Հարցազրույցներ

Ադրբեջանը եւս պատրաստ չէ պատերազմի. Ադրբեջանի համար դա մեծ ռիսկ է լինելու. Արտակ Զաքարյան

20.03.2023

 Խնդիրը հասել է նրան, որ Ադրբեջանի կողմից անընդհատ պահանջներ են դրվում, Հայաստանի իշխանություններն անընդհատ համաձայնում են դրանց եւ անընդհատ նոր պահանջներ են ի հայտ գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ նդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու թիվ մեկ պայմանն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, նաեւ նշել է, որ սահմանազատումը եւս իր պայմաններով պետք է իրականացվի:

«Ադրբեջանը որեւէ կերպ չի ցանկանում խաղաղության պայմանագրին գործը հասցնել եւ ողջամիտ տարբերակով, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հաշվի առնելով Արցախում բնակչության անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի իրացման բոլոր սկզբունքները, հասնել տարչածաշրջանում խաղաղ զարգացումների: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ կան ուժեր, որոնք փորձում են անընդհատ լարվածության մեջ պահել տարածաշրջանը եւ Ադրբեջանը որպես գործիք ծառայեցնում են այդ լարվածությանը՝ նկատի ունենալով նաեւ ՀՀ-ում կապիտուլացված իշխանությունների հանգամանքը:

Այս իշխանություններն իրենց կեղծ օրակարգով այնքան են խրվել այդ պրոցեսի մեջ, որ հակադարձ քայլերի տեղ չեն թողել: Հիմա Ադրբեջանը դա լավ հասկանում է եւ անընդհատ փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ, անընդհատ պահել շանտաժի մեջ, ռազմական ագրեսիայի վտանգով»,-ասաց Զաքարյանը:

Նա նկատեց, որ այս ամենի մեջ պետք է հաշվի առնել Իրանի գործոնը, նաեւ այն, որ Արեւմուտքն ուզում է ՌԴ-ից դուրս մղել Հարավային Կովկասից. «Հետեւաբար, Արցախի շուրջ զարգացումներում Ադրբեջանը ռազմական ուժով լուծելով, որոշակի խնդիրներ են առաջանալու նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայության, նրանց հետագա գործողությունների մասով: Սա նշանակում է, որ ՌԴ-ն եւս ներքաշման վտանգի մեջ կարող է լինել, ինչը գլոբալ տրամաբանության մեջ պետք է դիտարկել:

Եթե ՀՀ-ում լինեին նորմալ իշխանություններ, Ադրբեջանը շատ ծանր իրավիճակի մեջ կլիներ, բայց քանի որ Հայաստանում նորմալ իշխանություններ չեն, այլ նրանք երկրորդ ջութակով շարունակում են ադրբեջանական շահերի գեներացումն ի հաշիվ Հայաստանի, դրա համար անընդհատ նոր պահանջներ եւ նոր ձեւակերպումներ են ի հայտ գալիս»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե արդյոք այս իրավիճակում Ադրբեջանը կդիմի ռազմական էսլակացիայի, նա պատասխանեց. «Այս իրավիճակում, հաշվի առնելով Ադրբեջանում ներքին իրավիճակը, Ադրբեջանը եւս պատրաստ չէ պատերազմի: Պատերազմը Ադրբեջանի համար մեծ ռիսկ է լինելու: Եթե այդ պատերազմը լինելու է հայկական տարածքներում, նշանակում է արդեն Ռուսաստանի, Իրանի ներգրավվածության մասին կարող ենք խոսել: Բնակնաբար, այդ բոլոր զարգացումներից հիմնական տուժողը եւ վնասը հասցվելու է Հայաստանին եւ հայ ժողովրդին, բայց դա այս իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքն է: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կրելի հակասությունների վրա կառուցել քաղաքականություն: Արդյունքում գործընթացը որեւէ՝ տեղ չգտավ իր խաղաղ կարգավորման հունը: Այս ամենի թիրախը Իրանն է, Ռուսաստանին տրածաշրջանից դուրս հանելը, իսկ տուժողը Հայաստանն է, մեր պետությունն է լինելու Արցախի հետ միասին: Դրա համար ենք ասում՝ բանակցողին պետք է փոխել, որ հնարավոր լինի գոնե Հայաստանի մասով իրավիճակ փոխել տրածաշրջանում, գոնե Հայաստանի հաշվին չլինեն տարածաշրջանում էսկալացիաները, որի հավանականությունը գոյություն ունի»:

news.am

← Վերադառնալ ցուցակին