քան գովելի զսպվածություն, տոկունություն և պայքարը շարունակելու պատրաստակամություն ցուցաբերեցին։

-Իսկ ո՞ւր էր ընդդիմությունը, պարո՛ն Մամիջանյան, նույնիսկ, եթե հանձնաժողովի ընդդիմադիր անդամների մասով բացատրություն տրվեց, թե ինչու ներկա չէին։ Ո՞ւր էին մյուս ընդդիմադիր պատգամավորները, ինչո՞ւ իրենց թեկնածուի կողքին չէին։

-Չգիտեմ՝ հարցը ինձ եք ուղղում, թե չէ, բայց նորից կրկնեմ, որ հանձնաժողովի նախագահը մեր խմբակցության անդամ է։ Այսինքն՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ոչ թե ներկայացված էր, այլ վարում էր այդ նիստը։

-Բայց  «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը կին էր ու միայնակ էր նա, իսկ ՔՊ-ից  այնտեղ 17 պատգամավոր կար, մեծ մասը՝ տղամարդ, որոնք ուղղակի «վրա էին տվել» ձեր թեկնածուին, բա ընդդիմությունից մեկ-երկու տղամարդ գոնե չլինե՞ր այնտեղ, որ կանգներ Էդգար Ղազարյանի կողքը, այդ թվում՝ ֆիզիկապես, հաշվի առնելով, որ ՔՊ-ականները բռնությունների հաճախ են դիմում։

-Քանակը միշտ չէ, որ որակ է՝ այսպես պատասխանեմ։

-Լավ, ձեր խմբակցության տղամարդիկ, օրինակ՝ Դուք, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը ինչո՞ւ ներկա չէին երեկվա նիստին։ Տպավորություն էր, թե միայնակ էիք թողել ձեր թեկնածուին։

-Ես արդեն պատասխանեցի, «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր վարում նիստը։ Սխալ է տպավորությունը, թե ինչ-որ բանից խուսափում էինք։ Ես կարող եմ, իհարկե, հատ առ հատ թվարկել, թե մեզանից յուրաքանչյուրը այդ պահին որտեղ էր գտնվում, բայց դրա կարիքը չեմ տեսնում։ Ես ասացի իմ կարծիքը այդ նիստի վերաբերյալ։

-Բայց ճի՞շտ էր, արդյոք, ձեր թեկնածուին այդտեղ միայնակ թողնելը, որ միայն Թագուհի Թովմասյանի փխրուն ուսերին մնար նրան պաշտպանելու այդ ամբողջ բեռը։

-Ես համարում եմ, որ Թագուհի Թովմասյանը ոչ այդ 17-ին, այլ մի տաս էդքանի էլ կարող է դիմագրավել ու հաղթել։

-Այսինքն՝ մեկ Թագուհի Թովմասյանը երկու ընդդիմադիր ֆրակցիա՞ արժի։

← Վերադառնալ ցուցակին