2022թ. սեպտեմբերի երկօրյա մարտական գործողությունների ժամանակ 3 անգամ ավելի շատ զոհ և 30 անգամ ավելի շատ տարածքային կորուստ ենք ունեցել, քան 2016թ. քառօրյա պատերազմում. Տիգրան Աբրահամյան
15.02.2023
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն է:
Տիգրան Աբրահամյանը զուգահեռներ է անցկացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի պատերազմական գործողությունների և 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի միջև՝ զոհերի քանակի և մարտական գործողությունների բնույթի և մասշտաբի առումով:
«Ապրիլյան մարտական գործողությունների կամ պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցել է 75 զոհ, որի մեջ մտել են պարտադիր ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, նաև՝ կամավորականներ, որոնք բավականին արագ ներգրավվել էին բուն մարտական գործողություններին: Պաշտոնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 223 մարդ: Այսինքն, մոտ 3 անգամ ավելի շատ զոհ ենք ունեցել, քան 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին: Շատ հատկանշական մեկ բան էլ կա. կրակի ինտենսիվությունը, խտությունը և գրոհային խմբերի մեծությունը, դրանում ներգրավված զինատեսակների առկայության համեմատությունը ցույց է տալիս, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ անգամներով շատ կրակ է բացվել, սպառազինություն կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, գրոհային խմբերը եղել են անգամներով ավելի շատ ապրիլյան մարտական գործողությունններին, քան մենք ունեցել ենք սեպտեմբերին: Բայց և՛ կորուստները, և՛ հետևանքներն անհամեմատելի են: Ավելին, ապրիլյան գործողությունների ժամանակ տարբեր տվյալներով՝ հետախուզական, Ադրբեջանի կողմից հրապարակված, հետագայում պարզ դարձած տեղեկություններով, 4 օրվա ընթացքում Ադրբեջանը միջինացված ունեցել է 1000-ի կարգի զոհ, մոտավոր թիվ եմ հնչեցնում, Ադրբեջանում տարբեր թվեր են բարձրաձայնվել: Այս մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների զոհերի թիվը 100-ի չի հասել: Կրկնում եմ՝ 2022-ի սեպտեմբերին հիմնական կրակը չի ունեցել այն ինտենսիվությունը, գրոհային խմբերը չեն եղել այն ծավալի և քանակի, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Հիմա երբ գնահատում ես մասշտաբը, դրանք պատերազմական գործողություններ են: Իսկ այն, ինչ ունեցել ենք 2016-ի ապրիլին, շատ անգամ ասում ենք՝ քառօրյա, բայց դա քառօրյա չէր, որովհետև հետագայում ևս եղել են լուրջ բախումներ, գրանցվել են զոհեր: Այսինքն, իրականության մեջ ունեն տարբերակումներ այս կամ այն դեպքում 2016-ի և 2022-ի գործողությունները, բայց, ըստ էության, երկուսն էլ պատերազմական գործողություններ են եղել: Եղել են հստակ ագրեսիա, մարտական գործողություններ, որոնց նպատակը նույնն է եղել: Գուցե տակտիկան ուրիշ է եղել, կամ մի դեպքում ճակատը եղել է Արցախը, մյուս դեպքում՝ ՀՀ-ն ինքնիշխան տարածքները, բայց 2 դեպքում էլ, կարող ենք ասել, որ պատերազմ է եղել»,- մանրամասնել է Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ 2022 թվականի սեպտեմբերին մենք նաև տարածքային ավելի շատ կորուստներ ենք ունեցել:
«Մենք ունեցել ենք 470 հեկտարի կորուստ ապրիլյանի դեպքում, այսինքն, մարտավարական բնույթի 2 բարձունքի կորուստ ենք ունեցել, մնացածը մարտավարական առումով լուրջ նշանակություն չեն ունեցել, իսկ 2022-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ մենք բավականին մեծ հատվածում՝ Կուտականից մինչև Ներքին Հանդ, որը 3 մարզի հատված է, ունեցել ենք և՛ ռազմավարական, և՛ մարտավարական մոտ 2 տասնյակից ավելի բարձունքների կորուստներ: Սա, ի տարբերություն 2016-ի գործողությունների, հնարավորություն է տվել Ադրբեջանին լուրջ թիրախավորման կամ էֆեկտիվ վերահսկման տակ առնել ՀՀ կրիտիկական մեծ թվով օբյեկտներ, ենթակառուցվածքներ, ինչն էլ իր հերթին՝ հնարավորություն է տվել Ադրբեջանին ՀՀ 3 մարզերի հատվածում գրեթե 90 տոկոս և ավելին տեղակայվել բարձունքներում և բավականին ծանր իրավիճակ ստեղծել ոչ միայն տարածքային կորուստների առումով, այլ նաև դիրքային»,- շարունակել է պատգամավորը՝ հավելելով, որ սրա արդյունքում նույնիսկ նոր ստեղծվող մարտական ենթակառուցվածքները հիմնականում գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և այն կոմունիկացիաները, որոնք կապում են կամ որոնցով կապվում են մեր մարտական ենթակառուցվածքները:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
Իշխանությունները փորձում են քողարկել հրդեհի և 15 զոհի իրական պատճառները: Տեղի ունեցածը զինված ուժերի նկատմամբ հանցավոր անտարբերության և զինված ուժերի դեմ հանցավոր արշավի հետևանք էր: Այս ողբերգությամբ պայմանավորված՝ իշխանությունները գլխատեցին 2-րդ բանակային կորպուսը՝ պաշտոնից ազատելով հրամանատարական կազմին՝ հրամանատարին և 4 տեղակալներին:
44-օրյա պատերազմից 2-4 ամիս առաջ էլ փոխվեցին 4 զորամասերի հրամանատարները… Հադրութի հրամանատարը փոխվել էր պատերազմից 4 ամիս առաջ: Այսպիսի աղետ ունեցած իշխանությունները նույն քայլին են դիմել առանց ծառայողական քննություն անցկացնելու՝ 2-րդ կորպուսի գլխատման դեպքում, ինչն անթույլատրելի է:
Անվտանգության պայմանների բացակայությամբ նման զորամասերը քիչ չեն: Իսկ նման զորամասերի տեղակայումը գյուղական բնակավայրերում պայմանավորված է նրանով, որ, օրինակ, Քարվաճառը հանձնելուց հետո իշխանությունները ժամանակին զորամասերը չէին վերատեղակայել, պարզապես դրանք տեղակայել էին այնտեղ, որտեղ հնարավոր էր արագ կազմակերպել: Իհարկե, զինված ուժերը կարող են գտնվել ժամանակավոր կացարաններում, բայց դրանցում էլ պետք է պատշաճ պահպանվեն անվտանգության կանոնները, դրա համար կան հատուկ կանոնակարգեր:
Նույն բլեֆն այս իշխանությունները կատարեցին հետպատերազմյան շրջանում, զորանոցները տնակներում տեղակայելով՝ ցույց տվեցին, թե իբր բարելավում են կենցաղը, բայց չէին լուծում պաշտպանական խնդիրները:
Մոդուլային զորանոցներն այս իշխանությունների հերթական փուչիկն է:
2016-ի ապրիլին քառօրյա պատերազմի և 2022թ. սեպտեմբերին երկօրյա մարտական գործողությունների համեմատություններն ու զուգահեռները:Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ, սեպտեմբերյան մարտական գործողությունների, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 223, այսինքն՝ երեք անգամ ավելի, քան 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:Ընդ որում, 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ թշնամու գրոհային խմբերն ավելի շատ էին, քան 2022թ. սեպտեմբերին: Մարդկային և տարածքային կորուստներն ու հետևանքները ևս անհամեմատելի են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք 470 հա տարածքի և մարտավարական բնույթի 2 բարձունքի կորուստ, 2022թ. սեպտեմբերին՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական 2 տասնյակից ավելի դիրքային և տարածքային մեծ կորուստ: 2022թ. սեպտեմբերի մարտական գործողություններից հետո, ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև կոմունիկացիաները, որտեղ գտնվում են մարտական ենթակառուցվածքները, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել:
Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի հատվածում Ադրբեջանն ունեցել է մեծ առաջխաղացում և մոտեցել է Սևանա լճին:
Այս իշխանությունները մեկ խնդիր են լուծում՝ ապահովել իրենց երկարակեցությունը: Սա իշխանություն է, որի պաշտոնավարման ընթացքում կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, Հայաստանի Հանրապետության հսկայական տարածքի հսկայական հատվածը: Հայաստանի ինքնիշխան Հանրապետության շուրջ օղակը սեղմվում է, և հնարավոր չէ վերադարձնել կորցրածը:
Ի՞նչ խնդիր են լուծում ՀՀ իշխանություններն Արցախում, ի՞նչ խնդիր է լուծում Սամվել Բաբայանն Արցախում: Տարօրինակ է, որ Բաբայանն Արցախում ստեղծված իրավիճակում կարևոր հարց է համարում սահմանադրական ճգնաժամը:
Արցախում Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին նախագահ Արայիկ Հարությունյանը միայնակ նման որոշում կայացնելու լեգիտիմություն չունի, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուս:
Փաշինյանի նպատակն է՝ Արցախում ունենալ այնպիսի կամակատար իշխանություն, որը կգտնվի իր վերահսկողության ներքո:
Արցախի իշխանությունները երկրորդ պլան են մղել կարևորագույն խնդիրները և լուծում են իշխանության վերաբաշխման խնդիրներ, այն դեպքում, երբ արցախցին այսօր պայքարում է իր ինքնորոշման իրավունքը պահպանելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և ոչ թե՝ Արայիկ Հարությունյանի դիրքերը պահպանելու համար:
Զարմանալի է, որ անցյալ տարի սեպտեմբերին, երբ լուր տարածվեց Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու մասին, Արայիկ Հարությունյանը դրանից հետո 2 ամիս շարունակ տարբեր հայտարարություններով փորձում էր արդարացնել իր որոշումը: Իր իսկ որոշմամբ նշանակելուց հետո, սկսեց պայքարել Ռուբեն Վարդանյանի դեմ:
Մենք այս պատերազմում ձախողել ենք, պարտվել ենք, որովհետև երկրի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այնպիսի իշխանություն, որը երկիրը պաշտպանելու կարողություն չունի:
Մեր բոլոր հրամանատարները պետք է խոսեն այսօր, այդ թվում` Օնիկ Գասպարյանը, արձագանքեն, որովհետև իրենց ստեղծած բանակի վրա քար են նետում, չպետք է թույլ տան, որ իրենց ստեղծածն անարգեն Սասուն Միքայելյանների պես մարդիկ:
Այս իշխանությունները փաստացի չեն կատարում բանակում ռեֆորմներ կատարելու խոստումները, նրանց միայն հետաքրքրում է ընթացիկ խնդիրների լուծումը:
Այս իշխանությունների դրոշակն «աննախադեպությունն» է՝ տակը բովանդակություն և նպատակ չկա, փուչիկ ու բլեֆ է:
Կանանց ներգրավվածությունը զինված ուժերում նորություն չէ:
Պետք չէ աջ ձեռքով ձախ ականջը բռնել: Իշխանություններն այսօր մտադիր են 6 ամիս մարտական պատրաստվածություն անցած կանանց և աղջիկներին ավելի շատ գումար տալ 6-ամսյա կուրսն ավարտելուց հետո, քան ստանում են բանակում 25 և ավելի տարիներ ծառայող, մարտական խնդիրներ լուծող պրոֆեսիոնալ սպաները: Պետք չէ գումար վատնել չերևացող նպատակների համար: