Հարցազրույցներ
«Հայ-թուրքական հարաբերությունների նմանօրինակ ջերմությունը չի կարող որևէ լավ բան հուշել, ցավոք». Հայկ Մամիջանյան
15.02.2023
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը
– Պարո՛ն Մամիջանյան, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայ-թուրքական հարաբերություններում ակտիվություն է նկատվում, այսօր էլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։
– Նախ ֆիքսենք հետևյալ փաստը, որ Թուրքիան մինչև հիմա, թեպետ պրոտոկոլային մակարդակում խոսում է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, բայց Թուրքիայի ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ որպես նախապայման հնչեցրել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Նրանց այդ հայտարարությունները տևական ժամանակ մնացել են անպատասխան, ու ինձ համար անընկալելի է, թե ի՛նչ փոփոխություններ են գրանցվել Թուրքիայի մոտեցումներում, որ պաշտոնական Երևանը նմանօրինակ հապճեպություն է դրսևորում։ Ակնհայտ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոխհամաձայնեցված է Ադրբեջանի հետ, Հայաստանի հարցում բնականաբար, ուստի նմանօրինակ ջերմությունը չի կարող որևէ լավ բան հուշել, ցավոք։
– Այդ դեպքում, ըստ ձեզ, ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ինչո՞ւ են փորձում նման ջերմ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։
– Իսկ, ըստ ձեզ, ՀՀ իշխանություններն ինչո՞ւ հայտարարեցին, որ պատրաստ են ստորագրելու կարգավորման երկու, չասեմ՝ իրարամերժ, բայց, համենայնդեպս, սկզբունքային հակասություն ունեցող, չասեմ՝ փաստաթղթեր, գուցե ճիշտ է ասել՝ տեսլականներ։
Ըստ ձեզ, ինչո՞ւ էին ադրբեջանական առաջարկը ներկայացնում որպես պետական առաջարկ, ինչո՞ւ չեն հայտարարում, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, որ կարևորում են ինքնորոշման իրավունքը։ «Ինչու»-ների շարքը կարող եմ երկար շարունակել, նույն պատճառով։ Իմ նշածներն ինչի համար որ արվում են, նույն պատճառով էլ ջերմությունն են ցուցաբերում։
– Պարո՛ն Մամիջանյան, Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ քայլերը կարող են տարածաշրջանում կայուն խաղաղություն բերել»։ Այդ կայուն խաղաղության նախադրյալները տեսանելի՞ են ձեզ համար։
– Աշխարհում հիմա դժվար է գտնել որևէ տարածաշրջան, որը կարելի է խաղաղ համարել։ Աշխարհակարգն այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել, այս պահին փլուզվում է, ու միայն Նիկոլ Փաշինյանն է ունակ այս ընդհանուր տագնապային ու ճգնաժամային հատվածում խաղաղության կառուցման քարոզ կարդալ, բայց հենց ինքը խորհրդարանում ընդունեց, որ այն վաղուց արդեն ձախողվել է։
Պետք է նշեմ նաև, որ երկար տարիներ Թուրքիայի երկնագույն երազանքն էր դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ կողմ, ու ակնհայտ է, որ նման բան թույլ տալ չի կարելի, ու պաշտոնական Երևանը պետք է ամեն ինչ անի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա միայն դրա համար միջազգային մանդատ ունեցող կառույցի՝ Մինսկի խմբի ձևաչափ։
– Ստեղծված իրավիճակում, երբ Արցախի Հանրապետությունը երկու ամսից ավելի շրջափակման մեջ է, նորմա՞լ է, երբ ՀՀ բարձրագույն պաշտոնյան հանդիպում է իր թուրք գործընկերոջ հետ ու այդ մասին որևէ բառ չի ասում։
– Անդադար ստացվում է, որ ես ձեր հարցերին հարցով եմ պատասխանում, բայց այս պարագայում կուզեի հիշեցնել հետևյալը․ ընդամենը երկու ամիս առաջ Մոսկվայում Բայրամով-Լավրով-Միրզոյան հանդիպումը չկայացավ, որովհետև հայկական կողմը դրան չմասնակցեց։ Այս համատեքստում ես կուզեի, որ մեր հայրենակիցները որոշեն՝ արդյոք ճի՞շտ է այն, ինչ անում են գործող իշխանությունները։
– Ի վերջո, պարո՛ն Մամիջանյան, հայ-թուրքական սահմանի բացումն իրատեսական համարո՞ւմ եք։
– Կներեք, ես չեմ կարող այդպիսի հարցերի պատասխանել, դա կախված է բազմաթիվ գործոններից, որոնց մի մասը չի գտնվում Հայաստանում, նույնիսկ չի գտնվում Հարավային Կովկասում։
– Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ հայ-թուրքական «ջերմությունը որևէ լավ բան չի կարող հուշել»։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե ի՞նչ վատ հեռանկարներ եք տեսնում։
– Խնդիրը հեռանկարի մեջ չէ, խնդիրը բանակցային գործընթացի ընթացքի մեջ է։ Կարծում եմ, որ վերջին տարիները պետք է որ մեր հայրենակիցների համար ակնհայտ դարձրած լինեն այն փաստը, որ այն ժամանակ, երբ Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի հետ տեսանելի մտերմություն է դրսևորում, որպես կանոն, այս իշխանությունների պարագայում դա կապված է այս կամ այն հակահայկական լուծման հետ։
– Կարծում եք, որ նման իրավիճակ է և հիմա՞։
– Ես ընդամենը վիճակագրություն եմ արձանագրում, որոշումներն ու եզրակացությունները պետք է մեր հայրենակիցները կայացնեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am