Հարցազրույցներ

Եթե դեռ փնտրում եք, թե ով է Նիկոլին օգնել գալ իշխանության, նայեք, տեսեք, թե ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞ւմ շահերն է սպասարկում. Արտակ Զաքարյան

11.03.2023

 Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ  Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ցանկացած անգամ, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային խոսք է ասում, իշխանություններն իրենց ողջ քարոզչական ռեսուրսն ուղղում են նրա հնչեցրած մտքերը հերքելուն կամ շեղելուն:
  • Կապիտուլացված իշխանության, այս կառավարիչների համար նախագահի յուրաքանչյուր հայտարարություն լուրջ վտանգ է ներկայացնում։ Սերժ Սարգսյանն այնպիսի խնդիրների մասին է խոսում, որոնք վերաբերում են մեր հասարակության բոլոր անդամներին։
  • Այս կառավարիչները սարսափում են բոլոր տեսակի բացահայտումներից և շատ զգայուն են հատկապես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի նկատմամբ։ Նույն վարքը դրսևորում են նաև ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հրապարակային խոսքի նկատմամբ, և սա հասկանալի է։
  • Կեղծ թեզերը սրանց համար փրկօղակ են, որովհետև եթե իրականությունը պատմեն, թե իրականում ում էր ձեռնտու իշխանափոխությունը, և հետևաբար՝ ովքե՞ր կարող էին սրանց իշխանության բերել, ժողովուրդը կապշի և վերջնականապես կհիասթափվի սրանցից և «հեղափոխությունից»:
  • Գտել են կիսաընդդիմադիր կերպարներ և փորձում են շեղել հասարակական կարծիքը։ Նրանք էլ վեր են կենում, ասում, թե իբր Սերժ Սարգսյանն է սրանց բերել իշխանության։
  • Իսկ ո՞ւմ էր ձեռնտու Նիկոլին իշխանության բերելը․ բնականաբար, ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին և արցախյան շարժման գաղափարներին բոլորովին դա ձեռնտու չէ՛ր։
  • Ձախողել բանակցային գործընթացն ու պատերազմի արդյունքում հանձնել Արցախը՝ ձեռնտու էր միայն թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանց է ձեռնտու նաև հիմա արևմտյան գործոնի՝ մեր տարածաշրջանում հզորացմանն ուղղված Փաշինյանի ջանքերը։ Եթե մարդիկ հասկանան՝ ովքեր են սրա շահառուները, կհասկանան՝ ով իրականում բերեց Նիկոլին իշխանության, և ովքեր են նրան դեռ պահում իշխանության` ասելով, որ ՀՀ կառավարությունն իրենց գործընկերն է:
  • Սերժ Սարգսյանը եթե որևէ մեկին իշխանության բերող լիներ, աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին, հանուն արցախյան հիմնահարցի խաղաղ և հայանպաստ կարգավորման՝ չէր որոշի շարունակել իր պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։
  • Եթե այսպես շարունակվի, սրանց վերջին արարը ՀՀ սուբյեկտայնության վերացումն է լինելու, բայց մենք թույլ չենք տալու։
  • Ո՞վ է այն ուժը, և ովքե՞ր են այն լիդերները, ովքեր Հայաստանին կպաշտպանեն արհավիրքներից ու պատերազմներից․ ակնհայտորեն դա Նիկոլը չէ։
  • Եթե մեր ժողովրդին անվտանգություն, պետություն, պաշտպանվածություն պետք չէ, ուրեմն ապագայի մասին խոսելու ոչինչ չկա։ Այստեղ հասարակության որոշելիքն է։ Հասարակությունն ունի գործիքներ։ ՀՀԿ-ին չեն ուզում, թող այլ լիդերներ, այլ ուժեր գտնեն, բայց իշխանափոխությունն անհրաժեշտություն է:
  • Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ «բանակցողը պետք է փոխվի», սա հիմնական բանաձև է։ Մեզ պետք է պրոֆեսիոնալ, ակտիվ, փորձված բանակցող, ով կկարողանա արտաքին քաղաքականության միջոցով լուծել անվտանգության խնդիրը։ Ակնհայտ է, որ Նիկոլով դա չի ստացվում։ Ուզում են, թե չէ՝ այլ հարց է, բայց փաստ է, որ չի ստացվում։
  • Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2008-2018թթ., միայն ՀՀ պետական բյուջեով, հանրագումարում ռազմական կարիքների համար հատկացվել է շուրջ 1 տրիլիոն 652 միլիարդ դրամ, որից ձեռք են բերվել նաև տարբեր նշանակության մեծ ծավալի զենք և զինամթերք: Բացի դրանից, ևս 96 միլիարդ դրամի (200 մլն ԱՄՆ դոլար ռուսական վարկ) տրամադրվել է սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելուն:
  • Այս կառավարության ներկայացուցիչները շատ լավ գիտեն՝ նախկինում ձեռք բերված որքան զենքի և զինտեխնիկայի մասին չի գրվել հրապարակային աղբյուրներում, բայց, իհարկե, չեն ասի, որովհետև իրենց դա ձեռք չի տալիս։ Այլապես հարց կառաջանա, թե ինչո՞ւ պարտվեցիք 44-օրյա պատերազմում: Իրենք մանիպուլացնում են թվերը` հենվելով երևի թե Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների (SIPRI) ինստիտուտի տվյալների վրա, կամ այլ աղբյուրների, որը երբեք ամբողջական լինել չի կարող: Նույնիսկ Ադրբեջանն է հրապարակային զարմացել, թե որտեղի՞ց հայերին այսքան գումար` զենքի և այսքան մեծ ամրաշինական և ինժեներապաշտպանական կառույցների համար: Դա տարիների հետևողական աշխատանքի և պաշտպանական ճիշտ քաղաքականության արդյունք էր:
  • Թող բարի լինեն և ասեն՝ պատերազմի առաջին օրերին հակառակորդի ռմբակոծության տակ ինչքա՞ն զենք են թողել իրենց անկազմակերպվածության ու թափթփվածության արդյունքում։ Այդ մասին պատերազմից հետո եղել են նաև ռուսական աղբյուրների հրապարակած վերլուծություններ:
  • Սրանց կեղծիքն ու սուտը միայն ներքին լսարանի ու այն մարդկանց համար է, ովքեր չունեն հնարավորություն ինտերնետում կարդալ իրականությունը։
  • Իսկ որքա՞ն զինամթերք է ստացել Հայաստանը ժամանակին, նախկին իշխանությունների օրոք՝ որպես ռազմատեխնիկական աջակցություն, որը փողով չի ձեռք բերվել, այլ ճիշտ համագործակցության արդյունքում, ինչպես նաև ՌԴ ներքին շուկայից` արտոնյալ պայմաններով: Դրանք անհերքելի փաստեր են:
  • Բելառուսը ևս նախկինում ռազմատեխնիկական որոշ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
  • Արդյո՞ք մեր բանակում չկան այն սպաները, հրամանատարներն ու գեներալները, ովքեր տեսել են՝ որքան զենք և զինամթերք է բերվել Հայաստան։ Իհարկե կան, և շատերը գիտեն, որ իշխանության թեզերն ուղղակի մանիպուլյատիվ, կեղծ շահարկումներ են:
  • 44-օրյա պատերազմը շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի՝ դասեր քաղելու համար, թե ինչո՞ւ այսպես եղավ։
  • Բանակն ուներ իր ժամ առ ժամ ֆիքսված գործողությունների ծրագիրը․ ինչո՞ւ չիրականացվեց պետությունը խաղաղից պատերազմական ռեժիմի տեղափոխելու և պատշաճ պաշտպանություն կազմակերպելու գործընթացը` մոբիլիզացիայից սկսած։
  • Ինչո՞ւ չօգտագործվեց «Իսկանդերը». մեզ տրված էր այն օգտագործելու հնարավորություն, երբ Ֆրանսիան ու ՌԴ-ն հայտարարեցին, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմական գործողությունների գոտի իսլամիստ ահաբեկիչներ են տեղափոխել և օգտագործում են նրանց ռազմաճակատում։ Օրինակ, դա արդեն իսկ բավարար հիմք էր «Իսկանդերն» օգտագործելու համար, եթե նույնիսկ վախենում էին միջազգային հանրությունից։ Երկրորդ հանգամանքը, որ Ադրբեջանը տվել էր «Իսկանդեր» կիրառելու հնարավորություն, այն էր, որ սկսեցին ռմբակոծել մեր խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները` դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, արգելված զինատեսակներ և այլն։ Մենք իրավունք ունեինք մեր ձեռքի տակ եղած բոլոր զենքերն օգտագործել ինքնապաշտպանական նպատակով։
  • «Իսկանդերի» օգտագործման հրամանը պետք է սկսվեր մեկ մարդուց՝ գերագույն գլխավոր հրամանատարից, որը դա չարեց կամ արեց շատ ուշ։ Հետո էլ ասացին, իբր 10%-ով է կրակել։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել:
  • Որքան ես եմ տեղյակ, 44-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանը ոչ միայն զենք է տրամադրել, այլև իր ռազմաօդային ուժերը տրամադրել է զինամթերք տեղափոխելու համար։
  • Ինչո՞ւ էին Հայաստանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, ինչո՞ւ միջազգային հանությունը լռեց 44-օրյայի ժամանակ, երբ ապրիլյան պատերազմում ուղիղ տեքստով քննադատում էին Ադրբեջանին։ Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։
  • Հոկտեմբերի 10-ին, երբ առաջին անգամ Ադրբեջանի կողմից խախտվեց հրադադարի պայմանավորվածությունը, ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Ինչո՞ւ չճանաչեց. այդ հարցի պատասխանը կտա այն հարցի պատասխանը, թե ո՞վ և ինչի՞ համար է բերել Նիկոլին իշխանության։
  • Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի ճանաչման հարցը դրված էր մեր օրակարգում, և դա էր նաև պատճառներից մեկը, որ Ադրբեջանը շտապեց Մոսկվա՝ խնդրելով միջնորդել և կանգնեցնել պատերազմը։
  • 2016թ. բեկումնային տարի էր Արցախյան բանակցային գործընթացի համար։
  • Այո՛, 2018թ․ Սերժ Սարգսյանն ասում էր՝ բանակցությունները փակուղում են, բայց ո՞ւմ մեղքով… Ադրբեջանի… Երբ ասում էր՝ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, նա խոսում էր Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հարաբերությունների մասին։ Ադրբեջանը հակադրվում էր Մինսկի խմբի առաջարկներին` ինքնորոշման իրավունքի իրացման հարցում:
  • Ինչպիսին էլ լինեին Արցախյան հանրաքվեի արդյունքները, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունն ամբողջությամբ ընդունելու էին դրա արդյունքները` որպես պարտադիր իրավական ուժ ունեցող գործընթաց:
  • Ըստ մամուլում շրջանառված բաց աղբյուրների, միայն 2018թ․ ԶՈւ-ն ոչ մարտական պայմաններում ունեցել է 63 զոհ, 2019թ.-ին՝ 49, 2020թ.-ին՝ 100 (չհաշված պատերազմը), 2021թ.-ին՝ 65, 2022թ. 9 ամիսների տվյալներով՝ 51, 2023թ.-ին՝ արդեն 20 զոհ, որից 15-ն Ազատ գյուղի կացարանում այրված մեր տղաներն են:
  • Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարման 4 տարիներին ոչ մարտական պայմաններում ունեցել ենք 348 զոհ, Սերժ Սարգսյանի կառավարման 4 տարիների ժամանակ 256 զոհ է եղել (երբ ունեինք հսկայական առաջնագիծ)։ Խոսքը համեմատելի ժամանակահատվածի մասին է՝ 2018թ.-ից առաջ և հետո՝ 4 տարիների կտրվածքով։
  • Տղե՛րք, մի հատ կողմնորոշվեք՝ ո՞նց եք պատկերացնում ձեր քաղաքականությունը։ Չի կարելի նույն մարդուն «մեղադրել» տրամագծորեն հակառակ բաների մեջ` և հող հանձնելու, և ոչմիթիզականության:
  • Միջազգային ակտորները հասկանում են՝ ով ինչ է ասում, ով ուր է տանում։
  • Պատերազմից հետո Ալիևը բացահայտ սկսեց ծաղրել իմ պետության ղեկավարին, այսինքն՝ ինձ, մեզ՝ բոլորիս։ Հիմա այդ ծաղրանքի ենթարկվածին, նսեմացված վիճակում ասում ենք՝ գնա, մեր անվտանգության համար բանակցի։ Այդ բանակցողից ի՞նչ ակնկալել։ Նա էլ բանակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման թեմայով:
  • ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասում է ՝ մենք ինքնորոշման իրավունքի մասին չենք խոսում, որպեսզի մոբիլիզացնենք միջազգային հանրությանը։ Ինչի՞ շուրջ ես մոբիլիզացնում։ Բոլորը կոչ են անում բացել միջանքը, բացո՞ւմ է Ադրբեջանը… Ո՛չ…
  • Անվտանգության ամենակարևոր երաշխիքը ինքնորոշումն է, կարգավիճակի հարցը․ դրանից այն կողմ անվտանգության երաշխիք չկա։
  • Եթե իրենք ընդունում են, որ քաղաքական իմաստով անմեղսունակ են, ես էլ ընդունում եմ, որ, այո՛, այս կառավարությունը մեղավոր չէ։
  • Սրանք կեղծիքն ու սուտն ամեն օր հրամցնում են հասարակությանը, իսկ մենք մեր արածը մինչև վերջ չէինք կարողանում հասցնել, որովհետև պոպուլիստ չէինք։
  • Սրանք իրենց ունեցած վստահության պաշարն օգտագործեցին՝ ի վնաս հասարակության։
  • Մեզ սպասվում է աշխարհում որպես վճռական մենակի կարգավիճակ։ Այսպես շարունակվելու դեպքում հաջորդ վտանգի ժամանակ մեր կողքին ոչ ոք չի կանգնելու։
  • ՀԱՊԿ-ը մեզ համար միշտ եղել է բարդ կառույց, որովհետև 6 անդամ երկրներից 3+1-ը Ադրբեջանի հետ ավելի շատ ընդհանրություններ են ունեցել, քան մեզ հետ։ ՀԱՊԿ-ը մեզ համար ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու բազմակողմ հարթակ էր։ Եթե դու այդ հնարավորությունները չես օգտագործում, դու ինքդ աշխատում ես քո դեմ։ Հիմա ՀԱՊԿ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելով՝ ո՞ւմ ես վատ վիճակի մեջ դնում։ Իհարկե քեզ։ Դրանից ուրախացան այլ պետությունները։ Մի անգամ արդեն՝ կապված Յուրի Խաչատուրովի հետ, Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ից օգուտ ստանալուց։
  • Ինչո՞ւ այս իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական աջակցությունից, երբ դրա կարիքը կար: Սա թերթի խմբագրություն չէ, մի ամբողջ պետության հարց է։ Դու կարող ես նեղացած լինել կառույցից, բայց ինչո՞ւ չընդունել առաջարկվող աջակցությունը։
  • Նիկոլն ու սրանց իշխանությունը հույսն ո՞ւմ վրա են դրել… Չկա այդ մեկը։
  • Փաստացի Հայաստանի արևելյան սահմաններին կանգնած են նաև ռուսական ուժեր։
  • Ռուսաստանի համար որքան վատ լինի, այնքան Արևմուտքի համար՝ լավ, ու նրանց համար կարևոր չի՝ այդ ընթացքում Հայաստանը կտուժի՞, թե՞ ոչ։
  • Սրանք նման են մի երեխայի, որի ձեռքին ինչ խաղալիք տալիս ես, քանդում, փչացնում է, որովհետև չգիտի՝ ինչպես վարվի հետը։
  • Ընդդիմությունը չի հրաժարվում Արցախյան պայքարից, կարևորագույն խնդիր է համարում Հայաստանի անվտանգային համակարգի առողջացումը։ Ընդդիմությունը խաղաղության համար այսպես չէր բանակցի, դրան էլ ձև կա:
  • Ընդդիմությունը միշտ ասում է՝ օրակարգը սկսվում է իշխանափոխությունից։ Ընդդիմությունն ունի և՛ բավարար ինստիտուցիոնալ կապեր, և՛ կադրեր՝ արագ ռեստարտ անելու համար այս իրավիճակը։ Քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա, եթե դու հստակ գիտես, թե ինչ ես ուզում, գիտես՝ ինչպես հասնել դրանց, և երևույթների մեջ կապը հասկանում ես։
  • Այո՛, ավերել են, այո՛, կոռուպցիոն ռիսկերի մեջ են, բոլոր քաղաքական ռեսուրսները թուլացրել և փոշիացրել են, բայց լավ կառավարման խնդիրը նվազ ռեսուրսներով արդյունք ստանալն է։ Եվ դա հնարավոր է անել:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սաթիկ Սեյրանյան

    168.am

     

← Վերադառնալ ցուցակին