Հարցազրույցներ

«Վարդանյանին պաշտոնից հեռացնելը թող Հարությունյանը հիմնավորի, որ հասկանանք՝ Փաշինյանի՞, թե՞ Ալիևի հրահանգն է կատարում». Էդուարդ Շարմազանով

22.02.2023

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է արդեն 73 օր։ Ինչո՞ւ Հայաստանի ու Արցախի իշխանություններին չի հաջողվում ճեղքել այդ շրջափակումը, ի՞նչ է պետք անել, որ չի արվում։

– Շնորհակալ եմ հարցի համար։ Ես և՛ շրջափակումից առաջ, և՛ տարիներ առաջ, և՛ այս պահին մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի ներկա իշխանությունը սպասարկում է ոչ թե հայության ազգային շահերը, հանդիսանում է ոչ թե Արցախի անվտանգության երաշխավոր, այլ բերվել է իշխանության՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու կամ Արցախից ձեռքերը լվանալու համար, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ փայլուն կատարում է՝ մերթընդմերթ հնչեցվող տարբեր ճվճվոցների ուղեկցությամբ․ երբ պետք է՝ սուպերհայրենասիրական կոչերի, երբ պետք է՝ Արցախն ու Հայաստանը հակադրելու, երբ պետք է՝ սրտաճմլիկ, լացակումած հայտարարությունների, երբ պետք է՝ 120 հազար հայությանը 3 միլիոնին հակադրելու հայտարարության միջոցով։

Այս քաղաքական ռեժիմի համար ազգային, հայկական, ինքնորոշված Արցախը առաջնահերթություն չէ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է փորձում հիմնավորել, թե Արցախն ինչու պետք է Ադրբեջանի կազմ անցնի, դրա համար էլ նա ի հայտ բերեց անհեթեթ Ալմա Աթայի ինչ-որ հռչակագիր, դրա համար ինքը պրահյան գործընթացում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, փաստացի հրաժարվեց Արցախից, որովհետև այդ հայտարարության մեջ որևէ խոսք չկար Արցախի մասին, ու դրա համար նա Մյունխենում երկու օր առաջ չարձագանքեց Ալիևի որևէ մեղադրանքի ու առհասարակ չխոսեց ինքնորոշման իրավունքի մասին, չխոսեց այն մասին, որ Արցախը որև հիմք չունի մտնելու Ադրբեջանի կազմի մեջ։

2020-ին, երբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև պանելային քննարկումը, ես եղել եմ դրա ամենախիստ քննադատը, կարծելով, որ անհնար է ավելի վատ ներկայացնել Հայաստանի ու Արցախի շահը, քան այդ օրը ներկայացրեց Փաշինյանը: Բայց այդ ժամանակ գոնե ինչ-որ բան ասում էր, իսկ այս անգամվա քննարկմանը ոչինչ չասաց, ինչը փաստում է, որ այս մարդիկ ձեռքերը լվացել են Արցախից։ Իրենք միայն մեղավորներ են նշանակում․ մի ժամանակ մեղավոր էին նախկինները, հետո՝ բանակը, հետո՝ ռուսները, հետո՝ կդառնան ամերիկացիները, հետո՝ բոլորը, բացի իրենցից։

Լաչինի միջանցքը թշնամուն տվել են իրենք՝ իրենց անմեղսունակ գործողություններով։ Գիտե՞ք նաև ինչու փակվեց Լաչինի միջանցքը. երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո երկու տարի շարունակ ոչ մի անգամ չհամարձակվեց Ստեփանակերտ գնալ, երբ նրա թիմակիցների մեծ մասը, բացառությամբ պատգամավորական մի քանի այցի, էլի չգնաց Արցախ, երբ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մերժվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ու Լաչինը, Սուսն ու Աղավնոն հանձնվեցին Ադրբեջանին։

Այսինքն՝ նրանց համար Արցախն առաջնահերթություն չէ, նրանք ուզում են շուտ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրել, պրծնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքը Արցախն է, ճի՞շտ է, այսինքն՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, բա էլ ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել կամ համաձայնել դրան՝ առանց Արցախի խնդիրները ներառելու, ես դա չեմ հասկանում։

Ու ամենակարևորներից մեկը․ Ալիևը Մյունխենում խոսեց անցակետերի մասին, սրանք էլի ձայն չեն հանում։ Հիմա տեսեք՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես նոր ավետարան է ներկայացնում, մյուս կողմից՝ ինքն է խախտում դա կամ լռում է, երբ Ալիևը խախտում է։

– Այսինքն՝ նոյեմբերի 9-ի կետերի առաջին խախտողը Նիկոլ Փաշինյա՞նն է։

– Առաջինը չէ, ասում եմ՝ լռել է, երբ Ադրբեջանը խախտել է: Որ չասեն, թե Շարմազանովն առանց փաստերի է խոսում, ես հստակ կասեմ, որ այդ փաստաթղթում խոսք չկա անցակետերի մասին, այնտեղ գրված է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում ընդամենը պետք է կողմերը քննարկեն ու մշակեն նախագիծ՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար:

Երկու տարին դեռ չէր անցել, թուրքերը նոր ճանապարհը սարքեցին, Աղավնոն, Սուսը մեր ձեռքից վերցրեցին, էդ «երկրապահները», «ազգային գործիչները», ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ ծպտուն չհանեցին։ Մյունխենում Ալիևը հայտարարեց անցակետեր դնելու մասին, երկու օր է անցել դրանից, սրանցից որևէ մեկն արձագանքե՞լ է։

– Դե, Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ իրենց ղեկավարն «արհամարհել է Ալիևին, դրա համար չի պատասխանել»։

– Իա, իրո՞ք։ Բա հանրապետականների ասածներն ինչո՞ւ չեն արհամարհում կամ ընդդիմության, բա եթե այդքան ուժեղ տղերք են, թող մնացածին էլ արհամարհեն, բա եթե արհամարհող են, ինչո՞ւ են ամեն մի հայտարարության հետևից յոթ քրգործ բացում։

Ազգիդ վիրավորում են, ասում են՝ կապիտուլյանտ, թքում են քո վրա, դու ասում ես՝ անձրև՞ է գալիս։ Արհամարհում էր, թող Մյունխեն չգնար, բա որ ինքն Ալիևին արհամարհում էր, ուր էր գնացել կողքը վեր ընկել, բա թող չգնար։ Էդ ի՞նչ բան է, դու էլ ես երկրի ղեկավար, նա էլ, արհամարհել է։ Այսպիսի անմեղսունակ բաներ են խոսում։

– Պարո՛ն Շարմազանով, իշխանության ներկայացուցիչներն առաջին անգամը չէ, որ հետևյալ միտքն են հնչեցնում. «Եթե ընդդիմությունն ուզում է Արցախը փրկել, թող գնա Արցախ, Երևանի կենտրոնում Արցախ չեն փրկում», այս միտքը վերահաստատեց նաև Սասուն Միքայելյանը՝ օրերս Հանրայինին տված իր հարցազրույցում։

– Նախ՝ եկեք ձեր նշած անձին չանդրադառնամ, շատ մեծ պատիվ կլինի նրա համար, ինչ պետք է՝ ես ասել եմ ու այդ թեման փակել։ Երկրորդ` իրենք Արցախը տվել են, ո՞ւր գնամ, լավ էլ ուզում եմ գնալ, դուք էլ երևի ուզում եք Շուշի գնալ, կարո՞ղ եք գնալ։ Բա թող մեծ-մեծ չխոսեն։ Նախկին իշխանությունը լավն էր, վատն էր, բայց երբ ինքը գնաց, իրենք իրենց ընտանիքներով ու նույնիսկ հյուրերով կարող էին Արցախ գնալ, իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իրեն համարելով պարի պետականի կարկառուն ներկայացուցիչ, քոչարի էր պարում Շուշիում, դե թող հիմա էլ գնա պարի։

Իրենց հիմար քաղաքականության հետևանքով Արցախի կյանքի ճանապարհը փակել են, մի հատ էլ ասում են՝ ինչո՞ւ չեն գնում, Նիկոլին թող հարցնեն՝ ինչո՞ւ երեք տարի չի գնացել։ Երբ մենք էինք իշխանության, գնում էլ էինք, գալիս էլ էինք, ձեզ էլ հետներս տանում էինք։

– Ձեր դիտարկումն եմ խնդրում նաև Արցախի գործող իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ, եթե նկատի ունենանք վերջին ներքաղաքական զարգացումները, պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ խոսակցությունները։

– Ես միշտ փորձել եմ խոսել երևույթներից, ոչ անձերից։ Ձեր մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ Իլհամ Ալիևը ինչո՞ւ է այդքան հղի Ռուբեն Վարդանյանի գործունեությունից, ինչո՞ւ Նիկոլին ու լիքը մարդկանց բան չի ասում, պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը գնա։ Արցախում ինքնորոշման իրավունքի զարթոնքը սկսվեց Ռուբեն Վարդանյանով․ երկու անգամ հուժկու հանրահավաք եղավ, Արցախը ավելի հստակ սկսեց խոսել ինքնորոշման իրավունքից, ու այսօր էլ Վարդանյանը դրա մասին խոսում է։

Բոլոր նրանք, լինեն քաղաքական ուժեր թե անհատ գործիչներ, որոնց համար Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը կարմիր գիծ է, որոնց համար «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքը կարմիր գիծ է, իմ բնական դաշնակիցներն են։ Միշտ եմ ասել, որ Արցախում իշխանության ճգնաժամը կամ իշխանության տարբեր թևերի միջև ոչ համաձայնեցված գործողությունները չեն կարող լինել ի շահ Արցախի։

Մամուլում կարդացի, որ արդեն մեկ ուրիշի է առաջարկվել պետնախարարի պաշտոնը զբաղեցնել: Մի բան չեմ հասկանում ու հարցս ուղղում եմ Արայիկ Հարությունյանին․ բա որ Ռուբեն Վարդանյանին առաջարկում էիր պաշտոնը, հետո նշանակեցիր՝ շատ լավ իմանալով Ռուբեն Վարդանյանի թեզերը Արցախի վերաբերյալ, վերջինիս կարծիքը Արցախի վերաբերյալ չի փոխվել, դու հիմա ինչո՞ւ ես ուզում Վարդանյանին պաշտոնից հեռացնել։ Թող հիմնավորի, էլի, որ հասկանանք՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Իլհամ Ալիևի հրահանգն է կատարում։

Ես միայն մի բան գիտեմ, որ Մյունխենում Ալիևը հասկացրեց, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա այդ պաշտոնից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան պլյուս Իլհամ Ալիև ընդդեմ Արցախի ինքնորոշման իրավունքի, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի, եթե սրան միանում է Արայիկ Հարությունյանը, էլ ինչ ասեմ։ Հայ ժողովուրդը երբեք իր շահերին դավաճանողների պակաս չի ունեցել, պատմության մեջ մի քանի հոգի ավելի կգրվեն, էլ ինչ ասեմ։

– Եթե, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ անի Ռուբեն Վարդանյանին, դա ի՞նչ կնշանակի։

– Որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Արայիկ Հարությունյանը կատարում են մյունխենյան հրահանգը, որովհետև Ալիևն աշխարհով մեկ հայտարարեց, որ այդ մարդը պետք է հեռանա, Նիկոլն էլ ձայն չհանեց։ Պատերազմից հետո էլ տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը հալալ ախպերների պես են, Դոստոևսկուն հիշեցի, որ ասում էր՝ «ոչինչ այնքան չի մոտեցնում մարդկանց, որքան միասին գործած հանցանքները», երևի հիմա իրենք նույն սկզբունքով են գնում, ի՞նչ իմանամ։

– Պարո՛ն Շարմազանով, եթե նրանք այդ սկզբունքով են առաջնորդվում, այդ դեպքում ի՞նչ է սպասում Արցախին, Հայաստանը մի կողմ թողնենք։

– Հայաստանը մի կողմ մի թողեք, որովհետև այնպես չէ, թե մի լավ օրի է․ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր օկուպացրել է, ու Հայաստանը ներկայացնող վարչապետն այնտեղ որևէ բառ չի ասում Ադրբեջանի օկուպանտ լինելու մասին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը մնացին, ոչ մի լավ բան սպասել պետք չէ, գահավիժելու ենք։

Սա տեսակի պայքար է՝ Հայաստանի ու էրմենիստանի միջև, Նիկոլը հաստատ Էրմենիստանում է, մնում է՝ մյուսները որոշեն, ամեն մեկն իր տեղում, թե ինքը որտեղ է։

Մյունխենում էլ ինքն ապացուցեց, որ Էրմենիստանում է, որովհետև Ալիևի մեղադրանքներին որևէ ձևով չպատասխանեց։ Սցենարը, որը նախապատրաստվում է, շատ վտանգավոր է, որովհետև ադրբեջանա-թուրքական դիվանագիտությունը շատ խորամանկ է․ եթե Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատում են, թուրքերն ու ադրբեջանցիները պոպուլիստական նոր քայլի են գնալու՝ մի ժամ հետո բացելով Լաչինի միջանցքը, միառժամանակ որևէ լարվածություն չի լինի։

Նիկոլական քարոզչամեքենան սկսում է աշխատել, թե տեսաք՝ միջանցքը բացվեց, տեսաք՝ ո՛վ էր մեղավորը և այլն։ Այսինքն՝ աշխատելու է նյութապաշտական բութ քարոզչություն, որ բոլորս բթանանք, որ վերջում բոլորիս կոտորեն, ու որպես ազգ պրծնելու ենք։ Դժվար է լինելու շատ, բայց որպեսզի խուսափենք պրծնելուց, պետք է պայքարենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին